Երեկ «7-ի գործով» դատավարությունը մտել է նոր փուլ: Մի քանի դատական նիստ միայն քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի մասնակցությամբ անցկացնելուց հետո երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը` Մացոն, դատարանի դահլիճից հեռացրել է նաեւ նրան: Գ. Ոսկերչյանը, ում առողջական վիճակը վատացել էր նախորդ դատական նիստում, երեկվա դատավարության սկզբում տեղեկացրել է, որ իրեն վատ է զգում: Մարտիրոսյանը մերժել է դատական բժիշկներ հրավիրելու վերաբերյալ Գ. Ոսկերչյանի պաշտպանի միջնորդությունը: Նա Գ. Ոսկերչյանից հարցրել է միայն նրա` ոտքի չկանգնելու պատճառը եւ նրան 10 օր ժամկետով Նիստերի դահլիճից հեռացնելու որոշում է կայացրել: Սակայն Մարտիրոսյանը ոչ միայն երեկ է առանց քաղբանտարկյալների ներկայության շարունակել դատը, այլ հաջորդ նիստը նշանակել է երկուշաբթի օրը: Այսպիսով, նա կյանքի է կոչում «դատավարությունն առանց քաղբանտարկյալների» սցենարը, ինչի համար իշխանությունները հապճեպ օրենսդրական փոփոխություններ կատարեցին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով նրա մասով գործը կասեցվել էր, իսկ մյուս քաղբանտարկյալները Նիստերի դահլիճից հեռացվել էին 10 օրով: Այդ ժամկետը լրանում է մարտի 19-ին, եւ առնվազն 4 օր Մարտիրոսյանը կարող է նիստեր անցկացնել հպարտ միայնության մեջ: Լավագույն դեպքում՝ Կորյուն Փիլոյանի եւ մյուս մեղադրողների անզուգական միջավայրում: