«Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը կարող է սկսվել ապրիլին»,- այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հիշեցնելով, որ այդ գործարքի վերաբերյալ պայմանագիրն արդեն կնքվել է, եւ դրա կետերին համապատասխան՝ իրականացվում են աշխատանքներ՝ հնարավորինս շուտ էլեկտրաէներգիայի առաքումը սկսելու համար: Ըստ Ա. Մովսիսյանի, էլեկտրաէներգիայի արտահանումը կսկսվի, երբ ավարտվեն անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները: Հնարավոր է` դրանք ավարտին հասցվեն արդեն ապրիլին, եթե եղանակային առումով կրկին խնդիրներ չառաջանան: Անդրադառնալով այն հարցին, ըստ որի` Թուրքիան հերքում է էլեկտրաէներգիայի գործարքի վերաբերյալ լուրերը, Ա. Մովսիսյանն ասել է. «Ամեն դեպքում տեխնիկական խնդիրները լուծելուց հետո պայմանագիրը կյանքի կկոչվի»: Ապրիլի 1-ից Հայաստան ներմուծվող գազի գնի փոփոխությունները, Ա. Մովսիսյանի ասելով, բնականաբար, կազդեն Թուրքիա արտահանվելիք էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրալարերի անցկացմանը, ապա, ըստ Ա. Մովսիսյանի՝ այդ ուղղությամբ շինարարական աշխատանքները կսկսվեն 1-2 ամսից: Դրա նախագծման աշխատանքներն արդեն ավարտված են: Ծրագիրն իրականացվելու է Իրանի արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով: «Ֆինանսավորման հարցն արդեն լուծված է»,- ասել է նա: Ա. Մովսիսյանն անդրադարձել է նաեւ ՀՀ տարածքում նավթազտարանի կառուցման մասին այդքան շատ խոսվող նախագծին (որը, ինչպես եւ նմանատիպ մի շարք այլ «խոշոր» նախագծեր, ըստ որոշ գնահատականների, ավելի շատ քարոզչական բնույթ ունի)` ասելով, որ այն գտնվում է շարունակական քննարկման փուլում: Ըստ նրա, արդեն սկսվել են այդ նախագծի առաջին փուլի իրականացման աշխատանքները պատրաստի նավթամթերքների տեղափոխման խողովակաշարի եւ տերմինալի կառուցման ուղղությամբ: «Մոտ 2 ամսից` նախագծային աշխատանքներն ամբողջապես ավարտին հասցնելուց հետո, կսկսենք զուտ դաշտային շինարարական աշխատանքները` համապատասխան հարթակների կառուցումը, խողովակների տեղափոխումը, եռակցումը եւ այլն»,- ասել է Ա. Մովսիսյանը, ըստ որի՝ այդ նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ 240-260 մլն դոլարն առայժմ ներգրավում են իրանական կողմից` «հետագայում հետ վերադարձնելու պայմանով»: