«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի աստիճանաբար` աղյուսը աղյուսի վրա դնելով, որպեսզի ամբողջական շենք ստացվի»,- երեկ Երեւանում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին՝ նման հայտարարություն է արել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին:
Թեհրանում օրերս կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ անդամ երկրները ստորագրել են հռչակագիր, որտեղ մի պարբերությամբ ասվում է, որ կողմերը պարտավոր են տարածաշրջանում առկա հակամարտությունները կարգավորել խաղաղ եւ բանակցային ճանապարհով:
Մ. Մոթաքին երեկ ասել է, որ դա վերաբերում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա բավական պերճախոս տոնով խոսել է նաեւ հայ-իրանական հարաբերությունների մասին: «Երկու երկրների նախագահները վերջին 4 տարվա ընթացքում եղել են երկու երկրների փոխհարաբերությունների նոր փուլի ճարտարագետները՝ Երեւանի եւ Թեհրանի միջեւ: Երկու երկրների միջեւ ընդհանրությունները, պատմական ընդհանուր արմատները, երբ մեր մոտիկությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, փոխշահավետ համագործակցությունը, հիմք է դրել մեր համագործակցության, ընդհանուր շահերին: Իրանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների պատմությունը լեցուն է բարեկամությամբ, հարգանքով եւ համագործակցությամբ»,- ասել է Մոթաքին, ով պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում արդեն չորրորդ անգամ: «Բարեբախտաբար, պետք է ասել, որ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների շարունակության առումով վերջին տարիների տնտեսական համագործակցության բոլոր ոլորտները ենթակառուցվածքային են. երկու երկրների համապատասխան ղեկավարները ճշգրտորեն շեշտը դրել են տրանսպորտի, էներգետիկայի վրա»,- նշել է նա:
Լրագրողների խնդրանքով Իրանի արտգործնախարարը անդրադարձել է նաեւ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր զարգացմանը: Նա նշել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից իր երկրի նկատմամբ վարվող քաղաքականությունը փոփոխելու խոստումներ հնչել են թե՛ ԱՄՆ-ի Կոնգրեսի, թե՛ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: «Մենք դեռ սպասում ենք առաջարկությունների: Երբ նոր վարչակազմից կլինի առաջարկ, մենք հարմար պատասխան կտանք,- հայտարարել է Մոթաքին` նշելով,- Ամերիկան թե՛ Կոնգրեսի, թե՛ նախագահական ընտրություններում իր «ոչ»-ն ասաց ընթացիկ քաղաքականությանը, որը կա այդ երկրում, եւ կողմ արտահայտվեց այլ քաղաքականության: Հիմա պետք է տեսնել, այն չափով, որ այդ փոփոխությունները իրական, լուրջ եւ գործնական լինեն, իրենց դրական պատասխանը կստանան, իրենց հարմար պատասխանը կստանան, այնպես, ինչպես նախկին աշխարհաքաղաքականությունը Ամերիկայում իրեն հարմար պատասխանը ստացավ, ուստի կարեւորն այն է, որ այն խոսքերը, որ ասվել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում, այսինքն՝ հիմնվել փոփոխությունների վրա, այսինքն՝ խոսքից անցնել գործի եւ ձեւից՝ բովանդակության: Սա է, որ կարող է իրական երաշխավորությունների աղբյուր դառնալ»: