Քաղաքացի, ֆլոմասՏԵ՞Ր ես

19/03/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀԿ-ն վերջնականապես որոշել է, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է միայնակ` առանց կոալիցիոն կուսակցություններից որեւէ մեկի հետ դաշինք կազմելու: Այս հարցը ՀՀԿ-ում այլեւս փակված են համարում, ու լրջորեն «պլյուս-մինուս» են անում, թե որ քաղաքական ուժին քանի տոկոս «ձայն է հասնելու»:

Այսպիսով` «Ժառանգություն» կուսակցության վերջին ռեւերանսները հաշվի առնելով` ՀՀԿ-ն հույս ունի ընտրություններում հաղթել ոչ թե 41 տոկոսով, այլ` 50-60: «Ժառանգություն» կուսակցության որոշումը` Երեւանի քաղաքապետի ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու վերաբերյալ, ըստ էության` ՀՀԿ-ի համար ամենեւին էլ անակնկալ չէր: ՀՀԿ-ական պատգամավորները մինչ նրանց որոշումն էլ պատրաստ էին գրազ գալ ցանկացածի հետ, ով կպնդեր, թե «Ժառանգությունն» ու Հայ Ազգային կոնգրեսն ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով: Միակ վերապահումը, որ այս առումով արվում էր «Ժառանգության» վերաբերյալ, այն էր, որ «Ժառանգությունը» կմիանա Կոնգրեսին միայն այն դեպքում, եթե ցուցակը չգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչեւէ, ՀՀԿ-ի հաշվարկների մեծ մասը կապված էր հենց «Ժառանգության» երկուշաբթի օրվա խորհրդավոր նիստի հետ, որտեղ իբրեւ պետք է «Ժառանգությունն» առողջ քննարկում ծավալեր ու որոշեր, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Այսինքն, ըստ մեր աղբյուրների` «Ժառանգության» այդ նիստն իրականում բլեֆ է եղել, քանի որ նրանք արդեն վաղուց որոշած են եղել, որ չեն միանալու ՀԱԿ-ին: Երեկ ԱԺ-ում շատերը հենց դրանով էին նաեւ բացատրում երեքշաբթի օրն ԱԺ հայտարարությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների շնորհավորանքներն ու գովեստի խոսքերը «Ժառանգությանը»` նման որոշում ընդունելու համար: Որովհետեւ, եթե հանկարծ «Ժառանգությունը» հակառակ որոշումը կայացներ, ապա ՀՀԿ-ն ստիպված կլիներ Երեւանի քաղաքապետի ընտրություններին գնալ առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական ցուցակով: Դա էր նաեւ պատճառը, որ ՀԱԿ-ի հայտարարությունից հետո կոալիցիոն գրեթե բոլոր ուժերը խուսափում էին հստակ ասել` կոալիցիան միասի՞ն է մասնակցելու ընտրություններին, թե՞ առանձին-առանձին: ՀԱԿ-ի հայտարարությունից հետո ՀՅԴ-ն ու «Օրինաց երկիրը» ամենաշատն էին շահագրգռված ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու, քանի որ նրանք բոլորից լավ են հասկանում, որ ընդդիմության նման թեկնածուի պարագայում, ինչպիսին է Լ. Տեր-Պետրոսյանը, իրենք 7 տոկոս ձայն հավաքելու որեւէ հնարավորություն չունեն: Ասում են` հենց դա է պատճառը, որ մինչ օրս ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ն իրենց շարքերից չեն կարողանում գտնել այնպիսի թեկնածուների, ովքեր պատրաստ կլինեն գլխավորել այն ցուցակը, որն ի վիճակի չի լինելու հավաքել նույնիսկ 7 տոկոս ձայն: Այսինքն` ոչ ոք չի ցանկանում գլխավորել ի սկզբանե ջախջախիչ պարտություն ապահովող ցուցակը:

Իսկ ՀՀԿ-ն հրաժարվել է կոալիցիոն գործընկերների հետ մեկ ցուցակով մասնակցել ընտրություններին նաեւ այն պատճառով, որ լուրջ մտավախություն ունի, թե այդ դեպքում կոալիցիոն մյուս ուժերը որեւէ ջանք չեն գործադրի ընտրություններում առավել շատ ձայն հավաքելու համար, քանի որ Երեւանի քաղաքապետը լինելու է ոչ թե իրենց կուսակցության ներկայացուցիչը, այլ` ՀՀԿ-ի: Իսկ այս դեպքում, ըստ ՀՀԿ-ականների, նրանցից յուրաքանչյուրն ամեն ինչ կանի` իր կուսակցության համար մեծ թվով ձայներ ապահովելու համար, որոնք, ըստ ՀՀԿ-ականների` վերջում, միեւնույն է` «գրվելու» են ՀՀԿ-ի օգտին: Ճիշտ է` այդ դեպքում ԲՀԿ-ն շատ թվով ավագանիներ կունենա Երեւանի քաղաքապետարանում, սակայն ՀՀԿ-ի համար դա այսօր այնքան էլ էական չէ: Կարեւորը նրանց համար ՀՀԿ-ի թեկնածուին քաղաքապետ դարձնելն է: Այսինքն` որքան շատ ձայն հավաքի «Բարգավաճ Հայաստանը», այնքան ՀՀԿ-ին լավ, վերջում այն կգումարվի իրար, եւ ՀՀԿ թեկնածուն, ըստ իրենց հաշվարկների` կդառնա Երեւանի քաղաքապետ: Այս սցենարն իրականացնելու համար իշխանությունները նախ հաշվարկել են, որ ընտրություններին «մասնակցելու» է 450.000 քաղաքացի (թե ինչպես` հայտնի չէ), եւ որոշել են ձայները բաշխել հետեւյալ կերպ: ՀՀԿ-ն որոշել է իրեն «շնորհել» 30-35 տոկոս ձայն, Հայ Ազգային կոնգրեսին իշխանությունները մտադիր են «գրել» 25 տոկոս, «Բարգավաճ Հայաստանին»` 20 տոկոս, «Ժառանգությանը»` 7 տոկոս, իսկ մնացած 13 տոկոսը կբաժանվի մյուս մասնակից քաղաքական ուժերի միջեւ: Հիշեցնենք, որ մինչ Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունն իշխանություններն այլ բաժանում էին կատարել: Ըստ նախկին հաշվարկների` «Օրինաց երկիր» կուսակցությանն իշխանությունները մտադիր են տալ 7-8 տոկոս, ՀՅԴ-ին` 8-9 տոկոս, «Բարգավաճ Հայաստանին»` 10-12 տոկոս, ընդդիմության օգտին` 20-25 տոկոս, մնացածը` Հանրապետական կուսակցությանը: Այսպիսով, եթե գումարում ենք առաջին 4 քաղաքական ուժերի տոկոսները, ստացվում էր առավելագույնը 54 տոկոս: ՀՀԿ-ն որոշել էր այն ժամանակ իր հաշվին «գրել» ձայների 35 տոկոսը: Իսկ մնացածը՝ Տիգրան Կարապետիչին եւ այլ «ցանկացողներին»: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, այժմ նրանց պլանները փոխվել են: Եվ հիմա արդեն իշխանության ներսում այլ սցենար է պատրաստվում մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների համար: «Ժառանգության» շնորհիվ, որն, ըստ ՀՀԿ-ական պատգամավորների` իր վերջին որոշման արդյունքում դարձավ թվանկարչության հրաշալի գործիք: Կամ «Ֆլոմաստեր»: