«Մեր բակը» ֆիլմում մի դրվագ կար, որտեղ Աշոտ Ղազարյանի հերոսն անհասկանալի դիրքում պառկած` ասում է, որ «շատ խառն է»:
Հիմա Հայաստանը հենց այդ վիճակում է` շատ խառը: Դոլարը լողում է` հայերը «սկում են», «Միասինը» դասախոսների նկարները պատերին է կպցնում` մոռանալով, որ այս երկրում ամենակաշառակերները ուրիշ ոլորտներում են աշխատում (օրինակ, դատաիրավական համակարգում), ռուսներն ու չինացիները վարկերը չեն տալիս, ընդդիմության շարքերում իրար «խեւ ու հաճախորդ» են անվանում, եղանակը մյուս կողմից է խառնվել: Մի խոսքով` իսկական խառնաշփոթ: Ու այս ամենը բավական չէր, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, Մուրադի նման, «բռնեց ու կատաղեց»: Ու հիմա ազգովի գնում ենք դեպի քաղաքապետի ընտրություններ: Մի քանի օր առաջ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը մեր ապագա ընտրությունները համեմատելով ԱՄՆ անցած նախագահական ընտրությունների հետ՝ ասաց, որ ծերացող եւ ծայրահեղական ՄըքՔեյնը ոչինչ չկարողացավ հակադրել երիտասարդ եւ դեմոկրատ Օբամային: Համեմատությունը թեեւ տեղին չէր, բայցեւ, շատ կարեւոր հանգամանք, ԱԺ պատգամավորը, այնուամենայնիվ, մոռացել է նշել: ԱՄՆ-ում հանրապետական թեկնածուն, ի վերջո, պարտվեց: Եվ հետո, Բարաք Օբաման նախընտրական շրջանում ստիպված չէր պայքարել նաեւ «կոալիցիոն գործընկերների» դեմ: Այսքանը՝ հենց այնպես, իմիջիայլոց: Բայց նման խառը իրավիճակներում միշտ էլ սկսում են ի հայտ գալ անհասկանալի դեմքեր` հիմնականում միջին կարգի չինովնիկներ, որոնք ժամանակին միջին կարգի կաշառակերությամբ են զբաղվել, կամ չափազանց ամբիցիոզ երիտասարդներ: Այս «երեւույթների» միակ նպատակը «ռասկրուտկա» լինելն է: Եվ ահա, երեկ մամուլում հանդիպեցի ի սկզբանե «մեռելածին» ՀԺԱՄ կուսակցության նախագահ Վահրամ Մկրտչյանի հետեւյալ արտահայտությանը. «Կարծում եմ, որ մոտ ապագայում` աշնանը կամ մյուս գարնանը, քաղաքական դաշտում խմորումներ կլինեն, եւ նոր գաղափարների ծնունդ կառաջանա: Իմ գնահատմամբ, համաշխարհային ճգնաժամը նոր տնտեսական ֆորմացիայի սկիզբն է, որը կոչվում է հետինդուստրիալ: Չի լինի վայրի կապիտալիզմ, չի լինի ազատ մրցակցություն, կլինեն համագործակցային գաղափարի վրա հիմնված հարաբերություններ: Հայաստանում դրա շուրջ կստեղծվի մի լավ, արմատական եւ ուժեղ կուսակցություն` ապագայի կուսակցություն»: Ի գիտություն ասեմ, որ հետինդուստրիալ է կոչվում այն տնտեսական ֆորմացիան, որն այսօր ճգնաժամ է ապրում: Այնպես որ, նորը հետինդուստրիալ չի կարող լինել: Հենց այդ հետինդուստրիալ, կամ, այլ կերպ ասած` սպառողական տնտեսական ֆորմացիայի «քաղցր պտուղներն» է ստիպված ճաշակում այսօր ողջ աշխարհը: Երեւի ԱԺՄ-ն ու ՀԺԱՄ-ը ոչ լավ, ոչ արմատական եւ ոչ էլ ուժեղ կուսակցություններ էին, իսկ Սեփականաշնորհման նախարարությունում տիրում էին վայրի կապիտալիզմի բարքերը: Հետաքրքիր է, «միջին խավ» ստեղծվե՞ց, թե՞ ոչ:
Բայց վերադառնանք քաղաքապետի ընտրություններին: Սպասվող սցենարները մի քանիսն են: Քննարկենք դրանք՝ ըստ հերթականության:
Սցենար Ա.
ՀԱԿ-ը հաղթում է ընտրություններում եւ ստանձնում Երեւան քաղաքի ղեկավարումը: Այս սցենարը նման է Ժյուլ Վեռնի վեպերին, քանի որ այն կարող է իրականություն դառնալ, սակայն ոչ մոտ ապագայում: Որովհետեւ իշխանությունները արդեն հայտարարել են այն թվերը, որոնք պատրաստվում են ներկայացնել հանրությանը հունիսի մեկին. ՀՀԿ` 35%, ՀԱԿ` 20%, ԲՀԿ` 12-14%, «Ժառանգություն»` 10%, ՀՅԴ` 8%, «Օրինաց երկիր»` 7%: Հիշեցնեմ, որ այս թվերը կարող են եւ «կուտ» լինել: Այդ դեպքում գործի կդրվի Բ սցենարը:
Սցենար Բ.
Ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստանում է բացարձակ մեծամասնություն, ինչպես դա եղավ 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ: Այս դեպքում դժվար թե ՀՀԿ-ն նույնքան «մեծահոգի» գտնվի եւ իր կոալիցիոն գործընկերների հետ կրկին կիսի իշխանությունը` այս անգամ քաղաքային: Հետեւաբար, ՀՀԿ-ն կպահպանի այսօրվա ստատուս-քվոն, այսինքն՝ կոալիցիոն գործընկերներին ոչ մի թաղապետի աթոռ չի տա: Առավելագույնը, ինչ կստանան կոալիցիոն գործընկերները, կլինեն քաղաքապետարանի միջին կարգի պաշտոնները:
Սցենար Գ.
Քանի որ ՀԱԿ ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ այս ընտրություններն իրենք դիտարկում են՝ որպես նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, չի բացառվում, որ կրկնվեն նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումները: Իհարկե, այս սցենարը ամենաանցանկալին է գրեթե բոլորի համար: Քանի որ Հայաստանի իմիջի հետագա անկումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության համար: Եվ, Աստված մի արասցե, նոր զոհեր ունենանք:
Սցենար Դ.
Քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ մարտիմեկյան հանրահավաքում խոսեց «ազգային համաձայնության կառավարության» մասին, իսկ հետո էլ Երջանիկ Աբգարյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ «վաղ թե ուշ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի սեղմել Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնած ձեռքը», որին ի պատասխան՝ իշխանությունները հրապարակեցին վերոնշյալ թվերը, չի բացառվում, որ ընտրությունների արդյունքում համագործակցությունն իրոք կայանա: Իհարկե, հանրապետականների հաղթանակի պայմանով: Բայց այդ դեպքում «կքցվեն» կոալիցիոն գործընկերները: Հատկապես ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիրը»: Բայց չէ՞ որ քաղաքապետի ընտրության հաջորդ օրը հունիսի մեկն է` Երեխաների պաշտպանության օրը: Սա, իհարկե, ամենաանհավանական սցենարն է, քանի որ այդ դեպքում Տեր-Պետրոսյանը կդառնա «հաճախորդ»:
Սակայն այս ամենն ընդամենը սցենարներ են, որոնք կարող են տեղի ունենալ: Բայց կարող են եւ չունենալ: Իսկ այսօր կարելի է միայն մեկ բան ասել. «Հետաքրքիր է լինելու»: