«Իմ վարչապետության տարիներին հանրապետությունը լքել է 350.000 մարդ, իսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք` 700.000 մարդ: Հենց Ռ. Քոչարյանի օրոք, 1999-ին, բնակչության թիվը հայտարարվել է 3,8 միլիոն մարդ, իսկ դրանից ընդամենը 2 տարի անց այդ ցուցանիշն իջել է 3,2 միլիոնի»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, 2008թ. արտահանումը` 1 մլրդ 69 մլն դոլարի չափով, զիջում է նույնիսկ 96թ. ցուցանիշներին: «Իհարկե, մեր օրոք եղել է տնտեսական վատացման միտում, բայց դա եղել է նախ եւ առաջ պատերազմի տարիներին: Բայց քանի որ մեր օրոք` պատերազմը նոր ավարտված ժամանակ, ավելի քիչ մարդ է լքել Հայաստանը, քան Քոչարյանի իշխանության տարիներին, ես հակված եմ մտածել, որ դա սխալ տնտեսական քաղաքականության հետեւանք է, եւ դա գնահատական է Քոչարյանի 10 տարվա ստեղծագործ աշխատանքի,- ասել է նա` պարզաբանելով,- Պատերազմի տարիներին մեր խնդիրը եղել է` ունենալ համեմատական առավելություն մեր ախոյանի նկատմամբ` ու մենք դա ապահովել ենք: Նաեւ դրանով են պայմանավորված եղել մեր հաղթանակները, որոնք եղել են իմ վարչապետության տարիներին»: Անդրադառնալով դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումներին՝ նա նշել է, որ թյուր է կարծիքը, թե փոխարժեքը բաց են թողել: Ըստ նրա, ինչպես նախկինում, այսօր էլ իշխանությունները պահում են փոխարժեքը` միաժամանակ զսպելով գների աճը: «Հիմա ինձ մտահոգում է, որ ուզում են զսպել գները, որի արդյունքում մի օր դա պայթելու է: Աշոտ Շահնազարյանն ասում է, որ թույլ չենք տալու գները բարձրանան: Դու ո՞վ ես, որ թույլ չտաս կամ գներ որոշես: Բա շուկան ո՞ւր մնաց»,- ասել է նա` ավելացնելով, որ եթե կառավարությունը որոշել է գներ սահմանել ու անցնել պլանային տնտեսության, թող այդ մասին բաց հայտարարի: