Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կիրակի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել յոթ քաղաքական ուժ` կոալիցիոն 4 ուժերը` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը, Հայ Ազգային կոնգրեսը, գրեթե անհայտ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը: Նշված քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակներում կան բազմաթիվ հետաքրքիր նորություններ եւ օրինաչափություններ:
ՀՀԿ 180 հոգանոց ցուցակը, ինչպես հայտնի է` գլխավորում է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, երկրորդ հորիզոնականում Անդրանիկ Մարգարյանի որդին է` Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ ցուցակի երրորդ համարը «ԱՍԴ» ՍՊԸ նախագծող կազմակերպության հիմնադիր-տնօրեն, անկուսակցական Հրաչ Պողոսյանն է, չորրորդը` ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանն է, իսկ հինգերորդը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, անկուսակցական Կարեն Կարապետյանը: ՀՀԿ ցուցակում ընդգրկվել են մեծ թվով անուններ, որոնք իրականում ոչ մի կապ չունեն ոչ քաղաքականության, ոչ էլ, առավել եւս, քաղաքային խնդիրների հետ: Ցուցակի 8-րդ տեղում Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն է, 10-րդում` Մարտին Վարդազարյանը, 11-րդում` դերասան Վլադիմիր Մսրյանը, 13-րդում` Կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը: Այնուհետեւ ցուցակը շարունակում են ՀՀԿ-ական բոլոր գործող թաղապետերը: 25-րդ հորիզոնականում ճարտարապետ Լեւոն Իգիթյանն է, 25-րդում` ռեժիսոր Միքայել Դովլաթյանը:
Կիրակի օրը կուսակցությունների ներկայացրած գրեթե բոլոր ցուցակներում որոշ քաղաքական գործիչներ ընդգրկել են իրենց երեխաներին: Այդ «ցուցանիշով» առաջին տեղում է ՀՀԿ-ն, որի ցուցակում 25-րդ հորիզոնականից հետո հայտնվում են այս կամ այն հանրապետականի զավակները: Այսպիսով` ՀՀԿ ցուցակի 31-րդ տեղում է Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի որդին` ընդամենը 25-ամյա Դավիթ Սեդրակյանը: 34-րդում` ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի` կրկին 25-ամյա որդին՝ Ժորժ Խաչատրյանը: 48-րդ հորիզոնականը զբաղեցնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին` 24-ամյա Արման Մադաթյանը: Ի դեպ, նա իր հորից` Է. Մադաթյանից բավականաչափ առաջ է ընկել ՀՀԿ ցուցակում. Է. Մադաթյանը ցուցակի 153-րդ հորիզոնականում է: ՀՀԿ ցուցակում իր որդուն տեղավորել է նաեւ ՀՀ քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Ֆրունզե Բասենցյանը: Նրա որդին` Լեւոն Բասենցյանը, ՀՀԿ ցուցակի 74-րդ տեղում է: Իսկ ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանի որդին` 25-ամյա Արմեն Կարախանյանը, ՀՀԿ ցուցակի 163-րդ տեղում է:
ՕԵԿ-ի ցուցակում, ոչ ՀՀԿ-ի չափով, եւս որդիներ կան: Օրինակ` Սահմանադրական Դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի որդին` Պապին Թոխյանը: ՀՅԴ-ում դաշնակցականների որդիներ կամ դուստրեր չկան: Սակայն ՀՅԴ ցուցակի 8-րդ հորիզոնականում է երգահան Ռուբեն Հախվերդյանը, 11-րդում` Ազգային գրադարանի տնօրեն, ՀՅԴ-ական Դավիթ Սարգսյանը:
Իսկ ԲՀԿ ցուցակում ընդգրկված որդիների շարքում է ԲՀԿ-ական պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդին` 1980թ. ծնված Արմեն Վերսանդիկի Հակոբյանը: Նա զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը: Ռուբեն Գեւորգյանի` Ծաղիկ Ռուբոյի դուստրը` Արմենուհի Գեւորգյանը նույնպես ԲՀԿ-ի ցուցակում է:
Պրոֆեսորադասախոսական բազմաթիվ անդամներից բացի` ԲՀԿ ցուցակում կան բազմաթիվ գործարարներ: Օրինակ, «Հայկ Արշին» ՍՊԸ նախագահ Արագած Ախոյանը, «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ գլխավոր անասնաբույժ Նորայր Չաղարյանը, «Մուլտի Գազ» ճնշակայանի մեքենավար Վանո Բաղոյանը, «Մուլտի Ագրո» մեղվաբուծական փորձակայան սելեկցիայի բաժնի լաբորատորիայի վարիչ Երանյակ Կոլյայի Ծառուկյանը: Ցուցակում է նաեւ Նուբարաշենի ԲՀԿ-ական թաղապետ Մհեր Հովհաննիսյանը եւ այլք:
Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի ցուցակում եւս կան որոշ քաղաքական գործիչների որդիներ: Օրինակ, ՀԱԿ ցուցակի 69-րդ հորիզոնականում Երջանիկ Աբգարյանի որդին է` Ավետիք Աբգարյանը, 90-րդ հորիզոնականում` ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանի որդին` Արամ Խաչատրյանը: Մարքսիստ Դավիթ Հակոբյանի դուստրը` Հասմիկ Հակոբյանը, նույնպես ընդգրկվել է ՀԱԿ ցուցակում. նրա անունը 91-րդ տեղում է: ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանի որդին` Արեն Մանուկյանը, ՀԱԿ ցուցակում իր հայրիկից բավականաչափ առաջ է. նա գտնվում է 97-րդ հորիզոնականում, իսկ Արամ Մանուկյանը` նախավերջին` 166-րդ հորիզոնականում է: ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի որդու անունը նույնպես տեղ է գտել ՀԱԿ ցուցակում: Համբարձում Գուրգենի Եղիազարյանը 131-րդ հորիզոնականում է, իսկ Գ. Եղիազարյանը ՀԱԿ ցուցակի 13-րդ հորիզոնականում է:
Ի դեպ, Հայ Ազգային կոնգրեսի ցուցակի վերջին` 167-րդ համարը ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է: Առաջին չորս հորիզոնականները զբաղեցնում են` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: