Անհավատալին՝ ակնհայտ

17/03/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Գուցե ընդդիմության համար անհամեմատ բարեհունչ ու հաճելի էր «Լեւոն` նախագահ» կարգախոսը, սակայն ի՞նչ անակնկալներ չի մատուցում իրականությունը: Մայիսի 31-ի Երեւանի քաղաքապետի ընտրությունները ստիպում են կարգախոսի տեքստում ավելի իրատեսական խմբագրումներ անել` համակերպվելով արդեն «Լեւոն` քաղաքապետ» տարբերակին: Ամեն դեպքում, տեղի ունեցավ այն, ինչ կարող է էապես փոխել հայաստանյան ներքաղաքական կյանքի հարաբերական անդորրը. Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի մայիսի 31-ին տեղի ունենալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը: Ցուցակի երկրորդ տեղում է ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

Սա այն դեպքն է, երբ իշխանական թեւի հավաստիացումները, թե Գագիկ Բեգլարյան-Տարոն Մարգարյան զույգն ի վիճակի է ապահովել հաղթանակն ընտրություններին, արդեն հավատ չի ներշնչում: Ընդդիմության ցուցակը` նման կազմով, արդեն լուրջ մտահոգություն պիտի լինի իշխանությունների համար: Ըստ այդմ` էապես կնվազի իշխանական բոլոր թեկնածուների` արդար պայքարում ընտրվելու հավանականությունը: Իսկ սա նշանակում է, որ անհամեմատ կմեծանա ընտրակեղծիքների մասշտաբը, անհրաժեշտ կլինեն ֆինանսական նորանոր միջոցներ, քանի որ այս սցենարի դեպքում անհամեմատ մեծանում է ընտրակաշառքի գործոնը: Դա այդպես է, որքան էլ ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը պերճախոս կամ սրամիտ լինի` փորձելով պնդել, թե ՀՀԿ թեկնածուի հաղթանակը տարակույս չի առաջացնում, եթե անգամ ընտրություններին իր թեկնածությունը դնի ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ նույնիսկ Մեթյու Բրայզան: Բրայզայի մասով նա, անխոս, իրավացի է, սակայն Տեր-Պետրոսյանի թեկնածության մասով իշխանությունների հաղթանակի մասին լուրերը խիստ չափազանցված են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից էլ են արդեն արձագանքել ընդդիմության առաջնորդի թեկնածությանը` հայտնելով, թե ԲՀԿ-ն խնդիրներ չի տեսնում` կապված Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ, եւ նրա թեկնածությունն ընկալում է նույնկերպ, ինչպես, ասենք, ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանի մասնակցությունը: Նման կարծիքների անկեղծությանը ոչ ոք չի հավատում, քանի որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը քաղաքապետի պաշտոնին փոխում է բոլորի խաղաքարտերը եւ, որ ամենագլխավորն է, քաղաքապետի ընտրություններին կոալիցիայի բոլոր ուժերի մասնակցության մոտիվը:

Արդեն իսկ պարզ է, որ կողմերը գնալու են մինչեւ վերջ, այսինքն` իշխանական կոալիցիան պետք է անի հնարավոր ամեն ինչ` փոշիացնելու ընդդիմության թեկնածուին հասանելիք ձայներն, ինչը Տեր-Պետրոսյանի թեկնածության դեպքում ակնհայտորեն կբարդանա: Ընդ որում, ինչպես նշեցինք, կոալիցիայի անդամների վերաբերմունքն էլ Երեւանի քաղաքապետի ընտրություններին կփոխվի: Եթե մինչ այժմ նրանք աշխատում էին` իրենց քայլերը համաձայնեցնելով ՀՀԿ-ի հետ, որ, դիցուք, ԲՀԿ-ն զբաղեցնելու է երկրորդ տեղը, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ն էլ հաղթահարելու են յոթ տոկոսի արգելանքը, ապա այժմ նրանք ստիպված են լինելու պայքարել սեփական կուսակցության` արդեն իրակա՛ն տեղերի համար: Նոր իրադրությունը հուշում է, որ ՀՀԿ-ն իր ողջ ռեսուրսն արդեն աշխատեցնելու է ընդդեմ ընդդիմության եւ նախեւառաջ հօգուտ իրեն: Եվ եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ովքեր ներքուստ գոհ չեն իրենց վերապահված բուտաֆորային դերից, փորձեն ավելի լրջացնել իրենց նշանակությունը եւ իրականում պայքարեն իրենց կուսակցությունների համար իրական ձայներ հավաքելու ուղղությամբ, ապա նրանց օգտին քվեարկած յուրաքանչյուր ընտրողի ձայնը վերցվելու է ՀՀԿ-ի կաթսայից, այսինքն` նրանց հավաքած տոկոսները լինելու են ՀՀԿ-ի հաշվին: Եվ ոչ մի պարագայում` ընդդիմության, քանի որ ընդդիմության մաքուր ձայները կոալիցիայի ուժերից եւ ոչ մեկը չի կարող փոշիացնել: Հանրապետության մայրաքաղաքում ընդդիմության թեկնածուն, եթե այդ թեկնածուն հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ունի բոլոր շանսերը` հաղթել արդար ընտրություններում: Նախ` մայրաքաղաքում ընդդիմությունը միշտ էլ ստացել է ձայների առավելագույն մասը: Ընդ որում` օբյեկտիվորեն: Այնպես որ, արձանագրելը, թե Տեր-Պետրոսյանը չի կարող հաղթանակ տանել, քանի որ անգամ ՀՀ նախագահական ընտրություններին նրան վերագրվող ձայները դրան չբավարարեցին, այս դեպքում միանշանակ չի աշխատի:

Սակայն կպաշտպանի՞ Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուին «Ժառանգությունը»: Եթե նկատի առնենք, թե ինչ դժկամությամբ եւ նեղացած երանգով էին ԱԺ միակ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները երեկ նկատում, թե ՀԱԿ-ի որոշումը «Ժառանգության» հետ համաձայնեցված չէ, թե իրենց որոշումը դեռեւս պարզ չէ, թե շատ այլ արժանավոր թեկնածուներ կային եւ այլն, դժվար չէ եզրակացնել, որ դեպքերի նման ընթացք իրենք գոնե իրենց կուսակցության համար չէին պատկերացնում: Սակայն, եթե անգամ «Ժառանգությունը» լրջորեն եւ, խոստովանենք, ոչ առանց հիմքի, նեղացած է ՀԱԿ-ից` իր կարծիքը չկարեւորելու, սակայն իր աջակցությունն ակնկալելու համար, այդուհանդերձ, ընդդիմության ներկայացուցչին չպաշտպանելով եւ առաջադրելով սեփական թեկնածուին՝ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ հատկապես «Ժառանգությունը» կկորցնեն իրենց հեղինակության եւ հնարավորությունների զգալի մասը: Այդ դեպքում ինչ-որ բան գուցե աղոտ, սակայն կհիշեցնի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտնի վարքագիծը:

Ընդդիմության անհամաձայնեցված գործողություններն իշխանությունների համար իսկական նվեր կլինեն: Թեեւ անկախ ամեն ինչից` քաղաքապետի պաշտոնը ստանալն իշխանությունների համար արդեն կյանքի ու մահու պայքար է լինելու: Այսինքն` գործի են դրվելու բոլոր հնարավոր եւ անհնար լծակները` թույլ չտալու ընդդիմության առաջնորդին` ընտրվել: Մեր իրականության մեջ, ինչպես հայտնի է, ընդունված չէ ասել՝ ովքեր են մասնակցում ընտրություններին, քանի որ արդյունքները կախված են այն բանից, թե ովքեր են հաշվելու ձայները: Հետեւաբար առաջանում է բնական հարց` պարտության դեպքում վտանգավոր կլինի՞ ընդդիմությունը, հատկապես, եթե հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2009թ. մարտի մեկի ընդդիմության հանրահավաքին հնչեցրած պնդումները, թե ընդդիմության բառապաշարից բացակայում են այնպիսի արտահայտություններ, որոնք բնորոշում են ակտիվ քաղաքական պայքարը` շուրջօրյա նստացույցեր, անդադար պիկետներ եւ երթեր: Որո՞նք կլինեն օրինական եւ սահմանադրության տառին համապատասխանեցված քայլերը, որ կձեռնարկի ընդդիմությունը` պաշտպանելու իրեն տրված ձայները: Սա թերեւս ընդդիմության մարտավարական գաղտնիքն է, որը գուցե ա՛յս անգամ վերջապես կբացահայտվի: