Կոալիցիան խուճապի մեջ է

17/03/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Կիրակի օրը երեկոյան կայացած Հայ Ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստում ընդունված որոշումը, ըստ որի՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ընդդիմության ցուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լուրջ իրարանցում է առաջացրել կոալիցիայում, որի ներկայացուցիչների խուճապը երեկ արդեն ակնհայտ էր: Նշենք, որ ՀԱԿ-ի որոշմամբ Երեւանի քաղաքապետի ընտրություններում համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնելու է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորները երեկ որքան էլ փորձում էին թաքցնել, որ Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումով իրավիճակն իրենց համար կտրուկ չի փոխվել` վատ իմաստով, չէր հաջողվում: Երեկ նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում, որ ՀՀԿ-ն կարող է անգամ փոխել իր թեկնածուին` Գագիկ Բեգլարյանին: Նաեւ խոսակցություններ կային, որ ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է քաղաքապետի ընտրություններին մասնակցեն միասնական ցուցակով: Ինչ վերաբերում է կոալիցիոն մյուս կուսակցություններին` ՕԵԿ-ին եւ ՀՅԴ-ին, ապա, ըստ մեր աղբյուրների, նրանք, այնուամենայնիվ, մասնակցելու են առանձին ցուցակներով: Խնդիրն այն է, որ վերջիններիս ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն լուրջ չեն համարում` պատճառաբանելով, որ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն Երեւանում ընտրազանգված չունեն եւ իրենցից առանձնապես մեծ վտանգ չեն ներկայացնում: Բանն այն է, որ եթե կոալիցիան քաղաքապետի ընտրություններին մասնակցի միասնական թեկնածուով, ապա հաղթելու դեպքում ստիպված կլինի համայնքների ղեկավարների պաշտոնները բաժանել «արդարաբար», իսկ եթե նրանք ընտրություններին մասնակցեն առանձին ցուցակներով, ապա հավանականությունը, որ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն չեն կարողանա հաղթահարել 7 տոկոսի շեմը` շատ ավելի մեծ է: Այդ պարագայում ո՛չ ՕԵԿ-ը, ո՛չ էլ ՀՅԴ-ն համայնքապետեր չեն ունենա:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումով իրենց համար իրավիճակը չի փոխվում, կամ հնարավո՞ր է, որ կոալիցիան որոշի ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուով: «Չեմ կարծում, որ նման քննարկում լինի: Ինչի՞ պետք է իրավիճակ փոխվի: ՀՀԿ-ի ցուցակն արդեն կազմավորվել է, օրեր հետո կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Կարծում եմ` կոալիցիան արդեն որոշել է եւ առանձին-առանձին է ներկայացնելու իր ավագանիների ցուցակը»: Հարցին էլ, թե՝ մտավախություն չունե՞ք, որ ՀՀԿ թեկնածուն կպարտվի ՀԱԿ-ի թեկնածուին` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ընդդիմությունը միշտ էլ Երեւանում հաղթել է, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ընտրությունները միշտ մտավախությունների տեղիք տալիս են, բայց չեմ կարծում, որ ինչ-որ շփոթ կա այդ առումով: Դեռեւս քարոզչությունը չի սկսվել, դեռեւս ծրագրեր չկան, այնպես որ` չեմ կարծում, թե ինչ-որ մի բան է փոխվել արտառոց, որը պետք է քննարկվի հենց այս պահին»: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի կարծիքով էլ, Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը ՀԱԿ-ի ներսում ծագած բանավեճերի արդյունք է` թե ով պետք է գլխավորի ՀԱԿ-ի ցուցակը: «Այդ հարցին տրվել է սողոմոնյան լուծում. Որեւէ մեկը չի լինելու առաջինը, որովհետեւ առաջինը լինելու է Լ. Տեր-Պետրոսյանը: Այս մոտեցումը գնահատում եմ նաեւ՝ որպես որոշակի արտաքին քաղաքական ազդեցությունների տակ կայացված որոշում, որովհետեւ մինչեւ այդ որոշման հրապարակելը այդ մասին փաստեր չկային: Անգամ մարտի 1-ի հայտնի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չանդրադարձավ այդ հարցին»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ մեր հարցին, թե` արդյոք իրենք անակնկալի չե՞ն եկել ՀԱԿ որոշումից, եւ հնարավո՞ր է, որ կոալիցիան որոշի հանդես գալ միասնական թեկնածուով, պատասխանեց. «Մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ եթե ՀԱԿ-ը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա նրանց համամասնական ցուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այնպես որ, եթե ոմանց թվում է, թե իրենք քաղաքական դաշտին կանգնեցրել են անսպասելիության էֆեկտի առաջ, ապա խորապես սխալվում են։ Միանշանակ կանխատեսելի որոշում է կայացրել ընդդիմությունը, եւ մեզ համար հասկանալի չէ իրենց սեփական որոշման շուրջ իրենց իսկ բարձրացրած աղմուկը։ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել էր, որ մենք բավականին լուրջ հայտով ենք մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, առաջիկայում հանրությանը կներկայացնենք մեր համամասնական ցուցակը, ինչպես նաեւ՝ Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման մեր համալիր ծրագիրը։ Իսկ ընտրությունը՝ առաջարկվող թիմերի եւ ծրագրերի միջեւ, բնականաբար, երեւանցիներինն է լինելու»։

ՕԵԿ խմբակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, թե իրենք դեռեւս ոչինչ չեն որոշել եւ վերջնական որոշում կայացնելու են մարտի 21-ին կայանալիք Երեւանի ՕԵԿ տարածքի կառույցների համաժողովի ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա երեկ կեսօրին ՀՅԴ-ն ԳՄ նիստ էր անցկացնում` որոշելու համար, թե ինչ են անելու ստեղծված իրավիճակում: Սակայն, մեր տեղեկություններով` ՀՅԴ-ն որոշել է, որ իր ցուցակը գլխավորելու է Արծվիկ Մինասյանը (նրա` Երեւանում 3 տարվա մշտական բնակության խնդիրը, ինչի մասին խոսում էին մի քանի օր առաջ, լուծվել է): Ի դեպ, երեկ վերջինս ՀՅԴ ԳՄ նիստին գնալիս հերքում էր, որ ինքն է ՀՅԴ թեկնածուն:

Ուշագրավ էր «Ժառանգություն» խմբակցության երբեմնի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանն այս հարցին՝ իրենք միանալո՞ւ են ՀԱԿ-ին, թե՞ ոչ: «Ես լիազորված չեմ պատասխանել այդ հարցին: Մեր կուսակցությունից լիազորված են այդ հարցերին պատասխանելու երեք հոգի` Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը»: Նա նաեւ հավելեց. «Ես չեմ մասնակցել որեւէ բանակցության ՀԱԿ-ի հետ, գիտեմ, որ եղել են նախնական շփումներ թե՛ ՀԱԿ-ի, թե՛ այլ քաղաքական ուժերի հետ, ինչը ես շատ բնական եմ համարում»: Ըստ Ր. Հովհաննիսյանի` ՀԱԿ-ի որոշումից հետո «Ժառանգությունը» որեւէ շփում չի ունեցել ՀԱԿ-ի հետ: «Ինքս միասնության կողմնակից եմ, եթե միասնությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, իրավահավասարության եւ նաեւ հաղթելու գրավականի վրա, եւ ոչ թե տեխնիկական կամ մանր լուծումների միտման վրա: Ցավոք, իմ կարծիքով` վերջին նշանակումը քաղաքապետի` ցուցանեց մեր իրավական դաշտի թուլությունը: Ես կարծում եմ, որ դա հակաիրավական, հակասահմանադրական քայլ էր: Ես հույս չունեմ, որ մենք կկարողանանք ապահովել այդ լիարժեք ընտրությունը, որն անհրաժեշտ է Երեւանի համար: Ես տեսնում եմ մանր լուծումների սովորության կրկնությունը, որը թե՛ Հայաստանին, թե՛ Երեւանին չի բերելու այն իրավիճակին, որ վերջապես Երեւանի բնակչությունն ունենա իր կողմից ընտրված քաղաքապետ: Դիրքային պայքար է, եւ կտեսնենք, թե այս պայքարը մեզ ուր կհասցնի»: Մեր հարցին, թե` ճի՞շտ է, որ «Ժառանգությունը» նախապես տեղյակ չի եղել ՀԱԿ-ի որոշմանը, եւ այդ մասին իմացել է մամուլից, ինչը վրդովեցրել է «Ժառանգությանը», Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ «Ժառանգությունը» շփումներ ունեցել է թե՛ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, թե՛ այլ քաղաքական ուժերի հետ: Ըստ երեւույթին, որոշում արդեն կայացված է, եւ մենք հաղորդակցության օղակները բաց պահելու կողմնակից ենք, եւ, իհարկե, կլսենք բացատրությունները, տեսակետները մեր բոլոր գործընկերների կողմից` թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտից, եւ «Ժառանգությունն» այն որոշումը կկայացնի, որը Երեւանի քաղաքացուն լիարժեք ընտրության հնարավորություն կտա: Արդեն բազմաթիվ արժանի թեկնածուներ կան, եւ հարց է, թե մենք ինչպես պետք է առաջնորդվենք»:

Մինչ «Ժառանգությունը» «բազմաթիվ արժանի» թեկնածուներից կընտրի` ում սատարել, երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն ասուլիսում հայտարարել է, որ եթե «Ժառանգությունը» որոշի քաղաքապետի ընտրություններին մասնակցել առանձին թեկնածուով, ապա «ՀԱԿ-ի կողմից այն չի հասկացվի»: Ըստ նրա` միասնական ցուցակով հանդես գալու բանակցությունների առաջարկ արել է «Ժառանգությունը», սակայն ՀԱԿ-ը որոշել է իր թեկնածուին եւ պաշտոնապես առաջարկել է «Ժառանգությանը» բանակցություններ վարել` միասնական ցուցակի շուրջ: Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է միանալ ՀԱԿ-ի ցուցակին, Զուրաբյանը պատասխանել է. «Կուզեք այդպես ասեք: Ես ձեզ մի բան ասեմ, իսկապես այսօր շատ կարեւոր է ընդդիմության միասնությունը: Չեմ կարծում, որ որեւէ մեկի կողմից կհասկացվի չմիանալու քայլը: Այսօր կա միավորված ընդդիմություն, պակասում է մի շտրիխ, որ ընդդիմությունը լրիվ միավորվի»: Իսկ հարցին` եթե Լ. Տեր-Պետրոսյանը չհաղթի ընտրություններում, արդյոք ընդդիմությունը, ինչպես 2008թ. նախագահական ընտրություններից հետո` հանրահավաքներ, նստացույցեր, երթեր կկազմակերպի՞, Լ. Զուրաբյանը պատասխանել է. «Մենք ինչպես հավատարիմ ենք եղել ժողովրդավարական, խաղաղ մեթոդների, այնպես էլ հավատարիմ ենք լինելու այս անգամ: Մենք առաջարկում ենք մի բան, որ փոխվի իշխանությունների ձեռագրաոճը. նոր բռնություններ նրանք չեն կարողանալու մարսել»: