Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված են պետության համար բացառիկ հանրային գերակա շահ հանդիսացող իրացման գոտիների այն բնակիչներն, ում սեփականության իրավունքի հարցը դեռեւս վիճարկվում է դատական տարբեր ատյաններում: Այսինքն` ընտրելու իրավունք չունեն Բուզանդ, Ամիրյան փողոցների եւ Հյուսիսային պողոտայի շուրջ 55 քաղաքացիներ:
Իրացման գոտու տակ հայտնված այս մարդիկ, փաստորեն, իրենց բնակարաններից վտարվելուց հետո որեւէ տեղ չեն գրանցվել, չունեն մշտական բնակության վայր եւ պետական գրանցում: Նրանցից շատերը ժամանակավոր բնակվում են հարազատների տանը, իսկ ոմանք էլ` բնակարան են վարձակալել փողոցներում չմնալու համար: Ի դեպ, հետաքրքիր մի փաստ. իրացման գոտու 25 բնակիչներ դատական ատյանների` քաղաքապետարանի եւ ԾԻԳ-ի (Ծրագրերի իրականացման գրասենյակ պետական ոչ առեւտրային կազմակերպություն) օգտին արձակած դատավճիռներից անմիջապես հետո լքել են Հայաստանը` բնակություն հաստատելով Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Հիշեցնենք նաեւ, որ պետության համար բացառիկ հանրային գերակա շահ հանդիսացող տարածքների իրացումը կատարվեց ՀՀ 7 քաղաքացիների մահվան ելքով: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ Վաչագան Հակոբյանի հավաստմամբ` իրացման գոտիների տակ հայտնված բնակիչներն ինչպես չմասնակցեցին ՀՀ նախագահական ընտրություններին, այնպես էլ զրկված են Երեւանի ավագանու անդամներին ընտրելու իրավունքից: ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժում է իրացման գոտու տակ հայտնված այն քաղաքացիների դիմումներն, ովքեր տեղեկանք են խնդրում` ավագանու ընտրությանը մասնակցելու համար: «Արդեն քանի տարի է` մենք զրկված ենք ձայնի իրավունքից: Նախորդ` ՀՀ նախագահական ընտրություններին ընտրելու իրավունք ձեռք բերելու պահանջով մտանք դատարան, սակայն մերժվեցինք: Նույն պատկերն էլ հիմա է: Այսինքն` քաղաքապետարանի եւ ԾԻԳ-ի հայտարարությունները, թե` մեր թիկունքին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն է` հաստատվեց գոնե միայն նրանով, որ դատարանի բոլոր վճիռները կայացան նրանց օգտին»,- ասում է Վ. Հակոբյանը` վստահեցնելով, որ այդ 55 հոգին դատարանի վճիռներով վտարվել են բնակարաններից կամ սպառնալիքի, ճնշումների պատճառով ինքնակամ լքել են իրենց բնակարանները, հետեւաբար՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որեւէ տեղ չեն գրանցվել: Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ցուցակով ավագանու անդամի իր թեկնածությունն է առաջադրել «Պետության կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, ում դիմումը, սակայն, երեկ մերժվել է ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից: Մերժումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Ս. Բաղդասարյանը 2007 թվականից սկսած դուրս է եկել գրանցումից, մինչդեռ հետաքրքիրն այն է, որ Ս. Բաղդասարյանը գրանցումից դուրս գալու դիմում չի ներկայացրել, հետեւաբար՝ դատարանի վտարման պահանջի վճռից հետո պետությունն ապօրինաբար նրան զրկել է գրանցումից: Ս. Բաղդասարյանն ասում է` «Դեռ ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ դիմել էի Անձնագրային եւ վիզաների վարչություն` տեղեկանք տրամադրեն ընտրելու համար` վարչության նախկին պետ Ալվինա Զաքարյանն ասաց, որ պետք է ինչ-որ տեղ գրանցվեմ, բայց աբսուրդն այն է, որ ինձ զրկել են իմ սեփականությունից, եւ ո՞ւր գրանցվեմ: Ա. Զաքարյանին ասացի` թույլ կտա՞ք ձեր տան վրա գրանցվեմ, ասաց` ոչ: Ես էլ մի նամակ գրեցի Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին` իր տան վրա ինձ գրանցելու խնդրանքով: Աբսուրդն այն է, որ ինձ վտարել են իմ տնից, բայց պահանջում են ինչ-որ տեղ գրանցվել: Ո՞ւր գնամ կամ ո՞ւմ խնդրեմ, որ թույլ տա իր տան վրա գրանցվել»:
«Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը նույնպես իր թեկնածությունն առաջադրել է «Ժառանգության» ցուցակով եւ դիմել է Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանին՝ հետեւյալ դիմումով` «Ես` Վ. Հակոբյանս, 1965-2004թթ. ընկած ժամանակահատվածում մշտապես բնակվել եւ հաշվառված եմ եղել քաղաք Երեւան, Պուշկինի 30 հասցեում: Հակասահմանադրական ճանաչված հայտնի կառավարության որոշումների հիման վրա Պուշկինի 30 հասցեում գտնվող տան նկատմամբ իմ սեփականության իրավունքը դադարեցվել է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 138.4 հոդվածի 1-ին մասի համաձայն` Երեւանի ավագանու անդամ կարող է ընտրվել վերջին երեք տարում Երեւան քաղաքում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք: Ընդ որում, օրենսդիրը` օրենսգրքի 138.4 հոդվածում մշտապես բնակվելն, ի տարբերություն ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված մի շարք այլ դեպքերի, չի պայմանավորում հաշվառված լինելու հանգամանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաեւ՝ հիմք ընդունելով այն, որ 2004թ.-ից մինչեւ օրս մշտապես բնակվել եմ կնոջս` Նորա Ալլահվերդյանին պատկանող Նաիրի Զարյան 19,19 բնակարանում. Երեւանի ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ խնդրում եմ ինձ տալ տեղեկանք վերջին երեք տարում Երեւանում մշտապես բնակվելու վերաբերյալ»: Վ. Հակոբյանը, սակայն, վստահ է, որ մերժվելու է նաեւ իր դիմումը: «Այսինքն` բավական չէ, որ շատերն իրենց բարեկամների տանն են ժամանակավոր ապրում, բավական չէ, որ բարեկամը որպես բարի կամքի դրսեւորում իր բնակարանում հանգրվան է տալիս` պետք է մի հատ էլ գրանցի՞ իր տան վրա»,- դժգոհում է Վ. Հակոբյանը` հիշեցնելով, որ պետության հակասահմանադրական որոշումների արդյունքում իրենք կորցրել են սեփականության իրավունքը, եւ արդեն 6 տարի է, ինչ զրկված են նաեւ ընտրելու իրավունքից:
Ինչեւէ, պետական օղակների եւ իրացման գոտում հայտնված քաղաքացիների օրենսդրական փոխհարաբերությունների գնահատականն իր տարեկան զեկույցում բավական կոշտ արտահայտել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն, ով երկու օր առաջ հեռուստաեթերով իր կարծիքը հայտնելիս անթույլատրելի համարեց մարդկանց ընտրելու իրավունքից զրկելու փաստը: Նա հիշեցրեց. «Այդ ինչպե՞ս է լինում, որ իրացման գոտու բնակիչների սեփականության իրավունքը վիճարկելիս ՀՀ դատական ատյաններում վճիռ է արձակվում ի վնաս մեր քաղաքացիների, իսկ Եվրոդատարանում` ի օգուտ քաղաքացիների»: Այդուհանդերձ, պետության գերակա հանրային շահ ճանաչված իրացման գոտիների բնակիչներին ընտրելու իրավունքից զրկելը մեկ բացատրություն ունի, այն է` այս քաղաքացիները պետության կարիքների զոհերն են, հետեւաբար՝ ցանկացած ընտրության համար այս մարդկանց ձայներն իշխանական թեկնածուների հանդեպ անվստահություն են արտահայտելու: Ինչ վերաբերում է Երեւան քաղաքի ավագանու անդամների ընտրությանն, ապա այս դեպքում նույնպես Կենտրոն համայնքի իրացման գոտիների բնակիչները մեծ թիվ են կազմում, եւ մարդկանց իրենց տանից վտարել են Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման ժամանակ: Հետեւաբար՝ քաղաքապետի ընտրության «Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող Գ. Բեգլարյանի համար իրացման գոտու բողոքական զանգված կազմող բնակիչների ընտրելու իրավունքն իրենից պոտենցիալ վտանգ է ներկայացնում: