Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես
Հովհաննիսյանը վստահ է, որ մեր իշխանությունները ցանկության դեպքում անգամ
այլեւս չեն կարող կրկնել այն, ինչ եղավ 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի
գիշերը: «Մենք հո նո՞ր չգիտենք այս իշխանությունների որակը, մտածելակերպն
ու նրանց հնարավոր գործելակերպը: Չպետք է բացառել այն, որ այս
իշխանությունները պետք է փորձեն ամեն կերպ իրենց աթոռը պահել, սրան պետք է
նաեւ մենք պատրաստ լինենք, ի՞նչ կա որ: Իդեաներին կամ հեղափոխություններին
հասնում են բավական ծանր ճանապարհով: Պետք է ընդունել, որ մենք ունենք
այնպիսի իշխանություններ, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչ է
ժողովրդավարությունը, ինչ է ընդդիմության հետ երկխոսությունը, որովհետեւ
նրանց սեղանին քաղաքական լուծումներ չեն դրված, բոլորովին այլ տիպի
լուծումներ են,- ասում է Հ. Հովհաննիսյանը` շարունակելով,- 2004-ից հետո
փոխվել է եւ՛ աշխարհը, եւ՛ մոտեցումները, եւ այնպես չէ, որ այսօր
իշխանությունները կարող են կիրառել նույն մեթոդները, ինչ ապրիլի 12-ին:
Չե՛ն կարող: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ մենք չենք կարող կրկնել
ապրիլի 12-ի դեպքերը: Նրանց ձեռքերն արդեն կապված են, ու ԱՄՆ-ը արդեն
ամենայն լրջությամբ է մոտենում այս խնդիրներին: Եթե մենք մի քիչ այլ
կազմով, այլ գաղափարներով կանգնենք Բաղրամյան պողոտայում՝ այլեւս նույնը
չի կրկնվի: «Քոչարյան Ռոբերտ, հեռացի՛ր» գաղափարը շատ լավն է, անհրաժեշտ
է, բայց բավարար պայման չէ: Հասարակությանը մենք այլ գաղափարով պիտի փողոց
տանենք: Այս դեպքում իշխանական վերնախավը եթե անգամ փորձի հանձնարարել,
հրամայել, որ ապրիլի 12-ի գործողությունները կրկնեն, չեն ենթարկվի նրանց,
ու դա չի լինի: Բոլորն էլ հասկանում են, որ իշխանափոխությունն օդ ու ջրի
պես անհրաժեշտ է, բոլորն էլ գիտեն, որ ամառվանից հետո աշուն պետք է գա:
Մենք չպետք է նայենք, թե որքան կոշտ են մեր իշխանությունները. պետք է
նայենք, թե որքան ուժեղ ենք մենք»: