Մարտի 25-ին ՀՀ ԱԺբազմակուսակցական պատվիրակությունը մեկնելու է Մոսկվա` մասնակցելու ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 16-րդ նիստին: Այդ մասին երեկ ասել է հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` նշելով, որ նիստի օրակարգում Հայաստանի մարզերի եւ ՌԴ սուբյեկտների միջեւ համագործակցության հարցն է: Ըստ նրա, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ընդառաջ գնալով ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովի հորդորներին, հայկական պատվիրակության կազմն ընդլայնել է` հասցնելով 20-ի: Այսպիսով հայկական եւ ռուսական պատվիրակությունների թիվը հանձնաժողովում հավասարեցվել է: Ա. Սաֆարյանն ասել է, որ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մշակվել են հանձնաժողովի հետագա աշխատանքին վերաբերող առաջարկությունները. մասնավորապես` հոկտեմբերին Երեւանում կայանալիք 17-րդ նիստի օրակարգում հայկական պատվիրակության առաջարկով կընդգրկվի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տրանսպորտային համագործակցության ու բեռնափոխադրումների վիճակի մասին հարցը, որն առավել հրատապ է երկկողմ տնտեսական հարաբերությունների առումով: