7-ամյա Սամվելը շփոթվում, կարկամում է, երբ փորձում եմ զրուցել նրա հետ: Մուշականի (Շորբուլաղ) ամայի տարածության վրա տեղակայված նրանց տան մեկուսացվածության պատճառով այս տան անդամները թերարժեքության բարդույթից չեն կարողանում անծանոթ մեկի հետ համարձակ խոսել:
Սամվելն այս տարի էլ դպրոց չգնաց միայն այն պատճառով, որ իրենց տնից Մուշականի դպրոց հասնելու համար ամեն օր պետք է ոտքով մղոններ հաղթահարի: Հարցնում եմ` «Դպրոց էլ չես գնում, ո՞նց կլինի… Բա ի՞նչ ես դառնալու»: Պատասխանում է` «Ավտո քշող»: «Ավտո քշող» դառնալու երազանքով է ապրում նաեւ Սամվելի եղբայրը` 6-ամյա Վահեն, ով նույնպես դպրոց չի հաճախում: Երեխաների` «ավտո քշողի» մասնագիտության ընտրությունը պատահական չէ. այս տարածքում ապրելու համար ավտոն ու ավտո քշելը կենսական անհրաժեշտություն է: Այլապես ստիպված են ամեն օր հագնել ռեզինե «կալոշներն» ու 2-3 կմ ոտքով քայլել «մարդամեջ» դուրս գալու համար: Սամվելի տատիկը` 72-ամյա տիկին Նելլին, ասում է` «Էրեբունիում մի սենյականոց տուն ունենք: Տեսանք, որ չենք կարողանում ապրենք, գործ չենք ճարում, ապրուստի միջոց չկա` տունը վարձով տվեցինք, մի հատ կով առանք ու եկանք ստեղ ապրելու»: Սարերի, ամայի տարածության մեջ տեղակայված, մարդկությունից կտրված այս տանը տիկին Նելլին ապրում է ամուսնու, աղջկա, փեսայի եւ երկու թոռնիկների հետ: Ապրում են վարձով տված բնակարանի վարձավճարի գումարով եւ թոշակով: Ասում է` «Ես՝ մասնագիտությամբ ինժեներ, ամուսինս՝ ինժեներ, երկար տարիներ աշխատել ենք Տրիկոտաժի ֆաբրիկայում, բայց էս վերջին տարիներին սովամահ էինք լինում: Տեսանք ապրելու հնար չկա` եկանք ստեղ: Չենք դժգոհում, հիմա կով ենք պահում, հող ենք մշակում ու մի բան ստեղծում ենք»: Տիկին Նելլիի միակ դժգոհությունը ջրի բացակայությունն է, քանի որ դույլերով ջուր կրելու համար ամեն օր հասնում են Թոխմախգյոլ: Այս ընտանիքի անդամները ամիսը մեկ անգամ լողանում են անձրեւաջրերով, ձյան հալոցքից ստացված ջրով, իսկ ամռանը շաբաթներով չեն լողանում: Ասում է` «Թոռներս անձրեւաջրերի մեջ լողանալով են մեծանում, լվացքը, ամանները էդ հավաքած ջրերով ենք անում: Էնքան ենք ուրախանում, որ անձրեւ ա գալիս: Ձմռանը ձյունը վեդրոներով բերում, փեչի մոտ հալացնում օգտագործում ենք: Անցած տարի փեչով 500 լիտր ջուր եմ հալացրել: Պահ ա եղել, որ էդ ջրով բան-ման ենք եփել, ջուր բերելու հնարավորություն չի եղել»: Ասում է` Մուշականից ջրատար խողովակ անցկացնելու համար դիմել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել: Վերջերս էլ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. արձագանք չեն ստացել: Մինչդեռ տեղի բնակիչները վստահեցնում են, որ թշվառության մեջ ապրող այս մի քանի տնտեսությունը «կոտորվում» է Թոխմախգյոլից ջուր կրելով: Ջրատար խողովակաշարի կառուցումն էլ պետությունից մեծ ծախսեր չի պահանջի:
Այս տարածք երթուղային տաքսի ընդհանրապես չի մտնում, այդ պատճառով էլ մարդիկ ամեն ինչ անում են, որ մութն ընկնելուն պես տուն հասնեն, այլապես շների, օձերի բաժին կդառնան: «Դաժե ընտրությունների ժամանակ չեն գալիս: Չգիտեն, որ ստեղ մի քանի տուն կա: Որ գային` գոնե մեր խնդիրների մասին կիմանային, կօգնեին: Մարդ ենք, չէ՞, վերջը: Էս տարածքում հիմնականում անօթեւան մարդիկ են ապրում, բացի մեզնից»,- ասում է տիկին Նելլին, ով շաբաթներով, ամիսներով այդ տարածքից դուրս չի գալիս ճանապարհի հեռավորության պատճառով: Տիկին Նելլին, բացի ջրի բացակայության հանգամանքից, չի դժգոհում իրենց կենսակերպից, որովհետեւ ուղիղ երեք տարի էլ «դոմիկում» են ապրել: Հիմա փառք է տալիս Աստծուն, որ տանիք կա գլխներին. «Չնայած, որ նախնադարյան համայնական կարգեր են, բայց էնքան դժվարություններ ենք տեսել, որ սա փառք ա: Իհարկե, կուզեինք կվարտիրայում, նորմալ ապրել, բայց չէինք կարողանում: Հիմա էդ տան վարձով ենք ապրում»: Տիկին Նելլին հոգնել է ծերությունը թշվառության մեջ անցկացնելուց: Հոգսերից հաճախ ագրեսիվ է դառնում: Ասում է` «Մեր միակ աղջիկն ա, աշխատանք չի ճարում: Ինքն էլ, ամուսինն էլ վզներիս նստած են: Ի՞նչ անենք, հո մեր երեխուն դուրս չե՞նք թողի»:
Տիկին Նելլին ինձ խնդրում է` «Աղջիկ ջան, հազարից մեկ լրագրող ա ոտք դրել էս անտեր տարածք: Խնդրում եմ, էս իշխանություններին ասա՛, թող մեզ տիրություն անեն: Մեզ ընդամենը ապրելու համար ջուր ա պետք: Թող ջրատար խողովակ քաշեն` ապրենք: Թե չէ` մենք մեր գլխի ճարը տեսնում ենք, ուրիշ բան չենք պահանջում»: