«Ժառանգություն» կուսակցությանն ուղղված գնահատականները, նրան փակցված պիտակները եւ այդ կուսակցության` սեփական կարծիքն ունենալու իրավունքի քննադատությունը, որին ականատես դարձանք վերջին օրերին, խոսում է մեր քաղաքական դաշտի պրիմիտիվության մասին: Հասկանալով հանդերձ, թե որքան անհրաժեշտ էր եւ ճակատագրական ընդդիմադիր երկու թեւերի` «Ժառանգության» եւ Հայ Ազգային կոնգրեսի` միասնական ցուցակով հանդես գալը Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին, այդուհանդերձ, տարօրինակն այն է, որ որպես երկու թեւերի չմիավորման հիմնական մեղավոր` քննադատվում է բացառապես «Ժառանգությունը»: Ոչ մի խոսք, թե ինչու այն կուսակցությունը, ով ՀԱԿ-ի ձեւավորումից եւ դեռ դրանից առաջ միշտ պայքարի առաջին գծում էր, ում անդամները մարտի մեկի առավոտից ոստիկանատնից ոստիկանատուն էին շտապում` պաշտպանելու բերման ենթարկված մարդկանց իրավունքները, ովքեր մարտի մեկին մինչեւ Տեր-Պետրոսյանի` առանձնատնից արված գիշերային հրահանգը` ցրվել տներով, Մյասնիկյանի արձանի մոտից մի քայլ անգամ չհեռացան, ովքեր ամեն Աստծո օր զբաղվում են քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ` այցելելով մեկուսարաններ եւ այլն, հանկարծ երկմտեցին` պաշտպանե՞լ, թե՞ չպաշտպանել ՀԱԿ-ի ներկայացրած ցուցակը: Շատ ավելի ազնիվ կլիներ կա՛մ այս խնդիրը ընդհանրապես չքննարկել, կա՛մ քննարկել` դուրս գալով ՀԱԿ-ի գործողությունների եւ ՀԱԿ առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի անսխալականության սինդրոմից:
Ընդդիմության թեւերին մեղադրել, թե ինչու նրանք չեն միավորվում, ինչու մի կողմ չեն դնում ամբիցիաները, տեսականորեն շատ հեշտ է: Գործնականում` բարդ, եւ դա տեսանելի էր անգամ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, 2007-ին, երբ ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքը, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը օրերս «Ազատություն» ռ/կ-ով եւս մեղադրում էր «Ժառանգությանը», Արամ Կարապետյանի «Նոր Ժամանակներ» կուսակցությունը այդպես էլ չմիավորվեցին եւ ընտրություններին մասնակցեցին առանձին ցուցակներով, երբ միասին մասնակցելով` կարող էին փոխել թե՛ խորհրդարանի դասավորությունը, թե՛ դեպքերի հետագա ընթացքը: Չմիավորվեցին, թեեւ նախապես գիտակցում էին, որ չմիավորվելով` փոշիացնում են միմյանց ձայները, իսկ վերջին հաշվով` ջուր լցնում իշխանության ջրաղացին: Հետեւաբար, Երեւանի քաղաքապետի ընտրությունների շեմին թեեւ բոլորն էլ իրավունք ունեին ակնկալել, որ ընդդիմադիր երկու ուժեր` «Ժառանգություն» կուսակցությունը եւ ՀԱԿ-ը կմիավորվեն, սպասված, բայց, ըստ էության, այդպես էլ չիրականացած ցանկություն մնաց:
«Ժառանգությանը» մեղադրել ՀԱԿ-ի ցուցակը չպաշտպանելու մեջ` անվանարկելով այդ կուսակցությանը, այնքան էլ խոհեմ եւ ճիշտ չէր. «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները գործող ԱԺ-ի միակ աշխատող մարդիկ են: Դա այդպես է, անկախ այն բանից, թե ինչ պատասխան ունի «Իսկ որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը» հարցը: Իրականությունն այն է, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու որոշում կայացնելով` «Ժառանգությունը» բարոյական լուրջ հարված հասցրեց իրեն «հաճախորդ» կամ իշխանությունների հաճկատար համարողներին, այդ թվում եւ՝ ՀԱԿ-ին:
Ցուցակներում հերթականությունն այս դեպքում թերեւս երկրորդական խնդիր էր: Բանն այն է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ունի ամբիցիաները անցյալում թողած, խոհեմ, հեռատես, հանուն ընդհանուրի շահի սեփական անձը ստորադասողի իմիջ, պիտի որ հանուն երկու ուժերի միավորման ծառայեցներ իր փորձը: Այսինքն` չկարեւորեր միակ ընդդիմադիրի հաճելի կոչումը: ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» բանակցությունների մանրամասները պիտի անգամ հայտնի եւ հետաքրքիր էլ չլինեին հասարակությանը. երկու քաղաքական գործիչները` Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, պիտի բանակցեին այնպես, որ գային մեկ որոշման` մասնակցել մեկ ընդհանուր ցուցակով: Բոլորը վստահ են, որ երկու քաղաքական գործիչներն էլ բավականաչափ ողջախոհ են եւ նման կրիտիկական իրավիճակում պիտի որ կարողանային ընդհանուր լեզու գտնել` ինչ գնով էլ դա լիներ: Եթե նման համաձայնություն չի կայացել, եթե կողմերից մեկը, այս դեպքում՝ «Ժառանգությունը», վիրավորված է այնքան, որ նախ` անթաքույց ցույց տվեց իր անհամաձայնությունը ՀԱԿ-ի ներկայացրած ցուցակի կապակցությամբ, հետո որոշեց հանդես գալ սեփական ցուցակով եւ արժանանալով սուր եւ տհաճ քննադատության` որոշեց կատարել բարձր քայլ` պարզապես հրաժարվել ընտրություններին մասնակցելուց, ընդ որում` դա տեղի ունեցավ ընդդիմադիր ՀԱԿ-ի լռելյայն համաձայնությամբ, խոսում է այն մասին, որ մեր քաղաքական դաշտի, այդ թվում եւ՝ ընդդիմության թեւերի վերաբերմունքը միմյանց հանդեպ, լուրջ խմբագրումների կարիք ունի:
Այն, որ «Ժառանգությունն» ընդդիմություն է, պիտի որ կասկածներ չառաջացնի: ԱԺ ամենաակտիվ եւ համարձակ պատգամավորները հենց «Ժառանգություն» խմբակցությունում են: Կարելի է հիշել, թե, երբ անազատության մեջ էր Ժիրայր Սէֆիլյանը, ինչպես այս խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ընդունելությանը ներկայացավ ոչ թե երեկոյան զգեստով, ինչպես մյուսները, այլ «Ազատություն Ժիրայր Սէֆիլյանին» բովանդակությամբ շապիկով: Սա փոքրիկ, բայց շատ խոսուն դրվագ է:
Փաստարկը, որ ներկայացնում էր «Ժառանգությունը», թե շատերը, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ, այդուհանդերձ, կարող են եւ չընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը, եւս անկարեւոր կամ անհիմն չէ: Ինքս գիտեմ մարդկանց, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին զուտ այն պատճառով, որ ընդդիմության ցուցակում չկա թեկնածու «Ժառանգություն» կուսակցությունից: Ընդ որում, շատ հարգարժան եւ մտածող մարդիկ: Այնպես որ, ողջունելով «Ժառանգության» որոշումը` չմասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին, ՀԱԿ-ը պիտի գիտակցի, որ, այդուհանդերձ, ունի մեղքի նաեւ իր բաժինը, որ իր ցուցակում չկա ընդդիմադիր «Ժառանգության» եւ ոչ մի ներկայացուցիչ: «Ժառանգությունը» գնաց ընդդիմադիրի իր համբավը պաշտպանելու ճանապարհով: Սա մեծահոգի որոշում էր: Չմասնակցելով Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ կամավոր զրկվելով իրենց հասանելիք ձայներից, իր համակիրներին կոչ անելով իրենց ձայնը տալ ընդդիմության` ՀԱԿ-ի օգտին` «Ժառանգությունը» կանխեց իշխանությունների` արդեն նախապես արված թվաբանությունը:
Այսքանից հետո դեռ քննարկել` «Ժառանգությունը» իր քաղաքական կարիերան կասկածի տակ է դրել, քանի որ անմիջապես, հորթային խանդավառությամբ չի ընդունել ընդդիմության մյուս թեւի ցուցակի հերթականությունը, պարզապես ազնիվ չէ: Իր քայլով «Ժառանգությունը» ցույց տվեց, որ լուրջ կուսակցություն է եւ իր հավակնությունները ստորադասում է ընդդիմադիր իր գործընկերոջ հավակնություններին: Իսկ սա նոր եւ հետաքրքիր նախադեպ է:
Հ.Գ. Վերնագրի հեղինակային իրավունքը Հովհաննես Թումանյանինն է: