Պատճառը մարտի 1-ն է

19/03/2009

«Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել մարտի 1-ից հետո. արդյո՞ք դա կապված է մարտի 1-ի գործողությունների ժամանակ նրանց օրինազանց կամ ապօրինի գործողությունների հետ»,- երեկ ԱԺ-ում փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանին նման հարց է ուղղել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «Եթե այդպես է, ինչո՞ւ նրանք պատասխանատվության չեն ենթարկվել»,- ավելացրել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Հ.Հունանյանը հաստատեց, որ Ոստիկանության համակարգից ազատվել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում եւ՝ Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ու նրա տեղակալը: Ըստ նրա, ազատվածները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվում, որովհետեւ մարտի 1-ի դեպքերի հետ կապված քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, եւ առայժմ պարզ չէ, թե Ոստիկանության զորքերի հրամանատարները կամ Ոստիկանության աշխատակիցները մեղք ունեցե՞լ են, թե՞ ոչ: Իսկ լրագրողները հետաքրքրվել են` այդ պաշտոնյաներին համակարգից հեռացնելու որոշումը արդյո՞ք պայմանավորված է մարտի 1-ին նրանց կողմից իրականացված ոչ համաչափ կամ ոչ ճիշտ գործողություններով: «Ոչ թե նրանց մեղադրել են մարտի 1-ին հատուկ մեղսակցության համար, այլ այդ իրադարձությունները ենթադրում էին, որ գուցե Ոստիկանությունն ու Ոստիկանության զորքերը ճիշտ չեն կարողացել կազմակերպել գործողությունները տվյալ իրավիճակում, եւ հետեւանքները այդքան բարդ են եղել»,- պատասխանել է Հ.Հունանյանը: