Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) Շվեյցարիային, Սինգապուրին եւ Լյուքսեմբուրգին չի մտցրել այն երկրների «սեւ ցուցակի» մեջ, որոնք նրա կողմից սահմանվել են որպես «հարկային ապաստարաններ»: Այդ երկրների «սեւ ցուցակը» բովանդակում է այն նամակը, որը ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղար Անխել Գուրիան ավելի վաղ հղել էր Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր (ֆինանսների նախարար) Ալիստեր Դառլինգին: Մարտի 5-ով թվագրված ուղերձում հիշատակվել են, մասնավորապես, Շվեյցարիան, Սինգապուրը, Լյուքսեմբուրգը, ինչպես նաեւ՝ Կայմանի կղզիները, Անդորրան եւ Մոնտսերատը (Մեծ Բրիտանիայի տիրույթ): Ըստ որոշ լուրերի, ՏՀԶԿ-ն այժմ առաջարկում է այդ պետությունները բաժանել «հարկային ապաստարանների» եւ «ֆինանսական կենտրոնների»: Այն պետությունների թվում, որոնց ՏՀԶԿ-ն սահմանել է որպես «հարկային ապաստարաններ», նշված են Լիխտենշտայնը, Լիբերիան, Մոնակոն, Գվատեմալան, Պանաման, Ֆիլիպինները, Սան Մարինոն, Ուրուգվայը, ինչպես նաեւ մի խումբ կղզի-պետություններ Կարիբյան ծովում եւ Խաղաղ օվկիանոսում, մինչդեռ Շվեյցարիան, Սինգապուրը, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Հոնկոնգը եւ Բելգիան ՏՀԶԿ-ի ցուցակում նշված են որպես «ֆինանսական կենտրոններ»: Գերմանիան եւ Ֆրանսիան վերջին ժամանակներս ծավալել են «հարկային ապաստարանների» դեմ պայքարի ակտիվ արշավ: Վերջերս նրանք հայտարարել են «հարկային օազիսների» դեմ պատժամիջոցների մեխանիզմ առաջադրելու մտադրության մասին եւ կոչ են արել այս հարցը քննարկել G20-ի առաջիկա գագաթաժողովում, որը տեղի կունենա ապրիլի 2-ին Լոնդոնում: Տեղի տալով աճող ճնշմանը՝ Շվեյցարիայի, Անդորրայի, Լիխտենշտայնի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի եւ Ավստրիայի իշխանություններն անցյալ շաբաթ հայտարարել են բանկային գաղտնիության ռեժիմը մեղմացնելու եւ բանկային ոլորտում հարկային իրավախախտումների դեմ պայքարի ուղղությամբ ՏՀԶԿ-ի ստանդարտներին անցնելու պատրաստակամության մասին: Ըստ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալների՝ ընդամենը «սեւ ցուցակում» նշված է 46 պետություն, որոնց ջանքերը բանկային ոլորտում հարկային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իր ստանդարտների կիրառման ուղղությամբ Կազմակերպությունը համարում է անբավարար: