Ընկերությունը ամբողջ աշխարհում իրականացնում է «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ աջակցել նորարարական մեթոդների օգտագործմանը, դպրոցներին ապահովել անհրաժեշտ գիտելիքներով ու գործիքներով, նպաստել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, բարձրացնել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հասանելիությունը դպրոցներում: Ավելի քան 100 երկրներ համագործակցում են «Microsoft»-ի այս ծրագրի շրջանակներում: Հայաստանում ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվա հոկտեմբեր ամսից: Ծրագիրն ունի աշխատանքային երեք հիմնական ուղղություններ` նորարարական դպրոցներ, նորարար ուսուցիչներ եւ նորարար աշակերտներ:
Նորարարական դպրոցներ ուղղության նպատակն է՝ դպրոցներին տրամադրել դասընթացների, փորձի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծեր: Նորարար ուսուցիչներ ուղղությունն աջակցում եւ միավորում է ամբողջ աշխարհի ուսուցիչներին: Ստեղծված ցանցը օգնում է ուսուցիչներին սովորել միմյանցից, համագործակցել կրթական նոր մոտեցումների ստեղծման ուղղությամբ: Նորարար աշակերտ ուղղության նպատակն է՝ աշակերտներին ապահովել նոր ուսումնական ծրագրերով, որոնք կօգնեն նրանց դպրոցում եւ տանը տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաները կիրառել ուսումնական գործընթացի մեջ:
Նոր կրթական ծրագրերի իրականացման համար դպրոցներին անհրաժեշտ է որոշակի ուսումնատեխնիկական հիմք: Հանրապետության քիչ դպրոցներում կան դրանք: Գործընկերներ գտնելու նպատակով «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվում են քննարկումներ այդ բնագավառին առնչվող կազմակերպությունների մասնակցությամբ, հանդիպումներ դպրոցներում: Քննարկվում են բազմապիսի հարցեր` ինտերնետի ապահով օգտագործման, նրա բովանդակային կիրառման, հասանելիության, ուսուցիչների` նորագույն տեխնիկայով ապահովվածության ու տիրապետման, երեխաների մեջ սեփական սկզբունքների ձեւավորման, հայերենով կայքերի ստեղծման մասին:
Ֆիզմաթ դպրոցը առաջատարներից մեկն է Հայաստանում: Այստեղ կան թե՛ ուսումնական, թե՛ տեխնիկական անհրաժեշտ պայմանները` յուրացնելու ժամանակակից նորույթներն ու հնարավորությունները եւ օգտագործելու այն ուսումնառության մեջ: Նպատակն այստեղ ոչ թե նորագույն տեխնոլոգիաների ձեւական օգտագործումն է, այլ կրթական բովանդակության գործիքավորումը, նրա ուղղորդումը ստեղծագործական աշխատանքի ուղղությամբ: Դպրոցն ունի ֆիզիկայի եւ քիմիայի նորագույն սարքավորումներով դասասենյակներ, նաեւ` քիմիայի վիրտուալ լաբորատորիա: Դպրոցի http://physmath.schools.am կայքում գործում են «Էլեկտրոնային մաթեմատիկա», «Էլեկտրոնային անգլերեն» ուսումնական ծրագրերը: Կազմակերպվում են հանրապետական մրցույթներ, որոնց հաղթողները կարող են մասնակցել ամառային մաթեմատիկական դպրոցի մեկշաբաթյա դասընթացներին: Դասերի ժամանակ եւ միջոցառումների ընթացքում օգտագործվում է ինտերակտիվ գրատախտակ: Աշակերտների համար այստեղ նորագույն տեխնիկան ստեղծագործության խթանիչ է: Դա երեւում է նրանց պատրաստած ձայներիզներից. «Հին հունական առասպելներ», «Մեսրոպ Մաշտոց», «Նարեկացի», «Շեքսպիր»,«Կոմիտաս», «Չարենց», «Պուշկին»: Աշակերտների մասնակցությամբ ու ջանքով այստեղ նույնիսկ գրքեր են տպագրվում: Անցյալ տարի առաջին անգամ Հայաստանում այս դպրոցում կազմակերպվեց հեռաուսուցման դաս: Համացանցի միջոցով դասին հեռահաղորդակից էին աշակերտներ Սյունիքի մարզի դպրոցներից: Դա համացանցի բովանդակային օգտագործման լավագույն մի փորձ էր, որի շարունակությունը կարող է օգտակար լինել ոչ միայն մարզերի այն դպրոցների համար, որ մասնագետներ ու նորագույն սարքավորումներ չունեն, այլեւ` համագործակցության նոր հորիզոններ բացել ուսուցիչների համար` անկախ բնակության վայրից:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` նորարարության իր բազմամյա փորձի պաշարով, այսօր էլ ժամանակին համաքայլ ընթացող կրթօջախ է: «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը կրթօջախի համար սպասված էր ու գտնված: Այստեղ հիմքն ամուր է, եւ ծրագրի օժանդակությամբ կառույցն ավելի կզորանա: Կրթօջախում կան մի քանի համակարգչային կենտրոններ, համակարգիչներով ապահովված առանձին դասասենյակներ, ինտերակտիվ գրատախտակներ: Շուտով կունենան թվային չափիչ սարքեր: Ուսումնական միջավայրը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, աշակերտները ոչ միայն տիրապետում են համակարգչին, այլեւ կիրառում այն ուսման մեջ: Գրադարանում տեղեկատվությունը թվայնացված է. գիրք որոնել ու գտնել կարող է ամեն աշակերտ:
Զարմանալին աշակերտների աշխատանքի բազմազանությունն է ու անսպասելի արդյունքը: Նրանք ամսագրեր ու թերթեր են հրատարակում, լրագրությամբ ու թարգմանությամբ զբաղվում, կինոներ նկարահանում, հուշանվերներ պատրաստում: Դպրոցական կյանքի վիրտուալ պատկերը կայքում է` http://www.mskh.am: Այն նույնպես աշակերտների մասնակցությամբ է շարունակական: Կրթօջախի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով` «Անորոշության շփոթի մեջ հայտնված հանրապետության մեջ երեխաներն իրենք են ստեղծում իրենց անհրաժեշտը»: Նրանք նույնիսկ ինտերակտիվ գրատախտակի համար են հայերեն անուն գտել` խելատախտակ: