Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում «7-ի գործով» դատավարությունը հետաձգվեց եւս 10 օրով: Մեղադրող Կորյուն Փիլոյանը հղում կատարելով Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում կատարված փոփոխություններին` դատարանին միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգել մինչեւ ապրիլի 1-ը:
Բոլոր 7 քաղբանտարկյալներն էլ մեղադրվում են վերը նշված հոդվածներով, ու այդ փոփոխություններից հետո նրանց մեղադրանքն էլ պետք է փոխվի: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաշվի առնելով այս պատճառաբանությունը` բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Հիշեցնենք, որ ՔՕ 225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխությունները նախաձեռնվեցին ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանից հետո: Այդ երկու հոդվածներում եղած «իրավական բացթողումների» մասին շեշտվել է ԵԽ ԽՎ բանաձեւերում եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի կողմից: Եվ հունվարյան նստաշրջանից հետո հավանաբար ԵԽ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի խորհրդով ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնեց ՔՕ մի քանի հոդվածներում լայնամասշտաբ փոփոխություններ: Օրենսգրքի փոփոխություններն ԱԺ-ն ընդունեց անցած չորեքշաբթի, իսկ ուրբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանն այն վավերացրեց: Այդ փոփոխություններն օրենքի ուժ կստանան «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո, ինչը դեռ տեղի չի ունեցել: Այսինքն՝ Կ.Փիլոյանը եւ Մ.Մարտիրոսյանը հիմք ընդունելով դեռեւս օրենքի ուժ չստացած փոփոխությունները` միասնաբար որոշեցին հետաձգել «7-ի գործով» դատավարությունը, մինչ Հատուկ քննչական ծառայությունը նոր մեղադրանք կշարադրի: «Անլուրջ վերաբերմունք է, պետք է առաջնորդվել տվյալ պահին գործող օրենքով»,- մեկնաբանելով Փիլոյանի միջնորդությունն ու դատավորի որոշումը՝ ասաց Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել մեղադրողի ու դատավորի շտապողականությունը, որը, ինչպես նրանց շատ այլ գործողություններ, տեղի ունեցավ օրենքը խախտելու միջոցով: «Որքան ինձ հայտնի է մարտի 30-ին ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստն է: Զեկուցելու խնդիր գոյություն ունի»,- ասում է Հ.Արսենյանը:
Քաղբանտարկյալները դեմ չէին, որ դատական նիստը հետաձգվի, որպեսզի մեղադրողները ծանոթանան ՔՕ փոփոխություններին ու իրենց համար նոր մեղադրանք առաջադրեն: Սակայն նրանք դեմ էին, որ այդ ընթացքում պետք է կալանքի տակ մնան:
«Կարճեք մեր գործը, փոխեք մեր խափանման միջոցները եւ անհապաղ ազատ արձակեք, քանի որ մեզ առաջադրված հոդվածներով չկա հանցակազմ: Հետո կուսումնասիրեք, կտեսնեք` նոր հանցակազմ կա՞, նոր մեղադրանք կառաջադրեք մեզ»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը, որին միացան նաեւ նիստին ներկա մյուս քաղբանտարկյալները:
Հ.Արսենյանի գնահատմամբ՝ ՔՕ 300-րդ հոդվածը` «Պետական իշխանությունը յուրացնելը», եւ 225-րդ հոդվածի 3-րդ մասը` սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունները, «գոյություն չեն ունենա»: Բացի Սասուն Միքայելյանից ու Մյասնիկ Մալխասյանից՝ «7-ի գործով» մյուս հինգ քաղբանտարկյալները մեղադրվում են միայն այս հոդվածներով: Եվ օրենսդրական այս փոփոխություններից հետո այնպես է ստացվում, որ Ա.Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի եւ Հակոբ Հակոբյանի մասով վերը նշված մեղադրանքները ուժը կորցրած կլինեն: Եվ տեսականորեն չի բացառվում, որ ՀՔԾ-ի ապրիլի 1-ի նոր մեղադրական եզրակացության արդյունքում այս հինգ քաղբանտարկյալներն ընդհանրապես չմեղադրվեն եւ ազատ արձակվեն, կամ` գոնե նրանց նկատմամբ փոխվի խափանման միջոցը: Այդպիսով ՀՀ իշխանությունները կատարած կլինեն ԵԽ ԽՎ պահանջների ինչ-որ մասը: Բայց սա ընդամենը` տեսականորեն: Քաղբանտարկյալներից Ս.Միքայելյանն ու Մ.Մալխասյանը մեղադրվում են նաեւ 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, Մ.Մալխասյանը` նաեւ 316-րդ` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հոդվածով: Այսինքն՝ նշված երկու քաղբանտարկյալների դեպքում առայժմ դժվար է կանխատեսել իշխանությունների մտադրությունը:
Ավելացնենք, որ երեկ քաղբանտարկյալների բոլոր պաշտպանները փորձում էին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն Մ.Մարտիրոսյանը նրանց այդ հնարավորությունը չտվեց: Իսկ երեկվա նիստին ներկա էին 5 քաղբանտարկյալները: Գ.Ոսկերչյանի նկատմամբ դատավորի կիրառած պատժի` նիստերին չմասնակցելու 10 օրը դեռ չի լրացել, Շ.Հարությունյանն էլ գտնվում է Սովետաշենի հոգեբուժարանում. նրա նկատմամբ իրականացվում է դատահոգեբուժական փորձաքննություն: