Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում պետք է իրականացվի 2009թ. բյուջեի ծախսերի վերաբաշխում. առաջին եռամսյակի որոշ ծախսեր պետք է տեղափոխվեն չորրորդ եռամսյակ:
Իսկ երեկ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ֆինանսների նախարարությունում քննարկվել է որոշ ծախսեր կասեցնելու հարցը: Հաղորդագրությունում սակայն չի նշվում, թե բյուջեի հատկապես որ հոդվածների եւ ինչ ծավալի մասին է խոսքը: 2009թ. բյուջեի եկամտային մասը նախատեսված է 905 մլրդ դրամ: ՀՀ օրենսդրության համաձայն՝ կառավարությունն իրավունք ունի ինքնուրույն ծախսերի վերաբաշխում իրականացնել բյուջեի եկամտային մասի միայն 15 տոկոսի չափով: Մեր տեղեկություններով, կառավարությունը մտադիր է տարեվերջ տեղափոխել մոտ 131 մլրդ դրամի ծախսեր, ինչը կազմում է բյուջեի եկամտային մասի 14,5 տոկոսը: Իսկ եթե վերաբաշխման ծավալները մեծանան, ապա կառավարությունը պարտավոր է դրանք ներկայացնել ԱԺ-ի հաստատմանը: Ամենայն հավանականությամբ, վարչապետն անցած շաբաթ խմբակցություններին նաեւ տեղեկացրել է, թե որ ոլորտների ծախսերին է վերաբերում այդ վերաբաշխումը: ԱԺ խմբակցություններում, իհարկե, չեն կոնկրետացնում, թե Տ. Սարգսյանը հատկապես ո՞ր հոդվածներով ծախսերն է ցանկանում հետաձգել: Մեզ հետ զրույցներում պատգամավորները «պարզապես» ենթադրություններ էին անում, թե որ ծախսերից կարելի է հրաժարվել: Գրեթե բոլորի համոզմամբ, վերաբաշխման պարագայում անձեռնմխելի պետք է մնան սոցիալական ապահովության ոլորտի բոլոր տիպի ծախսերը` աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, միանվագ օգնությունները եւ այլն: ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ անձեռնմխելի պետք է մնան նաեւ կրթության ու առողջապահության ոլորտի ծախսերը: Ըստ նրա, առայժմ կարելի է ձեռնպահ մնալ մշակույթի ոլորտի, ներկայացուցչական, պետական կառավարման համակարգի, գործուղումներին տրամադրվող որոշ ծախսերից: ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանն էլ կարծում է, որ կարելի է հետաձգել գործուղումների, նոր մեքենաների, ենթակառուցվածքների հետ կապված ծախսերը: Նա նույնիսկ գտնում է, որ կարելի է կրճատել բյուջեից ստացվող բարձր աշխատավարձերը: Իսկ նույն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասում է, որ կարելի է հետաձգել դպրոցների ու ճանապարհների վերանորոգման ծրագրերը:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին, երբ ԱԺ-ում քննարկվում էր 2009 թ. բյուջեի նախագիծը, հավանության արժանացավ գործուղումներին եւ վերը թվարկած գրեթե բոլոր ուղղություններով հատկացումները բարձրացնելու կառավարության առաջարկը: Նույնիսկ ֆինանսական բլոկի նախարարներին հարց ուղղվեց, թե գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին իրատեսակա՞ն է արդյոք 3 միլիարդանոց բյուջեի հավաքագրումն ու նման ծախսերի ավելացումը: Կառավարության ներկայացուցիչներն այն ժամանակ սխալ էին համարում անգամ նման կարգի հարցադրումները: «2009թ. պետական բյուջեի նախագծով հնարավոր կլինի ապահովել հանրապետության տնտեսության բարձր տեմպեր, հասարակության բարեկեցության արժանավայել մակարդակ, արտաքին սպառնալիքների նկատմամբ պատշաճ անվտանգություն»,- նման հարցադրումներին ի պատասխան՝ ԱԺ-ում հայտարարել էր Տ. Սարգսյանը` անցած տարվա հոկտեմբերի 24-ին: «Իհարկե, ավելի հեռատես պետք է լինել: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա կրճատումներ պետք է անենք, եթե կանխավ կարող էինք հասկանալ եւ միջոցներ ձեռնարկել, որ հիմա փաստի առաջ չկանգնեինք: Ինչքան էլ դաժան լիներ, պետք էր կանխավ հայտարարել այդ դժվարությունների մասին»,- ասում է Վ.Բոստանջյանը: Այսպիսով, իր հայտարարությունից ընդամենը 4 ամիս անց Տ.Սարգսյանը քննարկում է ծախսերի հետաձգման հարցը: Այսինքն` կառավարությունը խոստովանում է, որ այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ բյուջեն առնվազն 15 տոկոսով չի կատարվել: Մեր տեղեկություններով՝ հարկահավաքման նախատեսված չափն իրականում չի ապահովվում շատ ավելի` մոտ 30 տոկոսով: Իսկ այս ծախսերի տեղափոխումը չորրորդ եռամսյակ արդյո՞ք չի նշանակում, որ կառավարությունը, այնուամենայնիվ, որոշել է սեկվեստր` ծախսերի կրճատում անել, սակայն խուսափում է այդ մասին ուղղակի հայտարարել: «Ուզում եք՝ դրա անունը սեկվեստր դրեք, վերաբաշխում դրեք, հասկացողների համար միեւնույն է»,- ասում է Վ.Բոստանջյանը:
«Այսօր սեկվեստրի ու կառավարության հրաժարականի խնդիր չունենք»,- պնդում է Գ.Սահակյանը: «Կարծում եմ՝ այո, որովհետեւ շատ դժվար է լինելու բյուջեն ապահովել»,- մեր նույն հարցին ի պատասխան՝ ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ երկրորդ եռամսյակում կառավարությունը չի հայտարարի ծախսերի եւս 15 տոկոսի կրճատման, կամ, ինչպես այս պահին ընդունված է ասել, վերաբաշխման մասին: «Հավանականությունը գրեթե զրո է, որ մենք այդ 131 մլրդ դրամի վերաբաշխումով պետք է ամփոփվենք: Ես կարծում եմ, որ ավելի մեծ կլինի ծավալը»,- ասում է Վ.Բոստանջյանը:
«Ես, իհարկե, չեմ կարծում, որ այդքան մեծ գումար կկրճատվի բյուջեից, համենայնդեպս, եթե նույնիսկ կրճատվի էլ, սոցիալական պաշտպանության ծախսերի համար բյուջեն լուծումներ գտնում է: Վերջին հաշվով, ոչ մեկը չի կարողացել կանխատեսել, թե ճգնաժամերը երբ պիտի դադարեն: Բայց մեր ուսումնասիրություններով, եթե աշխարհին նայում ենք, ճգնաժամը շատ երկար չի կարող տեւել»,- ասում է ի պաշտոնե գրեթե միշտ լավատես Գ.Սահակյանը:
«Հավանականությունը մեծ է, որ այդ թիվն ավելի է մեծանալու, որովհետեւ տնտեսական այն համակարգը, որ մեզ մոտ գոյություն ունի, որեւէ ձեւով թույլ չի տալիս, որ հակաճգնաժամային քայլերն արդյունավետ լինեն: Նախ պետք է վերացնել մոնոպոլ, օլիգարխիկ, կրիմինալ համակարգը, որպեսզի ճգնաժամը մեր երկրում շատ ավելի ցավոտ չլինի»,- գտնում է Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ Տ. Սարգսյանը հայտարարել էր, թե «ճգնաժամը դեռ իր պիկին չի հասել»: