Ֆրունզիկը պատվանդանի վրա կանգնած կուռք չէր

19/07/2005

Ինքն իրեն Ֆրունզիկը կատակերգակ դերասան չէր համարում եւ երազում էր
մեծ դրամատիկ դերերի մասին, հավատալով, որ իր ամենալավ դերը դեռ առջեւում
է: Իր մի քանի տասնյակ կինոդերերը հիմնականում էպիզոդիկ էին, սակայն՝
անմոռանալի ու հյութեղ: Ստեղծած բոլոր հերոսները հասարակ, բնական, անկեղծ
ու լավատես էին:

Նրանք նույնիսկ մեծահասակ տարիքում չէին մոռանում իրենց միջի երեխային: Եվ
ինչպես յուրաքանչյուր մարդ էակ, մի քիչ թախծոտ էին: Ֆրունզիկի հայացքը
մոռանալ չի կարելի, նրա աչքերում հրաշքի մանկական սպասում կար: «Գուցե
ա՞յս անգամ կստացվի»,- լուռ աղերսում էին նրա աչքերը: Կստացվի՞ սպասված
հանգիստն ու երջանկությունը գտնել ընտանեկան կյանքում, կստացվի՞ այն միակ
ու անկրկնելի դերին արժանանալ: Հսկայական տաղանդի հետ մեկտեղ՝ ճակատագիրը
նրան ընտանեկան սարսափելի ողբերգության տեր էր դարձրել: Անուղղելի է
ճակատագիրը, որի հետ պայքարն անարդյունք է: Ճակատագրի հետ կարելի է միայն
համակերպվել: Եվ Ֆրունզիկը համակերպվում էր, չէր չարանում, բարձրաձայն իր
դժբախտության մասին չէր պատմում: Միայն մտերիմներն ու հարազատները գիտեին՝
ինչպիսի ջանքեր էր պահանջում նրա ժպիտը: Ժողովրդի համար նա ուրիշ էր:
Պայծառ ու սրամիտ: Եվ հասանելի: Նրան կարելի էր հանդիպել փողոցում, խմելու
հրավիրել, պարզապես զրուցել հետը: Նա պատվանդանի վրա կանգնած կուռք չէր:

«Ոտքից գլուխ դերասան»

Այդպես է անվանել Ֆրունզիկին Խորեն Աբրահամյանը:

Ռուսական հայտնի ռեժիսորները՝ նկարահանելով Ֆրունզիկին, հիմնականում
օգտագործում էին նրա արտաքին, խոսուն ու արտահայտիչ տվյալները:
Յուրաքանչյուր, նույնիսկ՝ ամենափոքրիկ դերը Ֆրունզիկն արարում էր մեծ
պատասխանատվությամբ ու լրջությամբ, հույս ունենալով, որ նոր հեռանկարներ
են բացվելու: Կատակերգական դերասանը հետին պլանում միշտ ողբերգական է:
Դրանում է խորությունն ու տաղանդը: Ինքն իրեն Ֆրունզիկը «թախծոտ ծաղրածու»
է կոչել: Իր դերերի առաջին քննադատն էր:

Բեմում եւ նկարահանման հրապարակում նա իմպրովիզատոր էր: Կինոդերերից
հայտնի թեւավոր խոսքերից շատերն ինքն էր հնարում: Ռեժիսոր Լեոնիդ Գայդայը
նրան հումորի գեներատոր էր համարում, իսկ Գեորգի Դանելիան աշխատում էր իր
ֆիլմերից յուրաքանչյուրում նրան դեր տալ: «Ֆրունզիկն իմ թալիսմանն էր»,-
ասել է նա:

«Մանուկ հասակում Ֆրունզիկը շատ անօգնական էր, բոլորը նրա վրա ծիծաղում
էին: Նա շատ նիհար էր, մեծ քթով, սակայն հսկայական տաղանդի տեր էր:
Լենինականում, կոմունալ բնակարանում, տասը տարեկան Ֆրունզիկը բեմ էր
սարքել ու մոնոներկայացումներ էր բեմադրում: Նա անում ու ասում էր այն,
ինչ այդ պահին իր գլխում էր ծնվում, եւ բոլորը ծիծաղում ու տխրում էին: Դա
իսկական արվեստ էր: Նա այդպես էլ ապրեց իր ողջ կյանքը՝ միաժամանակ ուրախ
ու թախծոտ»,- ասել է Ֆրունզիկի եղբայրը՝ կինոբեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը:
«Որպեսզի հասկանան նրա տաղանդի մասշտաբը՝ միայն կինոդերերը բավարար չեն,
նա ապրում էր թատրոնով»,- ասել է ռեժիսոր Գեորգի Դանելիան: Ֆրունզիկը
բեմում փայլուն Պաղտասար աղբար էր, հետո հասավ իր երազած դերին՝ Սիրանո դը
Բերժերակին, եւ արդեն իր թատրոնում խաղաց հացթուխի դերը: «Ես շատ զարմացա,
երբ իմացա, որ Ֆրունզիկն ուզում է իր թատրոնը ստեղծել: Նա երբեք իր համար
ոչինչ անել չէր ուզում: Նրա մահից հետո թատրոնը քայքայվեց: Եվ ես ուրախ
եմ, որ իր եղբայրը փորձում է վերակենդանացնել թատրոնը»,- ասել է Խորեն
Աբրահամյանը:

Ֆրունզիկ Մկրտչյանը մահացավ 1994 թվականին, Նոր տարվա նախաշեմին: Ցուրտ ու
մութ օր էր: Նա 63 տարեկան էր: Նրա հետ մեր կյանքից մի քանի կաթիլ
ջերմություն անհետացավ: Մնաց նրա կերպարը: Եվ դերերը: Նրա ժառանգած հրաշքի
սպասումը: