Փող են տպում

17/03/2009

«ԱՄՆ-ը նոր «Մեծ ճգնաժամ» չի ապրի»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն: «Կարծում եմ՝ մենք խուսափել ենք այդ ռիսկից»,- ասել է նա: Քննարկելով Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանում իշխանությունների կողմից վարած դրամավարկային քաղաքականության թեման, Բերնանկեն հայտարարել է, որ այդ ժամանակ ԴՊՀ-ն «երկու սխալ էր թույլ տվել». նախ` թույլ է տվել, որպեսզի փողի զանգվածը կտրուկ կրճատվի, եւ երկրորդը՝ չի կանխել բանկերի սնանկացումը: Ի պաշտպանություն ԴՊՀ-ի ներկայումս վարած քաղաքականության` նա ասել է, որ Դաշնային պահուստը ստիպված է «փող տպել, քանի որ տնտեսությունը շատ թույլ է, իսկ սղաճը՝ շատ ցածր»: Բացի այդ, Բերնանկեն հայտարարել է, որ մինչեւ երկրի տնտեսության վերականգնումը ԱՄՆ-ում գործազրկությունը կաճի եւ կգերազանցի ներկայումս արձանագրված 8,1%-ի մակարդակը: