Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Նուգզար Աշուբան վրաց-աբխազական հակամարտության գոտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ջոզեֆ Ստեֆանիդիսի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպությունները պետք է ելնեն այն սկզբունքից, որ Աբխազիան Վրաստանին միացնելու բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն:
«Այժմ Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ վստահության մակարդակը զրոյական է: Խաղաղ ու բարիդրացիական գոյակցության ուղիներ գտնելու հարցում անհրաժեշտ է միջնորդ, որին վստահում են եւ՛ Աբխազիան, եւ՛ Վրաստանը: Այդ առումով եվրոպական կառույցների ներկայիս գործելակերպը, նրանց ղեկավարության հայտարարությունները մեզ բնավ վստահություն չեն ներշնչում»,- ասել է Աշուբան:
Ըստ նրա` ՄԱԿ-ը «կարող է կամուրջ լինել, որով մենք կկարողանանք շփվել հակառակ կողմի հետ, որը նախապատվությունը տալիս է Եվրամիությանը»: