ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` Հայ Ազգային կոնգրեսին չմիանալու վերաբերյալ իրենց նախնական դիրքորոշումն արտահայտելուց հետո ընդդիմադիր մամուլը սկսեց իրենց «անվանարկել` տուրք տալով իշխանությունների ցանկություններին»:
Իշխանություններն էլ, ըստ նրա` իրենց գովերգում են, որովհետեւ «իշխանությունը պետք է օգտվեր այդ, այսպես ասած` տրված հնարավորությունից եւ, բնականաբար, պետք է գովերգեր»: Դիտարկմանը, թե գուցե պատճառը «Ժառանգության» մոտեցումների մեջ է` Ա. Մարտիրոսյանը երեկ ԱԺ ճեպազրույցում պատասխանեց. «Իշխանություններն անմիջապես պետք է դա կիրառեին, որպեսզի թուլացնեին «Ժառանգությանը»: Ոչինչ, քաղաքականության մեջ երբեմն գոտկատեղից ներքեւ հարվածում են, բայց կարծում եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ իր տեղը կդրվի»: Ինչ վերաբերում է ընդդիմադիր որոշ գործիչների բացասական գնահատականներին` կապված «Ժառանգության»` իշխանություններին ձեռնտու դիրքորոշման հետ, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Լավագույնը, որ կարող էին մատուցել իշխանություններին, դա այն էր, որ փորձեին «Ժառանգությանն» անվանարկել: Այն, ինչ այս երկու տարիների ընթացքում չի հաջողվել իշխանություններին: Ցավում եմ, բայց «Ժառանգությունը» երբեք չի կարող արժանանալ դրան, որովհետեւ «Ժառանգությունը» երբեք չի եղել իշխանության մաս եւ երբեք չի լինելու իշխանության մաս»:
Իսկ ըստ նույն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի` իրենք չեն միացել ՀԱԿ-ի ցուցակին, քանի որ ցանկանում էին այն այլ տեսքով տեսնել: Օրինակ, նրանք ցանկանում էին, որ քաղաքապետի թեկնածուն լիներ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ, ինչպես խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց` «հասարակության քաջ հայտնի հերոսական կերպարով» Արմեն Մարտիրոսյանը: «Մեր եւ ՀԱԿ-ի ցուցակ կազմելու սկզբունքները եղել են տարբեր: Մենք գնում ենք համոզմամբ, որ պետք է լինի երիտասարդ ուժ, որի շուրջ եւ որի համար որեւէ քաղաքական ուժ հետագայում ամոթով չի մնալու: ՀԱԿ-ը գնում է այն ներուժով, որը նա հավաքել է նախագահական ընտրություններում եւ դրանից հետո»,- ասաց Լ. Ալավերդյանը:
«Հերոսական կերպարով հասարակությանը հայտնի» Ա. Մարտիրոսյանն էլ ասաց, թե իրենք դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել Երեւանի քաղաքապետի ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, այնպես որ` ոչինչ բացառել, ըստ նրա` պետք չէ: Նա նաեւ չբացառեց, որ կարող է որոշեն ընդհանրապես չմասնակցել այս ընտրություններին: Սակայն, Ա. Մարտիրոսյանի խոսքերով, իրենք գտնում են, որ առանձին ցուցակով ընտրություններին մասնակցելու պարագայում իրենք կկարողանան քվեներ կորզել նաեւ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» ընտրազանգվածից: Ըստ նրա` դա այն ընտրազանգվածն է, որ ընդհանրապես դեմ է Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությանը:
Ա. Մարտիրոսյանի այս հայտարարությունը ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը համարեց անլուրջ` ասելով, թե դա միայն տեսական մոտեցում է, քանի որ իրենք էլ ունեն իրենց հաշվարկներն ու կանխատեսումներն այդ առնչությամբ: Ի դեպ, նա նաեւ ասաց, որ ՀՅԴ-ն դեռեւս չի որոշել, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը, սակայն չի բացառվում, որ այն կլինի Արծվիկ Մինասյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ասելով էլ` ՀՀԿ ցուցակում հիմնականում կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր Երեւանի ՏԻՄ ընտրություններում հաջողություններ են ունեցել: Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ական թաղապետերը լինեն ցուցակում, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ես այն մարդը չեմ, որ փորփրեք ու բան իմանաք»:
Իսկ հնարավոր է, որ կոալիցիոն ուժերը միանան եւ որպես միասնական թեկնածու՝ առաջադրեն Ռոբերտ Քոչարյանին, ինչի մասին վերջին օրերին գրում են մամուլում: Այդ հարցին ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասաց, թե այդ միտքը «գեղարվեստական գրականությանն արժանի միտք է»: «Ես ափսոսում եմ, որ նման մտքերը դուրս են մնում գրականությունից»,- հայտարարեց նա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նույն հարցին պատասխանելով՝ ասաց, որ ԲՀԿ-ն իր ընտրական ցուցակն արդեն ներկայացրել է ԿԸՀ` դրանով «կանխելով հարցերը կապված իշխանական միասնական ցուցակի, Ռոբերտ Քոչարյանի կողմից այն գլխավորելու եւ այլ ասեկոսեների հետ»: Ի դեպ, խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ ասաց, որ իրենց ցուցակը կազմված է 121 հոգուց: Իսկ թե ինչո՞ւ են 65 տեղի համար 121 հոգանոց ցուցակ ներկայացրել` նրանցից ոչ մեկը չպատասխանեց: