Իհարկե, այդ իշխանություններն են այսօր հայտարարում, թե տեղի ունեցածը
«փոխհամաձայնություն» է: Իրականում Հայաստանի իշխանությունները` անցած
ամբողջ ընթացքում չկարողացան «ֆռռացնել» եվրոպացիներին եւ արդյունքում՝
ստիպված եղան ընդունել նրանց բոլոր այն առաջարկությունները, որոնք արվել
էին դեռեւս Սահմանադրական բարեփոխումների գործընթացի սկզբնական փուլում:
Ինչ էին առաջարկում եվրոպացիները` իշխանության թեւերի հստակ տարանջատում
եւ լիազորությունների հավասարակշռում, դատական իշխանության անկախության
ապահովում, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության
ինքնուրույնություն, այդ թվում` Երեւանի քաղաքապետի ընտրովիություն: Կարճ
ասած` Եվրոպայի խորհուրդն առաջարկում եւ պահանջում էր ընդունել
Սահմանադրություն, որը կապահովի իրական ժողովրդավարություն: Այսինքն` այս
ողջ ընթացքում իշխանությունները ոչ թե Սահմանադրական փոփոխությունների այս
կամ այն կետը պահպանելու համար էին հակադրվում եվրոպացիներին, այլ
իրականում դիմադրում էին ժողովրդավարությանը: Չստացվեց, կամ առայժմ
չստացվեց: Եվ հիմա բոլորը ցույց են տալիս, որ գոհ են եվրոպացիների հետ
ձեռք բերած պայմանավորվածություններից: Բոլորը գոհ են՝ եւ
իշխանությունները, եւ ԵԽ-ն ու ընդդիմությունը: Եվ անցած շաբաթ
Ստրասբուրգում ավարտված բանակցությունների արդյունքը համարում են
«աննախադեպ» հաջողություն Հայաստանի համար: Ընդ որում, այս հարցում
իշխանություններն ու ընդդիմությունը ցուցաբերում են աննախադեպ
միասնականություն: Իրար հետ ասուլիսներ են տալիս, մեկը մեկին լրացնելով՝
հայտարարում են, թե ժողովրդավարացման հարցում ինչ թռիչքաձեւ առաջընթաց է
ապահովելու Հայաստանը նման սահմանադրական փոփոխությունների արդյունքում:
Սակայն, եթե իշխանությունների նման պահվածքը ինչ-որ տեղ հասկանալի է, ապա
ընդդիմության ոգեւորվածությունը, մեղմ ասած, տարօրինակ է:
Պարզ է, որ իշխանությունները հայտնվել են հիմար վիճակում: Ժողովրդավարական
արժեքները «ազգային մենթալիտետի», «հզոր ղեկավարի» մասին
հայտարարություններով հակադրելուց հետո ստիպված ընդունում են Վենետիկի
հանձնաժողովի առաջարկները: Բայց հո չե՞ն կարող ասել, թե հզոր ղեկավարի
«թափը չի հերիքել», եւ նա զիջել է եվրոպացիներին: Դրա համար պետք է տեղի
ունեցածը ներկայացնել որպես Հայաստանի ձեռքբերում: Մի հարցնող լինի` եթե
Սահմանադրության այդ փոփոխությունները պայծառ ապագա են խոստանում
Հայաստանին, դուք էլ այդքանը հասկանում էիք, ինչո՞ւ էիք այդքան ժամանակ
տանում-բերում եվրոպացիներին, Վենետիկի հանձնաժողովին մեղադրում քաղաքական
պատվեր կատարելու մեջ: Իսկ հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում,
կարծես Վենետիկի հանձնաժողովը դեմ է եղել, Հայաստանի իշխանություններն են
համոզել նրանց, որ մեր սահմանադրական փոփոխությունների մեջ ամրագրվեն այն
կետերը, որոնք ընդամենը երկու ամիս առաջ հակասում էին մեր «մենթալիտետին»:
Իհարկե, այս պահին դժվար է ենթադրել, թե իրադարձությունների զարգացման ինչ
սցենարներ են մշակել իշխանությունները: Բացառված չէ, որ արդեն այսօրվանից
իշխանություններն աշխատում են Սահմանադրական հանրաքվեն տապալելու
ուղղությամբ: Ավելին, երկու օր առաջ ԵԽ Նախարարների կոմիտեի դիտորդական
խմբի ղեկավար Ռոլանդ Վեգեների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը
հայտարարել է, թե ինքը թիկունք է կանգնելու սահմանադրական բարեփոխումներին
եւ հասարակությանը համոզելու է, որ այն դրական փոփոխություն է Հայաստանի
ապագայի համար: Սա արդեն լուրջ քայլ է հանրաքվեն տապալելու համար, քանի որ
հասարակությունը հազիվ թե կողմ լինի մի բանի, որի թիկունքը Ռոբերտ
Քոչարյանն է: Իսկ եթե հասարակությունը «ոչ» ասի սահմանադրական
փոփոխություններին, իշխանությունները դա կօգտագործեն որպես ապացույց, որ
մեր ժողովուրդն իսկապես ուրիշ մենթալիտետ ունի եւ ցանկանում է «հզոր
ղեկավար» ունենալ:
Ավելի հետաքրքիր է ընդդիմության վիճակը, որը, փաստորեն, հանուն
սահմանադրական բարեփոխումների՝ պատրաստվում է դադարեցնել ավելի քան երկու
տարվա բոյկոտը եւ վերադառնալ խորհրդարան: Ընդդիմությունն
իշխանություններից պահանջում էր կատարել ԵԽ առջեւ ստանձնած
պարտավորությունները, հիմա դրանք, փաստորեն, կատարվում են, եւ ստացվում է,
որ ընդդիմությունն իշխանություններից այլեւս որեւէ պահանջ չունի:
Ընդհանրապես, այս ամբողջ պատմությունն այնպիսի տպավորություն ստեղծեց, թե
Հայաստանում միակ լուրջ խնդիրը Սահմանադրությունն էր, եւ ընդդիմությունն
էլ ընդդիմություն էր հենց այդ պատճառով: Իշխանափոխությունն այլեւս
համարվում է «ինքնանպատակ», եւ անգամ ընդդիմությունն է լծվել
սահմանադրական բարեփոխումների քարոզչության գործին: Այսպիսով,
իշխանափոխության հարցը կարծես սահուն կերպով դուրս է գալիս Հայաստանի
քաղաքական օրակարգից: Իսկ ընդդիմության այն պնդումները, թե
իշխանափոխություն կիրականացնեն ժողովրդավարական Սահմանադրության միջոցով,
նման են ինքնախաբեության: Նախ` չնայած ԵԽ-ի պահանջին` նոր
Սահմանադրությունը կիրառել հնարավորինս կարճ ժամկետներում, հազիվ թե այն
գործողության մեջ մտնի 2007 թվականից շուտ: Եվ հետո` անցած տարիները ցույց
տվեցին, որ Սահմանադրության խախտմամբ իշխանության եկած վարչակարգին
հնարավոր չէ հեռացնել Սահմանադրության շրջանակներում կամ, ինչպես
ընդունված է ասել՝ սահմանադրական ճանապարհով:
Մի խոսքով, կարելի է արձանագրել, որ իր ընդդիմադիր գործողություններով
առանց այդ էլ աչքի չընկնող մեր ընդդիմությունն անցած շաբաթ վերածվեց
միանգամայն կառուցողական ընդդիմության: Ի դեպ, Ռոլանդ Վեգեների հետ
հանդիպման ժամանակ Քոչարյանը վստահեցրել էր, որ Սահմանադրական հանրաքվեն
անցկացվելու է համագործակցության պայմաններում: Դատելով ընդդիմության
գործողություններից, այդ համագործակցությունն արդեն սկսված է:
Սահմանադրության շրջանակներում: