Մի՛ քչփորեք վերքերը

03/07/2005 Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Պ. Մանուկյանը ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցում էր «ՀՅ
Դաշնակցություն-Շարժում 88» դաշինքի ցուցակով: Դաշնակցությունը
նախընտրական քարոզարշավը բավական ագրեսիվ ելույթներով էր անցկացնում: ԼՂՀ
մեր աղբյուրները պատմում են, որ այս դաշինքի ներկայացուցիչներից մի քանիսը
քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ մեխակներ են
բաժանել, անգամ՝ սպասվող իշխանափոխության մասին թռուցիկներ ու լուրեր
տարածել: Իսկ Ասկերանում ելույթ ունենալով՝ Պ. Մանուկյանն ասել է. «Լինել
զինվորական եւ չլինել խիստ, դա նշանակում է լինել այսօրվա զինվորականների
պես եւ բանակը ենթարկել առք ու վաճառքի: Բալասանյան Վիտոն՝ համայն
հայության համար՝ գեներալ Բալասանյանը, եղել է անաչառ, նրա համար չի եղել,
այսպես կոչված, «ախպերություն»: Այսօր ախպերությունը քանդեց մեր բանակը:
Ախպերությունը «վերեւն ա», դրա համար էլ, սնկի պես, եթե տարին անձրեւոտ ա
լինում, աճում են գեներալներ, եթե ես չլինեի գեներալի մոտ, ես չէի
պատասխանի այդպես, եթե վերեւներում էլ այդպես չասեին, չթրծած կավի հոտ ա
գալիս, նկուղի հոտ ա գալիս, բորբոսի, որոնք վառոդի գույնը չեն տեսել: Եթե
կա մի հերոս, որին կարելի է ասել՝ կրկնակի հերոս, դա Բալասանյան Վիտալիկն
է»: Մեկ ուրիշ տեղ նաեւ ասել է ՝ «կառավարության եւ բանակի
հրամանատարության տեղը Շուշվա բերդն ա», «այսօր բանակը ոչխարներ են
ղեկավարում, այլ պետք է ղեկավարեն առյուծներ (ցույց տալով Վ.
Բալասանյանին.-Ս.Ս.)»:
Մամուլում սկսեցին ավելի քչփորել, քննարկման առակա դարձնել Պ. Մանուկյանին
կոչումից զրկելը, ոգելից խմիչք օգտագործելը, այլ կռվողների՝ նարկոտիկ
օգտագործելը…Մոռանում ենք, որ պատերազմի միջով ենք անցել եւ պատերազմն
ունի իր դաժան հետեւանքները: Եվ ամեն մարդ ինքն է ընտրում ցավը
հաղթահարելու իր ձեւը:
Ո՞ւմ է ձեռնտու այս տգեղ «ռազբորկան», թե պատերազմում ով որքան արյուն է
թափել, ով որքան է կռվել… Ո՞վ կարող է չափել, կշեռքի նժարի վրա դնել
որեւէ զինվորի պայքարը, պատերազմից ստացած վերքերը, հերոսությունը,
կորուստներն ու ապրումները: Ոչ էլ պատերազմի տարիների լուսանկարներով
կարող է որեւէ մեկը չափել նրանց հերոսության աստիճանը եւ նվիրվածությունը
Հայրենիքին: Ոչ ԼՂՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ոչ էլ ազատամարտիկ Պավել
Մանուկյանը միմյանց ապացուցելու ոչինչ չունեն: Կուսակցական-քաղաքական
խաղերի մեջ ներքաշել Ղարաբաղյան պատերազմի տղերքին կարող էր միայն
Դաշնակցության մտքով անցնել: Դաշնակցությունը այլեւս գիտակցեց, որ
Ղարաբաղում (ինչպես եւ Հայաստանում) մեծ ոտնատեղ չի կարող ունենալ,
ընտրությունների ընթացքի եւ արդյունքների մասին օտարերկրյա դիտորդական
խմբերի ներկայացուցիչների եզրակացությունները նրան հունից հանեցին: Այդ էր
թերեւս պատճառը, որ Պ. Մանուկյանին Ս. Օհանյանի՝ հոսպիտալ տեղափոխելու
հրահանգից հինգ րոպե անց ՀՅԴ ներկայացուցիչները հոսպիտալի շենքի առջեւ են
եղել: Ինչի՞ց էր անհանգստանում ԼՂՀ ՊՆ նախարարը, որ հոսպիտալում Պ.
Մանուկյանին հսկելու համար պահակազոր էր նշանակել: Հետաքրքիրն այն էր, որ
Պ. Մանուկյանին անդրադառնալիս՝ լրատվամիջոցներիս ուղարկվում էր «Երկիր
Մեդիա» հեռուստաընկերության ստոպ կադրից արված լուսանկարը: Դեպքի մասին
լսելով բոլորիս մոտ հարց էր ծագում՝ «Ինչո՞ւ Պավլիկը», իսկ Ս. Օհանյանին
մոտիկից կամ հեռվից ճանաչողները միանշանակ ասում էին, որ անհնար է Սեյրան
Օհանյանից նման բան սպասել, կամ թե՝ որքան պիտի հունից հանեին, որ նման
քայլի գնար: Բոլորովին չարդարացնելով միջադեպը, եւ Պ. Մանուկյանին
հարվածելու փաստը, բայց երեւույթը դիտենք ավելի խոշոր տեսանկյունից:
Արդյոք ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարը պե՞տք է թույլ տա, որպեսզի
հաղթանակած բանակից, հրամանատարական կազմից մինչեւ վերջին շարքում կանգնած
զինվորին որեւէ մեկը հայհոյի եւ վիրավորի, եւ այն էլ՝
քաղաքական-կուսակցական նպատակներով: Այն դեպքում, երբ պատերազմը դեռ
ավարտված չէ եւ հակառակորդն ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության
վրա է: Դաշնակցության հաշվարկը պարզ էր: Եթե չլինեին ՀՅԴ քաղաքական
խաղերը, ապա այս միջադեպը՝ Ս. Օհանյանի եւ Պ. Մանուկյանի՝ հին զինվորների,
կռված տղերքի միջեւ ծագած վեճը սովորական միջադեպ կդիտվեր եւ ոչ թե
նախարար պաշտոնյայի եւ ազատամարտիկի բախում. իսկ պատերազմած տղերքն այլ
լեզվով են հարաբերվում, որը շատերիս համար հասկանալի չէ: Եվ մեզանից քչերը
կհասկանան պատերազմ տեսած մարդու ապրումները, նրանց համար ղարաբաղյան
բանակի եւ առհասարակ բանակի արժեքն ու նշանակությունը: Վերջին տարիներին
Ղարաբաղում նորապսակ զույգերը ամուսնության օրը ավանդույթ են դարձրել
այցելությունը զոհվածների գերեզմաններ: Ոչ ոք նրանց չի ստիպել դա անել:
Այսօր ոչ Ղարաբաղի հողում, ոչ էլ պատերազմի միջով անցած տղերքի հոգում
վերքերը դեռ չեն սպիացել: Պատերազմի սինդրոմը միշտ արթուն է, նոր
պատերազմի սպասումը նրանց մշտապես պահում է գերլարված վիճակում: Հասցված
վիրավորանքից նրանք ամեն վայրկյան կարող են դուրս գալ
հավասարակշռությունից: Այդ պահերին նրանք գուցե կոպիտ են, նրանց արարքներն
ու գործերը ենթարկվում են ռազմի կանոններին: Եվ դա պատերազմի հիշողության
հետեւանքն է: Կռված զինվորի հոգեբանությունն ուսումնասիրող բոլոր
մասնագետներն առանձնահատուկ նշում են, որ նրանց մոտ խիստ ընդգծված է պատվի
ու արժանապատվության զգացումը: Կոչումները շնորհվում են ու կարող են հետ
վերցվել, բայց իսկական զինվորականն ունի մի բան, որը հնարավոր չէ խլել
նրանից: Խոսքը զինվորականի արժանապատվության մասին է:
Եվ Դաշնակցությունը, այս պահին ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելով,
խաղում է պատերազմ տարած երկու արժանապատիվ զինվորականների այս
զգացողության վրա՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել: