Վերջին 2 տարիներին ԱՊՀ երկրներում միմյանց հաջորդող «գունավոր
հեղափոխությունները» շատերի մեկնաբանմամբ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի
ազդեցության թուլացման վկայությունն են: Թերեւս դրա վկայությունն է նաեւ
Վրաստանից ռուսական ռազմական բազաների դուրսբերման հարցի շուրջ կայացած
համաձայնությունը:
Ինչեւէ, Վրաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերման գործընթացն արդեն
սկսվել է, եւ այդ բազաների զինտեխնիկայի մի մասը, որը ոմանց գնահատմամբ
զուտ մետաղի ջարդոն է, տեղափոխվում է Հայաստան: Օրեր առաջ էլ ՆԱՏՕ-ի
ղեկավարությունը` գլխավոր քարտուղարի եւ վերջինիս տեղակալի մակարդակով,
հայտարարեց, որ եթե ՀՀ իշխանությունները Հայաստանից ռուսական ռազմական
բազաները հանելու հարց բարձրացնեն, ՆԱՏՕ-ն այդ հարցում կօժանդակի
Հայաստանին: Ի՞նչ կարծիքի են հայաստանյան քաղաքական ուժերն այս ամենի
կապակցությամբ եւ արդյոք նրանք այսօր տեսնո՞ւմ են ռուսական ռազմաբազաները
Հայաստանից հանելու անհրաժեշտություն: «Հայաստանի ազատական առաջադիմական
կուսակցության» (ՀԱԱԿ) ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով`
Հայաստանն այդ հարցով շարունակում է վարել վտանգավոր, բայց կոմպլեմենտար
քաղաքականություն: ՀԱԱԿ ղեկավարը կարծում է, որ Հայաստանը պետք է վերածվի
ժողովրդավարական պետության, իր առջեւ խնդիր դնի մոտ ապագայում անդամակցել
ՆԱՏՕ-ին, եւ Հայաստանից պետք է ողջամիտ ժամանակահատվածում դուրս բերվեն
այլ երկրի ռազմական բազաները, ինչն էլ անվտանգ կդարձնի եւ՛ Հայաստանը, եւ՛
ամբողջ տարածաշրջանը: «Մենք սուվերեն երկիր ենք, եւ մեր երկրում այլ երկրի
զինվորականների գտնվելը չի բխում մեր երկրի շահերից»,- համոզված է ՀԱԱԿ
ղեկավարը: Ռուսական ռազմական բազաները մեր երկրից հանելու
անհրաժեշտություն է տեսնում նաեւ «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Վերջինիս խոսքերով` ռուսական
բազաների օր առաջ հեռացումը Հայաստանից ավելի երաշխավորված կդարձնի ՀՀ
անվտանգությունը: Պրն Սուրենյանցը նշեց սակայն, որ այս հարցի վերաբերյալ
իրենց կուսակցությունը վերջնական որոշում դեռ չի կայացրել, հարցը
քննարկման փուլում է, եւ առաջիկա ամիսներին հայտնի կդառնա այս հարցում
կուսակցության դիրքորոշումը: Ս. Սուրենյանցն այնուհետեւ ավելացնում է, որ
ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայությունը Հայաստանում խոչընդոտում է
հայ-թուրքական հարաբերությունների բնականոն զարգացմանը, ինչի
բացակայությունն էլ, ըստ էության, սահմանափակում է Հայաստանի
ինքնիշխանությունը: Տրամագծորեն հակառակ կարծիքի են Հայաստանի
Կոմունիստական կուսակցությունում (ՀԿԿ): Մեզ հետ զրույցում ՀԿԿ Կենտկոմի
1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը որոշ ուժերի կողմից Հայաստանից ռուսական
ռազմաբազաների դուրսբերման մասին խոսելը համարում է կրկնակի ազգային
դավաճանություն, իսկ «պարզ» ազգային դավաճանություն է համարում Վրաստանից
ռուսական զինտեխնիկայի մի մասի Հայաստան բերելու դեմ խոսելը: Նա զարմանում
է, թե ինչո՞ւ են որոշ ընկերներ անհանգստություն դրսեւորում այս հարցի
կապակցությամբ: «Այդ զինտեխնիկան ոչ թե տեղափոխվում է Հայաստան, այլ՝
Հայաստանում ռուսական ռազմակայան. իրենց ռազմակայանն է, իրենց զինուժը
տեղափոխում են: Ինչի՞ մասին է այդ անհանգստությունը»,- հարցնում է ՀԿԿ
Կենտկոմի 1-ին քարտուղարը: Պարզվում է, որ ՀԿԿ-ն օրեր առաջ այս առիթով
նույնիսկ «առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչների շարունակվող
բարբաջանքը» դատապարտող հայտարարություն է հրապարակել: Ռ. Թովմասյանի
խոսքերով` եթե որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը կամ նրա
լաքեյները փորձեն բարձրացնել Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման
հարցը, ապա ինքը ստիպված կլինի ՀԿԿ ողջ հզորությունն օգտագործելով՝ բողոքի
մի մեծ ալիք բարձրացնել: «Արդարություն» դաշինքն էլ այս ամենի շուրջ հստակ
դիրքորոշում չունի, քանի որ, ինչպես փոխանցեց ԱԺ համանուն խմբակցության
քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, այդ հարցը Հայաստանի համար ամենակարեւոր
հարցը չէ եւ դաշինքում չի քննարկվել: Իսկ Վ. Դալլաքյանի անձնական
կարծիքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է գտնվեն անվտանգության
միեւնույն համակարգում: Նա նշեց, որ այս հարցում ամեն ինչ սեւ ու սպիտակ
չէ, եւ հիշեցնելով ԱՊՀ-ի` ակումբ լինելու մասին գարնանը Երեւանում ՌԴ
նախագահի արած հայտնի հայտարարությունը, կարծիք հայտնեց, որ դա
կանդրադառնա նաեւ ռազմական հարաբերությունների վրա: Իսկ ահա «Նոր
ժամանակներ» (ՆԺ) կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեր այն հարցին,
թե իրենք ռուսական բազաները Հայաստանից հանելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ
են, կտրուկ պատասխանեց` ոչ: Ավելին, ՆԺ-ն շատ դրական է գնահատում
Վրաստանից ռուսական բազաների զինտեխնիկայի մի մասի Հայաստան տեղափոխելու
փաստը: Այս հարցի վերաբերյալ հակառակ կարծիքի են «Հանրապետություն»
կուսակցությունում: Ինչպես փոխանցեց այդ կուսակցության քաղխորհրդի անդամ
Ս. Սուրենյանցը, «Հանրապետություն» կուսակցությունը խստիվ դատապարտում է
Վրաստանի ռուսական փակվող բազաների զինամթերքի մի մասի տեղափոխումը
Հայաստան եւ խորապես համոզված է, որ դա չի նպաստում տարածաշրջանային
համագործակցությանը Հայաստանի ինտեգրմանը եւ ոչ էլ բխում է մեր պետության
ու քաղաքացիների անվտանգության շահերից: Այս հարցում «Հանրապետությունն»
ու ՀԱԱԿ-ը կարծեք թե համակարծիք են: ՀԱԱԿ ղեկավար Հ. Հովհաննիսյանն այս
կապակցությամբ նշեց, որ բացասական է գնահատում այն, որ առանց մեր կամքի
Ռուսաստանը որոշում է, որ Վրաստանից դուրս եկող ռազմական տեխնիկայի մի
հսկայական մաս պետք է տեղափոխվի Հայաստանում գտնվող ռուսական բազաներ: Հ.
Հովհաննիսյանը, հիշեցնելով Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունն
այն մասին, որ Ռուսաստանն այդ զինամթերքը ոչ թե Հայաստան է տեղափոխում,
այլ՝ Հայաստանում գտնվող Գյումրիի ռուսական բազա, կարծիք հայտնեց, որ
դրանից կոպիտ հայտարարություն Արտգործնախարարության ղեկավարները դժվար թե
անեին: «Նրանք Հայաստանի տարածքը համարում են իրենց սեփականությունը եւ
կարծում են, որ այնտեղ կարող են ամեն ինչ անել: Այդտեղից է, որ
Հայաստանում ռուսական բազաների հետագա ընդլայնումը դառնում է շատ
վտանգավոր»,- ասում է ՀԱԱԿ ղեկավարը: Ինչ վերաբերում է ռուսական բազաները
Հայաստանից հանելու հարցում Հայաստանին օժանդակելու ՆԱՏՕ-ի ղեկավարության
պատրաստակամությանը, պրն Հովհաննիսյանը կարծում է, որ այդ
հայտարարություններով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ նրա տեղակալը մեզ`
հայերիս, հստակ ասացին. «Եթե դուք ինչ-որ ձեւով վախենում եք կամ չեք
կարողանում Ռուսաստանի հետ ձեր հարցերը լուծել, մենք ձեզ կօգնենք»:
Այս հարցերի վերաբերյալ քաղաքական մյուս կուսակցությունների
դիրքորոշումները կներկայացնենք հաջորդ համարում: