ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչությունը վերստուգիչ ուսումնասիրություն է կատարել մայրաքաղաքում առեւտրի կազմակերպմամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններում:
Տեսչության պետ Հարություն Հարությունյանն «Արմենպրեսին» ասել է, որ տեսչության աշխատակիցները կրկին ստուգայց են կատարել «Հրազդան» տոնավաճառ, «Փեթակ», «Հայաստան» առեւտրի կենտրոններ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող երկու տոնավաճառներ` «Սիմոն եւ Հակոբ թոռներ» ընկերությանը պատկանող սննդամթերքի գիշերային, «Վաղարշ եւ որդիներ» ընկերության ոսկու շուկաներ, «Սուրմալու» տոնավաճառ, Նորքի զանգվածում գտնվող «Պալաս» առեւտրի կենտրոն, Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող ոսկու շուկան, ինչպես նաեւ Գնունի փողոցում գտնվող «Ապսիդա» եւ «Դավիթ Ավանեսյան» ընկերություններին պատկանող առեւտրի կենտրոններ: Տեսուչներն արձանագրել են, որ նշված առեւտրի կենտրոններում առաջին ուսումնասիրության ժամանակ եղած բացթողումները շտկվել են: «Փեթակում» վերացվել են գրանցամատյանի վարման կարգի խախտումները, բարելավվել են աշխատանքային պայմանները:
«Վաղարշ եւ որդիներ» ընկերությանը պատկանող ոսկու շուկայում աշխատանքը նկուղային հարկերից տեղափոխվել է այլ տարածք, տեղադրվել են օդափոխիչներ, հակահրդեհային սարքեր, ապահովված են մշտական ջուր, լրացուցիչ ելքեր: «Հրազդան» տոնավաճառում բացվել է անվճար գործող բուժկետ, որն ապահովված է առաջին անհրաժեշտության սարքավորումներով եւ դեղորայքով, վերանորոգվել են տանիքները, բարելավվել են սանիտարահիգիենիկ պայմանները: Գրանցամատյանների վարման կարգի վերաբերյալ խախտումները վերացվել են Գնունի փողոցում գտնվող «Ապսիդա» եւ «Դավիթ Ավանեսյան» ընկերություններին պատկանող առեւտրի կենտրոններում, վճարվել են չհաշվարկված աշխատավարձերը: Աշխատանքային պայմանները բարելավվել են նաեւ մնացած առեւտրի կենտրոններում, մասնավորապես` «Սուրմալու» տոնավաճառում մշակվել եւ հաստատվել են ներքին կարգապահական կանոններ, վարձակալության վճարները նվազեցվել են մոտ 35 տոկոսով: