Արդարադատության պատռված բաճկոնը

24/03/2009

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին 3 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռ է կայացրել: Երեկ հրապարակված դատավճռի համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանն «իրեն բերման ենթարկելիս չի ենթարկվել Ոստիկանության աշխատակիցների պահանջներին, ձեռքով հարվածել եւ ցավ է պատճառել Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արման Հարությունյանին (երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսնուն.- խմբ.), պատռել է նույն վարչության աշխատակից Տիգրան Աղվանյանի բաճկոնի գրպանը»: Հիշեցնենք, որ մի քանի ամիս տեւած դատական նիստերի ընթացքում, չնայած մեղադրող կողմի, դատավորի ու ողջ պետական համակարգի գործադրած ջանքերին՝ վերը նշված «մեղադրանքը» որեւէ կերպ չապացուցվեց: Այն դեպքում, երբ Գագիկ Ջհանգիրյանը դատական նիստերի ընթացքում, այդ թվում` նախորդ նիստի ժամանակ իր ծավալուն ելույթում ապացուցեց ոչ միայն իր, այլեւ «Մարտի 1-ի գործով» անցնող բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված քրեական գործերի շինծու լինելը: Նույնը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու ոչ միայն ՀՀ Վերաքննիչ, այլեւ Եվրոպական դատարանում, որոնց պատրաստվում են դիմել Ջհանգիրյանի պաշտպանները: Իսկ այդ դեպքում Հայաստանի Հանրապետության Արդարադատության Ֆեմիդան կարող է «թրաֆիքինգի» զոհ դառնալ: