Կախվածի տանը պարանից չեն խոսում

03/07/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Երբ Կարլ Մարքսը՝ կրոնի մասին խոսելիս, ասում էր, թե դա օփիում է ժողովրդի
համար, ամենեւին նկատի չուներ թմրամոլությունը, քանի որ Մարքսի
ժամանակներում այն ընդամենը դեղամիջոց էր, որն օգտագործվում էր հիվանդի
ցավերը հանգստացնելու համար։ Այսինքն, Մարքսը՝ կրոնն օփիում անվանելով, ոչ
թե քննադատում էր, այլ տալիս դրա խաղաղարար, հանգստավետ ու մխիթարիչ
նշանակության ձեւակերպումը։
Բժշկության մեջ թմրամիջոցներն օգտագործվում են երեք նպատակով։
Վիրահատելիս, որ վիրահատվողը ցավ չզգա։ Բուժմանն ուղեկցող անխուսափելի
ցավերի դեպքում, որ հիվանդը դիմանա։ Եվ ամենավերջինը՝ անհույս
հիվանդության դեպքում, այսինքն՝ դեպի մահ ուղեկցելիս։
Քաղաքականության մեջ թմրամիջոցներն օգտագործվում են երկու նպատակով։
Բուժմանն ուղեկցող անխուսափելի ցավերի դեպքում, որ բուժվողը դիմանա։ Եվ
անհույս հիվանդության դեպքում, այսինքն՝ դեպի կործանում ուղեկցելիս։
Երբ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո վիրահատությունից մի կերպ խուսափած
նախագահ Քոչարյանը սկսեց «բուժվել», անխուսափելի ցավերից ազատվելու համար
պետք եղավ ասպարեզ բերել ահաբեկչության գլխավոր զոհերի ամենամերձավոր
մարդկանց՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին եւ ԱԺ
նախագահ Կարեն Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին։ Առաջինին
«բուժվողն» օգտագործում էր՝ կառավարական ցնցումները, իսկ երկրորդին՝ հայր
Դեմիրճյանի շուրջ համախմբված բավական մեծ թվով մարդկանց վրեժխնդիր
ակտիվությունը զսպելու համար։
Բուժման կուրսը բարեհաջող ավարտելուց հետո նախագահ Քոչարյանը հրաժարվեց
թմրամիջոցներից՝ Արամ Սարգսյանին ազատեց վարչապետի պաշտոնից, իսկ Ստեփան
Դեմիրճյանին ժամկետանց հայտարարելով՝ թողեց իր տեղում։ Թմրամիջոցները
կողմնակի էֆեկտ չունեցան։
Բուժման կուրսի ավարտից հետո, իհարկե, թմրամիջոցները չեն դադարում
թմրամիջոց լինելուց՝ կիրառվում են երկրորդ դեպքով։ Երկիրն իր ուզածի պես
կառավարելու համար Քոչարյանն այս եւ մի քանի այլ թմրամիջոցները նշանակեց
անբուժելի հիվանդ հասարակությանը, որպեսզի վերջինս՝ ցավ չզգալով, գնա դեպի
կոռուպցիա, անօրինականություն եւ սոցիալական արդեն երեւի անուղղելի
բեւեռացում։
Միաժամանակ նա մտցրեց թմրամիջոցների բացթողնման եւ օգտագործման չափազանց
խիստ կարգ։ Այսինքն՝ առաջին հերթին փակեց «Ա1+» հեռուստաընկերությունը,
վերահսկողություն սահմանեց մյուս ալիքների վրա, որպեսզի հնարավորին չափ
փոքր բաղադրաչափեր հասանելի լինեն ժողովրդին։ Այսպես ընդդիմությունը
դարձավ օփիում հայրենի ժողովրդի համար ու մինչեւ օրս էլ շարունակում է
ցավազրկողի դեր կատարել։
2003 թվականից հետո, երբ ընդդիմությունը չկարողացավ օգտագործել
նախագահական ընտրությունների առիթն, ու կրկին նախագահ դարձավ Ռոբերտ
Քոչարյանը, մենք անընդհատ լսում ենք իշխանափոխության փողերի ու թմբուկների
ձայնը, սակայն այդ իշխանափոխությունը մեր փողոցով չի անցնում։ Մեկ եղանակն
է խանգարում, մեկ՝ քաղաքային թերի ենթակառուցվածքները, մեկ-մեկ էլ՝
քաղաքական կամքի բացակայությունը։ Բայց այս վերջինի բացակայությունը
նկատում ենք մենք՝ կողքից դիտողներս, իսկ իրենք՝ ընդդիմադիրներն, անընդհատ
խոսում են ըհը-ըհը հասունացող ինչ-որ համաժողովրդական դժգոհության եւ, ըստ
այդմ, հեղափոխական անհրաժեշտության մասին։
Նրանց հանգիստ չի տալիս 88-ի տեսլականը, երբ աննկատ, մի քանի ժամվա
ընթացքում, առանց կոչ ու կանչի՝ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին
Ազատության հրապարակում, իսկ մի քանի ժամ անց հարթակում արդեն պատրաստի
առաջնորդներ էին կանգնած։ Այն ժամանակ մենք շատ էլ չգիտեինք, թե ինչ է
նշանակում, ասենք, ընտրազանգվածը։ Եվ հիմա, երբ մեր ընդդիմադիրները
սպասում են այդ աստեղային ժամին, չեն պատկերացնում, որ նման հրաշքի
դեպքում ժողովուրդը գուցե նույն արագությամբ եւ նույն ստվարությամբ
հավաքվի, բայց դժվար թե ընտրի իրենց, եւ հարթակում գուցե հայտնվեն
բոլորովին այլ՝ անծանոթ մարդիկ։
Մոլորություն է, չէ՞, մտածելը, թե երկու գյուղում կամ երկու ավանում «ցավդ
տանեմ», «բոյիդ մեռնեմ» քաջալերանքին արժանացած ընդդիմադիրները պետք է այդ
գյուղացիների եղաններով ու գերանդիներով գան իշխանության, այն դեպքում,
երբ տարիներ շարունակ ոչինչ չեն արել, բացի թմրամիջոց լինելուց։
2002 թվականին Հանրապետության իշխանություններն իրենց հակառակորդներից
խլեցին հանրային մատչելի հաղորդակցության միակ միջոցը՝ «Ա1+»
հեռուստաընկերությունը։ Ընդդիմադիրները մի քիչ բղավեցին, մի քիչ կուրծք
ծեծեցին ու մոռացան, որ իրենք զրկվել են ժողովրդի հետ խոսելու միակ
հնարավորությունից։ Ինչո՞ւ, ի՞նչ վատ առիթ էր ժողովրդին ոտքի հանելու,
ի՞նչ վատ առիթ էր իշխանափոխության հող նախապատրաստելու։ Ընդդիմադիրները
լռեցին, որովհետեւ խոսելիք չունեն, եւ ազատ հեռուստաընկերության
առկայությունն ավելի ցցուն էր դարձնելու ծրագրերի ու գաղափարների
բացակայությունը։ Դե հո ամեն օր չի՞ կարելի ասել, թե սահմանադրական
ճանապարհով պիտի գնանք, որ այդ սահմանադրականն իրեն դեռ չի սպառել, կամ հո
ամեն օր չէի՞ն ասելու՝ ամառը կգա՝ կթեժվենք, աշունը կգա՝ կթեժվենք, ձմեռը
կգա՝ կթեժվենք, գարունը կգա՝ կթեժվենք։ Չէ՞ որ ազատ հեռուստաընկերության
հավատարիմ հեռուստադիտողը Պարույր Սեւակի հանգույն հարցնելու էր՝ իսկ ո՞ւր
է տարվա մեր եղանակը, այն հինգերորդը, ինչո՞ւ չի գալիս։
Եվ անհնար է ամեն օր ասել, թե՝ ժողովուրդ, մի քիչ էլ դիմացեք, սրանց
հաշված օրեր են մնացել, կամ՝ ժողովուրդ, մի քիչ էլ համբերեք, գնանք
ամերիկաներ, տեսնենք՝ ի՞նչ են ասում։
Ժողովուրդը լավ հասկանում է, որ ամերիկաները հենց այնպես հեղափոխություն
չեն արտահանում, որ ամերիկաներն աշխատում են տեղական հոսքագծերով ու
տեղական հումքով։ Իսկ մեզ մոտ, ցավոք, հոսքագծերն էլ, հումքն էլ հին են ու
սովետական։ Եվ դրա համար է նախագահ Քոչարյանն ասում, թե հեղափոխություններ
լինում են այն երկրներում, որտեղ իշխանությունը բավականաչափ ուժեղ չէ,
որովհետեւ գիտի, որ իր իշխանությունն էլ այդ հոսքագծերի ու հումքի նման
հին է ու սովետական, եւ ուժեղ է սոսկ այդքանով։
Եվ քանի որ Քոչարյանն ինքն է առաջինը փորձել այս թմրամիջոցը, ուժն ու
զորությունն ինքը գիտի, եւ գիտի, որ կես տարուց հետո սկսվում է
կախվածությունը։ Իսկ կախվածի տանը պարանից չեն խոսում։