1929-ին ծնված Ռիմա Չիլինգարյանն արդեն 53 տարի աշխատում է Գ.
Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում որպես դիմահարդար եւ համարվում
է Մայր թատրոնի ամենահին աշխատողներից մեկը: Աշխատել է այդ թատրոնի
հանրաճանաչ ու տաղանդավոր դերասանների հետ, ինչպիսիք են Վահրամ
Փափազյանը,Հրաչյա Ներսիսյանը, Արուս Ասրյանը եւ այլք: Մհեր Մկրտչյանի,
կամ, ինչպես նրան ճանաչում էր ժողովուրդը` Ֆրունզիկի հետ ոչ միայն
կոլեգաներ, այլեւ հարեւաններ էին: Տիկին Ռիման հիշում է:
«Երբեմն Ֆրունզը իջնում էր մեր տուն ու ասում՝ Ռիմա ջան, մի հատ կոֆե դիր,
խմեմ-գնամ: Խմում էր ու գնում: Հանճարեղ դերասան էր Մհեր Մկրտչյանը,
անկրկնելի իր հումորով ու դերասանական շնորհքով, բարությամբ ու
ազնվությամբ: Երբ Ֆրունզը առաջին անգամ եկավ թատրոն, անմիջապես լուրեր
տարածվեցին, թե թատրոն է եկել տաղանդաշատ, երիտասարդ, բայց մեծ քթով մի
դերասան: Այս լուրը գրգռեց բոլորի հետաքրքրությունը, բոլորը ցանկանում էին
տեսնել նրան:
Ֆրունզն առաջին իսկ օրերից դարձավ բոլորի սիրելին: Եվ շուտով այս մեծ քթով դերասանը դարձավ թատրոնի ամենագեղեցիկ տղամարդը:
Նրա բազմաշնորհությունն անմիջապես նկատեց թատրոնի բեմադրիչ Վարդան
Աճեմյանը: Համարյա թե չկար ներկայացում, որտեղ նա չընդգրկեր Ֆրունզին:
Ո՞րը թվեմ նրա ներկայացումներից՝ «Սրտի արատ», «Ղազարը գնում է պատերազմ»,
«Սիրանո դը Բերժերակ», «Բաղդասար Ախպար», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Նամուս» եւ
շատ ու շատ ուրիշ ներկայացումներ: Մեկը մյուսից տարբեր դերեր, բայց բոլորն
էլ նա մատուցում էր յուրովի, յուրաքանչյուրը նորովի:
«Երկու գույնը» միակ ներկայացումն էր, որտեղ նա կերտում էր բացասական
կերպար: Հերոսը շրջում էր փողոցներով ու թալանում մարդկանց: Դերն ինքնին
այնպիսին էր, որ հանդիսատեսի սրտում ատելություն պետք է առաջացներ: Սակայն
նրա փայլուն խաղն ավելի էր ուժգնացնում մարդկանց սրտերում արդեն իսկ տեղ
գտած սերը: Բեմ մտնելիս դահլիճը թնդում էր ծափահարություններից: Եվ քանի
որ դերը չէր ծառայում իր բուն նպատակին, Մհեր Մկրտչյանին հանեցին այդ
դերից: Քիչ ուշ հանվեց նաեւ ներկայացումը: Չէ՞ որ ժողովուրդը գալիս էր
նայելու Ֆրունզի խաղը: Հիշում եմ, Ֆրունզը մտնում էր դիմահարդարման սենյակ
ու ասում.
– Անցեք դասարան:
Դա նշանակում էր, որ մենք պետք է գնայինք դերասանական օթյակ՝ վկա լինելու նրա հերթական իմպրովիզներին:
Պատմեմ մի դրվագ նրա ոչ դերասանական կյանքից: Մի օր եկավ ու սկսեց պատմել, թե ինչ է եկել գլխին նախորդ գիշեր:
«-Այ Ռիմա ջան, անցած գիշեր ժամը 1-ին գնացի «Արմենիա» հյուրանոց: Առանց
էդ էլ խմած էի, էդտեղ էլ լավ խմացրին: Ժամը 3-ի սահմաններում դուրս եկա
հյուրանոցից. մեքենաս չկար: Սկսեցի փնտրել՝ համոզված լինելով որ
հյուրանոցի դիմաց եմ թողել: Հանկարծ նկատեցի, որ հրապարակի մյուս կողմում
մի մեքենա կա կանգնած: Գոռացի՝ «Վարպետ, արի վարպետ»: Ոչ մի արձագանք:
Խմած-խմած մոտեցա, տեսնեմ՝ դռները բաց են, բայց «վարպետը» չկա: Մի քիչ
ուշադիր նայելուց հետո հասկացա, որ իմ մեքենան էր: Նստեցի ղեկին ու մեծ
արագությամբ տուն սլացա: Մի 300 մետր էի անցել, երբ ճանապարհս
ոստիկանության մեքենան կտրեց: Մոտեցավ, տեսավ ես եմ, կողքի դուռը բացեց ու
նստեց մեքենայի մեջ:
– Հիմա ասեմ, թե քանի խախտում ես արել էս 300 մետրի վրա: Գերազանցել ես
արագությունը՝ մեկ, մտել ես փակ փողոց՝ էդ երկու, արգելված վայրում
շրջադարձ ես կատարել՝ էդ երեք, անցել ես կարմիր լույսի տակով՝ էդ էլ չորս:
– Պրծա՞ր:
Ոստիկանը թե՝ հա:
– Դե ուրեմն իմացի, որ լավ էլ խմած եմ՝ էդ էլ հինգ:
Ոստիկանը ծիծաղեց ու ինքը նստեց ղեկին»:
Հիշում եմ մեր վերջին հանդիպումը: Մի օր սովորականի պես գնում էի աշխատանքի, երբ դիմացս դուրս եկավ:
– Ո՞ւր ես գնում, սիրուն ջան:
– Աշխատանքի:
– Որտե՞ղ ես աշխատում:
– Յա՜, Ֆրունզիկ, թատրոնում:
– Հա՜, էն այգու մեջի թատրոնում:
Հասկացա, որ խմած էր:
Երկու օր անց լսեցինք նրա մահվան բոթը, որը վշտացրեց ոչ միայն ինձ, այլեւ բոլորին»: