Մրցույթների անմրցունակելիության գաղտնիքը

19/03/2009

Արդեն 7 տարի է` Հայաստանում գործում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը, որը կազմակերպում է թափուր պաշտոնի համար մրցույթներ եւ իրականացնում քաղծառայողի ատեստավորում: Ի դեպ, մինչ օրս շուրջ 700 քաղծառայող չի անցել ատեստավորման փուլը, իսկ թե քանի մարդ է դուրս մնացել հայտարարված մրցութային փուլից` քաղծառայությունում չեն կարող հաշվել: «Ընդհանուր մակարդակը իջել է: Շատերը հեշտությամբ են անցնում թեստավորման փուլը, իսկ հարցազրույցի փուլում արդեն ի հայտ են գալիս դժվարություններ»,- ասում է Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Նրա համոզմամբ` այս համակարգում դեռեւս կան չլուծված հարցեր, որոնցից գլխավորը` ամենադժվարին լուծում ստացողն է: «Մրցույթների արդյունքում կարող են հաղթել մի քանի հոգի, անգամ` 7: Այն մարմինը, որը մեզ դիմում է մրցույթի կազմակերպման համար, հաղթողներին չի հրավիրում իր մոտ: Այսինքն` նրանք նայում են ցուցակը, որտեղից ընտրում են մեկ հոգու: Սա պետք է լուծվի, գոնե այն մյուս վեցին էլ պետք է հրավիրեն, հետո հայտնեն իրենց որոշման մասին»,- նշում է նա: Հետաքրքիրն այն է, թե ի՞նչ սկզբունքով են առաջնորդվում, երբ տեսնում են հաղթողների ցուցակը, որտեղ միայն մարդկանց անուն-ազգանուններ են: Թեպետ մեր իրականությունում քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն պատասխանատու կառույցում առաջացած թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, որի հաղթողին կանխավ իմանում են, պարզապես կազմակերպվում է մրցույթն` ըստ ավանդույթի կամ նույնիսկ օրենքի, ու «ընտրվում է» ընտրագույնը: Իսկ այս մասին անգամ պարտադիր չէ տեղյակ պահել քաղծառայության աշխատակիցներին, քանի որ մրցույթն անցնում է համաձայն կանոնների: Թերեւս սա է քաղծառայողի համակարգի լրջագույն հարցերից մեկը, որին լուծում տալը մեր երկրում միգուցե խիստ ռոմանտիկ է թվում: