Երդվել են

19/03/2009

Նախագահ Սերժ Սարգսյանի ս.թ. փետրվարի 27-ի հրամանագրով Աղասի Դարբինյանը նշանակվել է, Արագածոտնի մարզի, Ավագ Գաբրիելյանը եւ Սերոբ Մանուկյանը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Երեկ Արդարադատության խորհրդի նիստում Ս. Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը: Շնորհավորելով նորանշանակ դատավորներին, Ս.Սարգսյանն ասել է. «Այսօր ձեզ համար եւ՛ պատասխանատու, եւ՛ հանդիսավոր օր է: Դուք Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվեցիք ծառայել արդարությանն ու արդարադատությանը: Մի առիթով ես ասել եմ, որ մեր հասարակության մեջ ամենամեծ դժգոհությունը անարդարությունից է, իսկ ամենամեծ պահանջն արդարությունն է: Դա եղել է, կա, եւ այդ պահանջն առաջին հերթին պետք է բավարարվի դատարանում: Դուք դատավորի պաշտոնը ստանձնում եք մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ տեսանելի եւ անտեսանելի հազարավոր թելերով կապված են միմյանց հետ, որտեղ գրեթե բոլորը ծանոթ-բարեկամներ են, եւ որտեղ, ցավոք սրտի, շատ պարագաներում ընդունված չէ ծանոթ-բարեկամին մերժելը: Այդ պայմաններում դուք պետք է լինեք անաչառ, լայնախոհ եւ արդարամիտ»: