«Երեք-երեքուկես ժամ հետո կհրապարակվի բորսայի այսօրվա միջին փոխարժեքը: Ես վստահ եմ, այսօր լինելու է դրամի արժեւորում»,- երեկ կեսօրին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Առաջին հայացքից երեկ Ֆոնդային բորսայում դրամի արժեւորում արձանագրվել է. նախորդ օրվա 375.22 միջին կշռված փոխարժեքի փոխարեն՝ երեկ այն կազմել է 373.44 (Ֆոնդային բորսայում երեկ կատարված դոլարային գործարքները կազմել են 3.4 մլն դոլար): Սակայն տարադրամի շուկայում, ընդհանուր առմամբ, նախորդ օրվա համեմատ երեկ դոլարը արդեն թանկացել էր. նույնիսկ ԿԲ-ի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը 372.11-ից դարձել էր 374.66: Իսկ ԿԲ-ն, ինչպես հայտնի է, ինչ-որ «կախարդական» բանաձեւով հաշվարկային փոխարժեքը հաշվարկում է բորսայում տեղի ունեցած գործարքների եւ ներբանկային (երբ բանկերը տարադրամի առեւտուր են անում ոչ բորսայական շուկայում) գործարքների հիման վրա: Սակայն դոլարի «պաշտոնական» փոխարժեքը երեկ, մեղմ ասած, չէր համապատասխանում տարադրամի շուկայում արձանագրված իրական պատկերին: Իսկ երեկ տարադրամի շուկայում գրեթե նույն վիճակն էր, ինչ մարտի 2-ին` «սեւ երեքշաբթիի» նախօրեին. բանկերն ու արտարժույթի փոխանակման կետերը դոլար կամ չէին վաճառում, կամ վաճառում էին սահմանափակ քանակությամբ` 378-380 դրամ փոխարժեքով: Իսկ ֆինանսական-բանկային շրջանակներում, նաեւ բնակչության շրջանում երեկ շրջանառվող լուրերի համաձայն, այսօր կրկին սպասվում է դոլարի կտրուկ արժեւորում: Այնպես որ, չի բացառվում, որ այսօր կամ առաջիկայում Կենտրոնական բանկը անցում կատարի արդեն «սուզվող» փոխարժեքի քաղաքականությանը: