Երեկ Վ.Բրյուսովի անվան համալսարանում բուհի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդման մոբիլ» ՍՊԸ-ի աշխատակից Կարեն Միրիջանյանը ծեծի է ենթարկել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Համալսարանի ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել «Միասին» երիտասարդական նախաձեռնության գրասենյակի դիմաց եւ պահանջում էին ապացույցներ ներկայացնել իրենց կողմից կաշառառության մեջ մեղադրվող դասախոսների վերաբերյալ: Ակցիայից հետո ուսանողները երթով շարժվել են համալսարան, եւ Գ.Շամշյանը գնացել է նրանց հետ: Համալսարանի ներսում արդեն անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են լրագրողի աշխատանքին, եւ Կ.Միրիջանյանը նրան պատճառել է մարմնական վնասվածք: Ըստ Գ.Շամշյանի, անվտանգության աշխատակիցների հետ միասին իրեն ծեծել է նաեւ համալսարանի պրոռեկտորներից մեկը: Ծեծվելու պահին ֆոտոլրագրողը կարողացել է մի քանի լուսանկարներ անել: Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունից որովայնի սուր ցավերի եւ արյունահոսության պատճառով Գ.Շամշյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ սկզբում նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Ի դեպ, շտապօգնությունը տեղ է հասել կանչից միայն 40 րոպե անց: Դեպքի մասին տեղյակ է պահվել նաեւ Ոստիկանությանը, որտեղից ընդհանրապես ռադիոկայանի գրասենյակ չեն ներկայացել: Ավելի ուշ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե «Կ. Միրիջանյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին, եւ կատարվում է հետաքննություն»: Միջադեպի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը։ «Նման վերաբերմունքը լրագրողի նկատմամբ եւս մեկ անգամ փաստում է հասարակությունում անհանդուրժողականության՝ որպես մշակույթ արմատավորվելը։ Դրա պատճառն է նախկինում նման դեպքերի անպատժելիությունը»,- նշված է հայտարարության մեջ: Միջադեպը դատապարտող հայտարարություն են տարածել նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս», «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունները: