«Ավտորիտար երկիր եք»

03/07/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումների արդյունքում ԱՄՆ ՄԶԳ
փորձագետները համոզվել են, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների
իրականացմանն ուղղված ջանքերը նվազել են, իսկ ավտորիտար (նշենք, որ
հաշվետվությունը թարգմանվել է նաեւ հայերեն, որտեղ «ավտորիտար» բառն
անգլերենից, չգիտես ինչու, թարգմանվել է «ինքնիշխան») միտումները`
ավելացել: Ներկա քաղաքական միջավայրը, փորձագետների գնահատմամբ, նպաստավոր
չէ բազմակարծիք, մրցակցային, ժողովրդավար եւ հաշվետու քաղաքական
կուսակցությունների համակարգի ձեւավորման համար: «Գրեթե 15 տարի է, ինչ
Հայաստանն անկախ պետություն է, սակայն երկրում շարունակում են գործել
ավտորիտար մտածելակերպն ու գործելակերպը: Քաղաքական համակարգում գերիշխում
է գործադիր իշխանությունը եւ դրան չկա էական հակակշիռ, ինչը թույլ է տալիս
իշխանություններին շարունակել գերիշխել երկրի տնտեսական եւ քաղաքական
կյանքի վրա: Դատական իշխանությունը անկախ չէ, իսկ դատական վճիռները ենթակա
են քաղաքական ազդեցության, չկա կուսակցություններին պաշտպանելու իրավական
միջոց: Նախագահ Քոչարյանը եւ իշխանական կոալիցիան վայելում են իրենց
մենաշնորհը քաղաքական իշխանության ասպարեզում, ինչին չի հակազդում դատական
համակարգը, որը կողմնակալ է: Օլիգարխների եւ իշխանական վերնախավերի միջեւ
առկա արյունակցական հարաբերությունները երկրում տարածված կոռուպցիայի
տեղիք են տալիս, ինչը նաեւ խիստ սահմանափակում է ֆինանսական միջոցներ ձեռք
բերելու կամ լրատվամիջոցներից օգտվելու ընդդիմության հնարավորությունները:
Այս հարաբերությունների շնորհիվ շատ «օլիգարխներ» ընտրվել են ԱԺ
պատգամավոր` իրենց կոռումպացված բիզնեսի ծավալման համար անհրաժեշտ
խորհրդարանական անձեռնմխելիություն ձեռք բերելու նպատակով»,- ասված է
զեկույցում:
Անդրադառնալով կոալիցիային, փորձագետները նկատել են, որ այն «հաշվարկով
ամուսնություն» է` պաշտոնները միմյանց մեջ կիսելու համար, որը դժվար թե
դիմանա մինչեւ 2008թ.: «Իշխանամետ կուսակցությունները ոչ միայն միջոցներ
են ստանում խոշոր գործարարներից, այլեւ ընդգրկում են վերջիններիս իրենց
ընտրացուցակներում: Իշխանությունների եւ խոշոր գործարարների միջեւ առկա
այս մեկմեկու օժանդակող հարաբերությունները լրջորեն խոչընդոտում են փոքր
եւ ոչ իշխանական կուսակցությունների` ֆինանսական աղբյուրներ գտնելու
հնարավորությունները»,- արձանագրել են փորձագետները` հավելելով, թե սրան
զուգահեռ իշխանություններն ընդդիմադիր ուժերին ֆինանսավորող անձանց
սպառնում են տարբեր կերպ հաշվեհարդար տեսնել:
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ըստ փորձագետների, նրանք
միասնական են միայն ընտրությունների վերաբերյալ ունեցած դիրքորոշման
շուրջ: Որոշ ընդդիմադիր կուսակցություններ եւ գործիչներ հակված են
«հեղափոխական» մոտեցման, խոստանալով կրկնել 2004-ի գարնանը տեղի ունեցած
ցույցերը: «Մյուսները գերադասում են գործել համակարգի ներսում, դրանց
թվում են՝ նաեւ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչներից մի քանիսը,
ովքեր իրենց մասնակցությունն են ցուցաբերում Սահմանադրության եւ ԸՕ
բարեփոխումների շուրջ ԱԺ-ում ծավալված քննարկումներին»,- նշված է ԱՄՆ ՄԶԳ
հաշվետվության մեջ:
Կուսակցությունները, ըստ հաշվետվության, պառակտված են եւ խիստ
անձնավորված, դրանք առանձին անձանց համար իշխանություն ձեռք բերելու
«գործիք» են, ուստի բավարար ջանքեր չեն գործադրում հանրության շահերի
համախմբման ուղղությամբ: Կուսակցությունների համակարգը ձեւավորված է
անհատների միջեւ առկա հարաբերությունների հիման վրա: «Միջազգային
ճգնաժամերի խումբն» այն բաժանում է անհատների խմբերի: Օրինակ, «Ղարաբաղյան
խումբ», որը բաղկացած նախագահ Քոչարյանից եւ «ղարաբաղցիների» իր ցանցից:
Այս խմբում են ներառված նաեւ կոալիցիայի անդամ կուսակցությունները:
Հաջորդը` «Դեմիրճյանական խումբն» է, որը բաղկացած է Ս. Դեմիրճյանից եւ
«Արդարություն» դաշինքից` ներառյալ Վազգեն Մանուկյանը: «Սարգսյանական
խումբը»՝ կազմված Արամ Սարգսյանից, որը, ՄՃԽ կարծիքով, կապեր ունի ՀՀՇ-ի
հետ: Ի դեպ, ՀՀՇ-ին այս փորձագետները դիտարկել են ոչ թե որպես
կուսակցություն, այլ` «լոբբիզմով զբաղվող խումբ»: Ուշագրավ է
«Գեղամյանական խմբի» վերաբերյալ արված նկատառումը, ըստ որի` Գեղամյանը
«պատրաստ է միանալու ցանկացած կոալիցիայի»:
Որպես պոպուլիստական կուսակցություններ, որոնք տվել են այնպիսի
խոստումներ, որոնց իրականացումն անհնար է, մեջբերված են ՕԵԿ-ն ու «Նոր
ժամանակները»: «Պետության համակարգը հարմարեցված է իշխանության գլուխ
կանգնածների գործունեության հավերժ ապահովման համար: Սա արտահայտվում է
ընտրությունների ընթացքում եւ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում
վարչական ռեսուրսների օգտագործմամբ` անձնական կամ կուսակցական շահերի
համար, հակառակորդին հուսահատեցնելու նպատակով վարչական տուգանքների
կիրառմամբ, լրատվամիջոցներից օգտվելու հնարավորությունների
սահմանափակմամբ, իշխանության կողմնակիցներին եւ համախոհներին
հեռուստաեթերի ապահովմամբ, եւ ի շահ իրենց կողմնակիցների՝ կարգավորիչ եւ
այլ դաշտերի օգտագործմամբ»,- նշում են փորձագետները: Վերջիններիս կողմից
2005թ. անցկացված հետազոտության համաձայն՝ հարցվածների 25%-ը կարծում էր,
որ Սահմանադրությունը չի գործում, քանի որ ոչ ոք չի պատժվում այն խախտելու
համար, իսկ եւս 39%-ի կարծիքով՝ Սահմանադրության կիրարկումը ձեռնատու չի
իշխանությանը: Ընտրական հանձնաժողովների վրա ունեցած վերահսկողությունն
օգտագործվել է ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով, եւ շատ
կուսակցությունների նպատակն է ընտրական հանձնաժողովներում ունենալ իրենց
ներկայացուցիչները:
Անդրադարձ կա նաեւ ընդդիմության 2004թ. կազմակերպած հանրահավաքներին.
«Փողոցներում անցկացվող ցույցերը դադարեցին գործադրվող ճնշման
արդյունքում, եւ լարվածությունը որոշ չափով նվազեց, ինչի հետեւանքով
«խաբուսիկ լռություն» առաջացավ»,- ընդգծել են փորձագետները` նկատելով, որ
իրենց բոլոր հանդիպումների ժամանակ ընդդիմությունը հիշատակել է Վրաստանի,
Ուկրաինայի եւ Ղրղըզստանի դեպքերը, որը Հայաստանում կրկնելու պարագայում
միայն հնարավոր կլինի ժողովրդավարություն հաստատել: Այս հանգամանքը
կարեւորում են նաեւ փորձագետները, որոնց գնահատմամբ՝ «գոնե մեկ արդար
ընտրություններն ամեն ինչ իրենց տեղը կդնեն»: Ի դեպ, փորձագետների
դիտարկմամբ, ինչպես այլ նախկին կոմունիստական երկրներում, այնպես էլ՝
Հայաստանում, բարդ է տարբերել իրական ժողովրդավարներին ավտորիտարներից,
քանի որ` «Լեզուն, որով խոսում են որոշ կուսակցություններ, շատ
ժողովրդավարական է թվում, այդուհանդերձ, նրանց մոտ գերակայում է
ավտորիտարիզմը»: