Երիտասարդների նորաձեւության կանոնների էթիկետ

19/03/2009

Ժամանակակից երիտասարդների համար նորաձեւությունն առանձնանում է ֆանտազիայի ազատ թռիչքով: Սակայն գոյություն ունեն ընդհանուր կանոններ, որոնց պետք է հետեւել: Երիտասարդներին սազում են վառ եւ ուրախ երանգները, իսկ եթե նրանք նախընտրում են մուգ գույն, ապա հագուստի վրա ինչ-որ մի շտրիխ պետք է ընդգծել վառ գույնով: Կարիք չկա, որ երիտասարդ աղջկա հագուստը կարված լինի ծանր ու թանկարժեք կտորներից: Այն պետք է առանձնանա իր թեթեւությամբ` ընդգծելով օրիորդի գեղեցկությունն ու նրբությունը:

Պատանիների նույնիսկ տոնական հագուստի մեջ կարելի է առանձնացնել մի քանի սպորտային էլեմենտ, ասենք` թեք գրպաններ կամ ազատ օձիք: Քաղաքում պետք է հագնվել ավելի համեստ, քան քաղաքից դուրս գտնվելու կամ հանգստի ժամերին: Երիտասարդ տղաների գլխարկները պետք է լինեն կեպկաներ կամ այդ տիպի գլխարկներ, քանի որ շլյապաներ դնում են արդեն տարիքով տղամարդիկ: Անկախ տարիքից, հագուստի հարցում պետք է լինել վայելչագեղ, բայց ոչ պճնամոլ: Որպեսզի հագնվեք նորաձեւ ու ճաշակով, անպայման չէ զգեստապահարանը պայթի հագուստի տեսականիից: Կարեւոր է հիշել, որ չնայած ֆինանսական կարողություններին, նոր իր ձեռք բերելիս պետք է հաշվի առնել կենսակերպն ու աշխատանքը, ոճն ու սովորությունները: Օրինակ՝ օպերային մշակույթի սիրահարներին ավելի անհրաժեշտ է երեկոյան զգեստ, քան սպորտային համազգեստ: Իհարկե, սա բոլորովին չի նշանակում, որ թատրոն գնացողին սպորտային տաբատ պետք չէ: Ժամանակակից տղամարդու զգեստապահարանում 2 կոստյումի առկայությունը պարտադիր է. մեկը՝ բաց գույնի` ամենօրյա, իսկ մյուսը՝ մուգ` հանդիսավոր առիթների համար: Պետք չէ խառնել սպորտային կոստյումն ու դասական վերնաշապիկը, այսինքն՝ ջինսե տաբատների հետ ցանկալի է հագնել սպորտային բլուզ կամ սվիտեր: Հատուկ դեպքերի համար զգեստապահարանում պետք է ունենալ սպիտակ վերնաշապիկ ու մի քանի տեսակի ու գույնի փողկապներ: Իհա՛րկե, տղամարդկանց համար նորաձեւությունն ավելի պահպանողական է, քան կանանց համար: Պարզապես կանանց դեպքում էլ ոճի հետ մեկտեղ՝ պետք է հաշվի առնել նաեւ կազմվածքը: