Գործազրկություն Իջեւանում

24/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իջեւանը միգուցե շատ գրավիչ է հյուրերի համար, ովքեր պարբերաբար քաղաք են գնում, լուսանկարվում Աղստեւի մոտ կամ էլ Իջեւանի գլխավոր հրապարակում, որտեղ քարե քանդակների հուշահամալիրն է, մանկական կարուսելներն ու քաղաքի բարձրուղեշ եղեւնիները:

Եվ քաղաք մտնողի մոտ առաջինը տպավորվում է տոն հիշեցնող ծառերի առատությունը, որն ասես վերածվում է ուղեգորգի: Այստեղով, սակայն, ամեն առավոտ քայլում են իջեւանցիները` անգործ, բայց աշխատանքի կարոտ, ու բոլոր առավոտները նրանց համար դառնում են նախորդ օրվա շարունակությունը: Տիկին Սիման` ծաղիկների խանութի վաճառողուհին, նյարդայնացած` հերբերա ծաղիկները դասավորում էր ջրով լի ամանի մեջ ու դժգոհում օրվա առեւտրից: «Թե ինչի՞ եմ դասավորում, մեկ ա` առնող չկա: Վերջում տանելու ենք թափենք: Գիտե՞ս` ինչքան ծաղիկ ենք փչացրել: Առեւտուր ընդհանրապես չկա` ի՞նչ տոն, ի՞նչ տրամադրություն: Էդ էլ են փչացրել: Մտածում էինք, որ գոնե էս ամիս առեւտուր կանենք, բայց ծաղիկների գները էնպես չբարձրացրին, որ առնող լինի: Մի մեխակն էսօր արժե 200 դրամ: Պատկերացնո՞ւմ եք: Էսպես որ գնա` խանութն էլ կփակենք»,- ասում է իջեւանցի ծաղկավաճառուհին, ով արդեն չի հիշում, թե երբ է վաճառել վերջին ծաղկեփունջը: Տիկին Սիմայի խանութի ուղիղ դիմաց կախված է կարմիր տառերով ցուցապաստառ, որն ասես խորհրդային կարգերը հիշեցնի. ցուցապաստառով ՀՀԿ կուսակցությունը շնորհավորել է կանանց Մարտի 8-ը: Ցուցապաստառից վերեւ ամրացված է ՀՅԴ դրոշը, իսկ ՀՀԿ կուսակցության գրասենյակի հարեւանը գիշերային ակումբն է` NIGHT CLUB-ը: «Աղջիկ ջան, էսօր մեր աչքին ոչ մի բան չի երեւում: Քաղաքի կեսն անգործ է: Սաղ ջահելները աշխատանքի կարոտ են: Բայց աշխատանք չկա, դաժե բանվորական: Մենք շատ լավ էինք ապրում, բայց հիմա շատ վատ ենք ապրում»,- ասում է Իջեւանի հրապարակում հավաքվածներից Էդիկ պապը: Այնուհետեւ Էդիկ պապը սկսեց մատների վրա հաշվել Իջեւանի նախկին գործարանները, որոնցից կիսամեռ է մնացել գորգերի գործարանը: Տիկին Անահիտը գորգերի գործարանում աշխատել է 30 տարի: Գործարանից նրա դուրս գալու միակ պատճառը աշխատավարձի ուշացումներն էին` բանվորները 3 ամիսը մեկ էին վարձատրվում: Գորգերի գործարանի նախկին աշխատակիցն ասում է, որ ժամանակին «Կովրոյի» գործարանի համբավը Հայաստանից դուրս էր եկել` մի գործարան կար, մի քաղաք: Ճիշտ է, նա գործարանում բանվորի աշխատանք էր կատարում, բայց ստացած աշխատավարձով էլ ճոխ ապրում էին: «Հիմիկ էլ բան չկա: Գործարանում մի 10 աշխատող հազիվ լինի: Սկած ապրում ենք: Թե ո՞ւր ենք գնում` չգիտեմ: Տղես էլ բանակից նոր ա եկել, ուզում ա աշխատի, բայց աշխատանք չկա: Դե, եթե մի քաղաքում գործարան չլինի, էլ ինչի՞ վրա հույս դնենք»,- սրճարանի խոհանոցի աթոռներից մեկին հենված` նշում է իջեւանցի կինն ու փառք տալիս Աստծուն, որ օրական 1500 դրամ աշխատավարձով գոնե տնեցիների մի կտոր հացն է ապահովում: Մինչդեռ սրճարանի մյուս աշխատակիցը` շաքարային դիաբետով հիվանդ տիկին Նատալյան, արդեն անհանդուրժող է դարձել: 40 տարվա գանձապահական աշխատանքից հետո այսօր հացագնդեր է գրտնակում ու դժգոհում սեփական քաղաքի վերադասից: «Հազար օգնություն ա քաղաք մտնում, բայց մենք դրա երեսը չենք տեսնում: Ես պարտադիր պետք է դեղորայք ստանամ, բայց չեն տալիս: Խնդրում եմ, էդ օգնությունները որ գալիս է, թերթում մի հատ գրեք կամ էլ տելեվիզրով ասեք»,- առաջարկում է տիկին Նատալյան: Իսկ դեղատներից մեկի աշխատակիցն արդեն գիտի, որ առեւտուր չանելու պատճառը այն չէ, որ քաղաքում հիվանդներն են քչացել, ավելին` նրանց թիվն օրեցօր աճում է, բայց աճում են նաեւ դեղերի գները: Մեկ ամիս առաջ այստեղ էլ դեղորայքի գինը բարձրացավ` էժան դեղերը՝ 10-20 դրամով, թանկ դեղերը` նվազագույնը 1100 դրամով: «Ամենաշատը վաճառում էինք երեխաների համար Pampers-ներ, բայց դրա գինն էլ բարձրացրին` 150-ից դարձավ 200 դրամ: Հիմա շատերն էլ չեն օգտվում Pampers-ներից, էն հին ժամանակներին են վերադարձել»,- նշում է դեղատան աշխատակիցը: Մինչդեռ հարեւան խանութի վաճառողուհու դժգոհությունը ՀԴՄ-ներից է: Այստեղ ոչ թե առեւտուր անում են ու չեն հասցնում կտրոնը տպել, այլ առեւտուր չի լինում, ու խանութի տերը խոսում է, որ իրենք որեւէ կտրոն չեն տպում: Այդ պատճառով էլ ամսվա ընթացքում թեեւ առեւտուր չի լինում, սակայն աշխատակիցը 50.000 դրամի կտրոն է տպում: Իրավիճակը նույնն է Իջեւանի առեւտրի գրեթե բոլոր կետերում, անգամ քաղաքի միակ շուկայում, որը մի փոքրիկ տաղավար էր հիշեցնում, ուր հավաքվում են բակի անգործ կանայք, սակայն ովքեր չեն խոսում սերիալների կամ հարեւանի ընտանիքում կատարվող միջադեպերի մասին, այլ խոսում են տնտեսական ճգնաժամից, թանկացումներից ու ոչ հնարավոր արտագաղթից: «Ո՞ւր պիտի գնանք: Հեն ա էստեղ ապրում ենք, թող մեր մեծերը մի բան անեն»,- ասացին շուկայի աշխատողները: Մինչդեռ իրավիճակն անհասկանալի է ավիատոմսերի վաճառքի կետում, որտեղ բողոքում էին «կանգնած» առեւտրից` ամենաթեժ մարտը դարձել է հանգիստ: Աշխատակիցը հիշում է, թե նախորդ տարի ինչ հերթեր էին լինում: Մեկ ամսվա ընթացքում իրենք մոտ 100 մարդ են ճանապարհել արտերկիր աշխատելու, իսկ այսօր անգամ 10 հոգի չեն գնում: Պատճառը նաեւ տոմսերի թանկացումն է: «Օր օրի տոմսերը թանկացնում են: Առաջ Մոսկվա ուղղությամբ չվերթն արժեր 71.000 դրամ, իսկ այսօր` 96.000 դրամ: Մարդիկ դրսում էլ չեն տեսնում ելքը»,- ասում է նա: Քաղաքի միակ կետը, որտեղ, այնուամենայնիվ, չդժգոհեցին առեւտրից, էլեկտրատեխնիկայի վերանորոգման կետն էր: «Էս ճգնաժամին ես գոհ եմ իմ գործից: Իմ մասնագիտությունը էնպես ա, որ բոլորի անսարք տեխնիկան եմ սարքում: Դե հիմա ո՞վ ա նորը առնում: Բայց մեր քաղաքի վիճակը տարեցտարի վատանում է, օրինակ, նախորդ տարի ավելի լավ էր, քան այս տարի, էս եկող տարին ավելի վատ կլինի, քան էս տարի»,- իրավիճակը վերլուծում է ինժեներ-կոնստրուկտոր պարոն Սամվելը, ով հաճախ սարքավորումները վերանորոգում է պարտքով, որովհետեւ մարդիկ վճարունակ չեն: «Պետությունը պիտի մտածի էս մասին: Հա, էն ժամանակ ա լավ, որ մեզնից հարկերն ա պոկում, բայց մեզ էլ պիտի տան, որ մենք էլ իրենց տանք: Մեր մարդիկ էլ չեն հասկանում, թե պետությունը ոնց ա մտնում իրենց գրպանները ու փողերը հանում: Հես ա գազն ու լույսն էլ կթանկացնեն: Ի՞նչ ենք անելու»,- նշում է իջեւանցի ինժեներն ու փորձում հասկանալ ճգնաժամի պատվիրատուին, որը, նրա համոզմամբ` Ռուսաստանն է: Պարոն Սամվելի կարծիքով՝ Ռուսաստանը վարում է իր հին քաղաքականությունը. հայերին սոցիալապես կխեղճացնի, հետո օգնության ձեռք կառաջարկի: Ճիշտ է, Աղստեւ գյուղի ճամփաբաժնում մեզ հանդիպած գոշեցի գյուղացին, ով չցանկացավ ներկայանալ, բայցեւ խնդրեց իրեն լուսանկարել, ասաց, որ գլուխ չի հանում էս ճգնաժամերից, բայց իրենց գյուղում մարդիկ օրվա հացն էլ հազիվ են գտնում: «Մեր գյուղում լրիվ մարդիկ բնության հույսին են` հես ա բանջարը դուրս գա, ախպորս հետ գնալու ենք հավաքենք: Չէ, ծախելու համար չէ, այլ ուտելու: Սաղ էլ տենց են ապրում Գոշում»,- ասում է գյուղացին, թութունի չափաբաժինը լցնելով թղթի մեջ: Ի՞նչ իմանա գոշեցին, որ այսօր նույնիսկ քաղաքն է մնացել բնության հույսին: Իջեւանցիներից շատերն այլեւս պետությունից հույսները կտրել են։ «Եղանակները մի քիչ բացվեն, գնալու ենք սարերը: Բնության մեջ հաստատ մի բան կգտնենք»,- ասում են նրանք: