«Օբամայի վարչակազմը գտնում է, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը դժվարին կլինի առանց Թուրքիայի մասնակցության»,- «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին` ավելացնելով, որ ԱՄՆ նոր վարչակազմը Թուրքիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում: «Դա այն ուշադրությունն է, որ նոր վարչակազմը ցուցաբերում է Թուրքիայի նկատմամբ` որպես բարեկամ ու գործընկեր, որպես տարածաշրջանում կարեւոր դերակատարություն ունեցող երկիր: Թուրքիան բարեկամական հարաբերություններ ունի Սիրիայի ու Իրանի հետ եւ կարող է իր ներդրումն ունենալ այդ երկրների հետ երկխոսության գնալու` Օբամայի քաղաքականության մեջ»,- ասել է դեսպանը: Նա նշել է, որ Օբամայի վարչակազմի դիրքորոշումը «Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության պնդումների» կապակցությամբ, դեռ հստակ չէ, բայց վարչակազմը «խրախուսում է» Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելուն ուղղված ջանքերը: