Բաց նամակ

24/03/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Կարդալով մեր թերթի «Առողջություն» խորագրի հրապարակումները` ընթերցողներից շատերը սկսել են արձագանքել եւ ուղարկել իրենց, այսպես ասած, բուժիչ նամակները: Մարդիկ կիսվում են իրենց փորձով ու գիտելիքներով: Գուցե մեկին դրանք թեթեւություն բերեն, մեկին` ուրախություն, իսկ մեկի էլ` կյանքը փրկեն: Այնուամենայնիվ, այդ նամակներում առաջարկվող ժողովրդական բուժիչ միջոցները, խորհուրդները բխում են բնությունից: Այլ կերպ ասած` այդ խորհուրդները խորհրդանշում են մարդու վերադարձը բնություն:

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Մեր ընթերցողներից մեկը հաշվի առնելով այն փաստը, որ շատ-շատերն են աշխատում համակարգչով ու հոգնածություն զգում, մեզ է ուղարկել աչքերի հոգնածությունից ազատվելու դեղատոմս: Հոգնածությունից ազատվելու համար շատ են օգնում երիցուկի, մաղադանոսի, լորենու, սամիթի ու ծոթորի (տիմյան) թրջոցները: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 15 րոպե: Ապա բամբակը թրջել թուրմի մեջ եւ 3-4 րոպե դնել փակ աչքերին: Թուրմը պետք է սառը չլինի: Իսկապես այն հրաշալի է հանում աչքերի կարմրությունն ու հոգնածությունը:

Ընթերցողներից մեկն էլ պսորիազից ազատվելու միջոց է փնտրում: Առաջարկում ենք պսորիազից ազատվելու մի քանի տարբերակ, որոնց միջոցով մարդիկ ձերբազատվել են այս տհաճ հիվանդությունից:

Հաստատվել է, որ այս հիվանդության առաջացման հիմնական պատճառները միայն վահանագեղձի, լյարդի հիվանդությունները կամ նյարդային համակարգի սթրեսները չեն: Այն պարզապես կարող է պայմանավորված լինել օրգանիզմում երկաթի, ցինկի ու այլ վիտամինների պակասով: Պսորիազին շատ լավ օգնում է կանթեղախոտի (փՌրՑՏՑպս) հյութը: Թարմ բույսը (արմատները, ցողունը, տերեւները կամ ծաղիկները) լվանալ, չորացնել ու անցկացնել մսաղացով: Հետո ստացված զանգվածը թանզիֆով փաթաթել ու լավ քամել: Այս հյութը շշի մեջ հերմետիկ փակել ու դնել մութ եւ սառը տեղում, բայց ոչ սառնարանում: 2 օր հետո բացել շշի բերանը, որպեսզի խմորման ընթացքում հավաքված գազերը դուրս գան, ապա նորից փակել: Եվ այս գործողությունը կրկնել այնքան ժամանակ, մինչեւ գազեր այլեւս չլինեն: Դա տեւում է մոտ 7 օր: Ապա ստացված հյութը պետք է պահել սառնարանում: Այն իր բուժիչ հատկությունները չի կորցնում 3 տարվա ընթացքում: Պատրաստված հյութը օրը 2-3 անգամ քսել հիվանդ մասերին:

Պսորիազին օգնում է նաեւ հետեւյալ քսուքը: 2 ձվի դեղնուցը լավ հարել, ավելացնել 100գ կամֆորայի յուղ, 250գ դեղատնային կեչու խեժ եւ 150 գ սպիրտ: Այս ամենը լավ խառնել եւ քսել բորբոքված մասերին` յուրաքանչյուր 2 օրը մեկ, եւ չլվանալ: Բուժումը շարունակել 1-2 շաբաթ:

Այս բուժումները կատարելու ընթացքում ցանկալի կլինի կերակրացանկից հանել տավարի միսը, խոզի միսն ու ճարպը, բոլոր ծխեցրած մթերքները, երշիկը, սուրճն ու շաքարը: Շատ օգտակար են տանձը, խնձորը, բալը, գազարը, բազուկը, կաղամբն ու ընկույզը:

Ծիծեռնախոտ (կամ կանթեղախոտ) (չիստոտել)

Ծիծեռնախոտը հավաքում են մայիս եւ հունիս ամիսներին` չոր եղանակին ու ծաղկելու շրջանում: Ծիծեռնախոտի հիմքի վրա պատրաստված պրեպարատներն օժտված են հակաբորբոքային եւ հակամիկրոբային հատկությամբ: Թարմ քամված հյութով նույնիսկ կարելի է այրել մաշկի վրայի գորտնուկները, հանել կոշտուկները, եթե այն օրվա մեջ 3-4 անգամ քսենք անհրաժեշտ մասին: Այս բույսն իր ռուսերեն փՌրՑՏՑպս անվանումը ստացել է մաշկի հիվանդություններ բուժելու իր հատկությունից:

Ծիծեռնախոտի հյութը, բացի մաշկային հիվանդություններից, օգտակար է նաեւ մաստիտին, եթե ճաքած մասերին քսեք այն: Շատ օգտակար է նաեւ գրիպի, հայմորիտի դեպքում: Յուրաքանչյուր քթանցքում կաթացնել 2-3 կաթիլ, իսկ կոկորդ ընկնելու դեպքում կարելի է այն կուլ տալ: Հիվանդ լնդերի դեպքում կարելի է հյութով ողողումներ անել: Կանացի օրգանների հիվանդության դեպքում շատ օգնում են կանթեղախոտի հյութով լվացումները` առավոտյան ու երեկոյան: Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում եւս կարելի է դիմել ծիծեռնախոտի հյութի օգնությանը: Այն պետք է խմել օրվա մեջ 3 անգամ` 1 թեյի գդալից ու առանց ուտելու: Իհարկե, պետք է զգույշ լինել, որովհետեւ ծիծեռնախոտի անսահմանափակ օգտագործումը կարող է հանգեցնել աղիների դիսբակտերիոզի: Ծիծեռնախոտի հիմքի վրա պատրաստված պրեպարատները խիստ հակացուցված են էպիլեպսիայով տառապողներին: Իսկ ստենոկարդիա, բրոնխիալ ասթմա, նյարդային հիվանդություն ունեցողներն էլ պետք է խիստ զգույշ լինեն:

***
Առաջարկում ենք օրգանիզմը ճարպային եւ աղային նստվածքներից մաքրող, կրծքահեղձուկն ու սրտի կաթվածը կանխող ու նյութափոխանակությունը կարգավորող հին արեւելյան մի բուժամիջոց:

100-ական գրամ երիցուկը, սրոհունդը, անթառամը (կամ եգիպտացորենի թելիկները) եւ կեչու բողբոջները խառնել, սրճաղացով աղալ եւ պահել ամուր փակված ապակե ամանում: Երեկոյան այս խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 0,5 լ ջուր եւ 30-40 րոպե թրմել թերմոսում: Ապա քամել այն ու 1 բաժակ եփուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել: Եփուկն ընդունելուց հետո ոչինչ չուտել-չխմել: Գործողությունը կատարել քնելուց առաջ: Առավոտյան մնացած հեղուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել` նախաճաշից 15-20 րոպե առաջ: Այս բուժամիջոցը օգտակար է նաեւ տեսողությանը:

Ուղարկեք ձեր խորհուրդները մեզ` [email protected] էլ. հասցեով: