Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` ԱՄՆ դեսպանը նշել է, որ «եթե կա մեկը, ով կարող է վերացնել քաղաքական ուժերի միջեւ անջրպետը, բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ նպաստել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը` նախագահ Սարգսյանն է»: Մ. Յովանովիչը նշել է, թե ամերիկյան կառավարությունը կարեւորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը` այս համատեքստում ընդգծելով, որ ժողովրդավարության առաջընթացի ճանապարհին կարեւոր փուլ է մայիսին ծրագրված Երեւանի ավագանու ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը: Նա հույս է հայտնել, որ բոլոր մասնակիցների համար կստեղծվեն հավասար պայմաններ եւ վարչական ռեսուրս չի կիրառվի: Ըստ հաղորդագրության` ԱԺ նախագահը նույնպես կարեւորել է ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը` նշելով, որ ԱԺ-ն կանի հնարավորը` խախտումները բացառելու եւ բոլորի համար հավասարաչափ հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Ի դեպ, Հ. Աբրահամյանը Մ. Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ իր անհամաձայնությունն է հայտնել մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում տեղ գտած Հայաստանին վերաբերող գնահատականներին: Ի պատասխան, դեսպանը նշել է, թե ՀՀ-ն գտնվում է ցուցակի երկրորդ խմբի վերահսկման ենթակա երկրների շարքում:
«Տեսնելով Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող դրական աշխատանքները` դեսպանը կփորձի աջակցել Հայաստանին վերահսկման խմբից դուրս գալու հարցում»,- ասված է ԱԺ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂՀ հիմնահարցին, Հ. Աբրահամյանը կարեւորել է խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Յովանովիչը նշել է, որ ԱՄՆ դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման շուրջ չի փոխվել. «Պետք է կիրառվեն ուժի չգործադրման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները»: