Ինչպես են բարեփոխում բարեփոխումները

14/03/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Սպասվում էր, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի երեկվա նիստում առաջին հերթին պետք է քննարկվեր Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող օրինագիծը եւ այն երկուշաբթի օրը տեղի ունենալիք քառօրյայի օրակարգ ընդգրկելու հարցը:

Սակայն երեկ այդ հոդվածներին անդրադարձ չեղավ, որովհետեւ նիստին չէին մասնակցում ո՛չ հանձնաժողովի եւ այդ փոփոխությունները նախաձեռնող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ո՛չ էլ նրա տեղակալ Արտյուշա Շահբազյանը: Հանձնաժողովի անդամ, նիստը վարող Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ նրանք երկուսն էլ գործուղման մեջ են: Դ.Հարությունյանն, ըստ նրա` Հայաստանում կլինի երկուշաբթի օրը, եւ առավոտյան Պետաիրավական հանձնաժողովը կքննարկի ՔՕ հոդվածներն օրակարգ ընդգրկելու հարցը: Իսկ 225-րդ եւ 300-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունների օրինագիծն անպայման պետք է այս քառօրյայում քննարկվի եւ ընդունվի, որովհետեւ մոտ 2 շաբաթ հետո տեղի է ունենալու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվի Հայաստանի հարցը: Իսկ մեր պատվիրակությունն այդ նիստին պետք է կարողանա ԵԽ ԽՎ-ին ներկայացնել, թե կատարել են բանաձեւերի պահանջները:

Հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեցին նաեւ դատաիրավական համակարգի օրենսդրությանը վերաբերող մի քանի փոփոխությունների նախագծեր, որոնցով, ըստ էության, հետողորմյա պետք է արվեն վերջին տարիներին այդ ոլորտում իրականացված մի քանի «բարեփոխումներ»: Առաջին օրինագծով Ռաֆիկ Պետրոսյանը, Արամ Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանը եւ ԱԺ մի քանի այլ պատգամավորներ առաջարկում էին սահմանափակել դատավորների տեղափոխության հնարավորությունը դատարանից դատարան: Գործող օրենսդրության համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահը կարող էր դատավորներին գործուղել այս կամ այն դատարան, այսինքն՝ կազմել արտակարգ դատարան, մինչդեռ դատարանը պետք է անփոխարինելի լինի: Օրենքի այս նորմը 2008թ. դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական եւ առաջարկել է ուժը կորցրած ճանաչել մինչեւ այս տարվա մարտի 1-ը: Բայց քանի որ փետրվարյան քառօրյան լի էր Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագծերով, որոնք հիմնականում կապված էին «Մարտի 1-ի գործով» դատավարությունների համար լուծումներ գտնելու եւ ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջները շուտափույթ կատարելու հետ, այս փոփոխությանը հերթ չի հասել: Իսկ այս փոփոխության նախաձեռնությունը հիմնականում կապված է հայտնի Մատաղիսի գործի հետ, որովհետեւ դատավորների տեղափոխության այդ նորմը հակասահմանադրական ճանաչելու համար ՍԴ էր դիմել այդ գործով մեղադրվող Արայիկ Զալյանը: Պատգամավոր եւ նախկինում Մատաղիսի գործով պաշտպան Զարուհի Փոստանջյանն առաջարկեց օրինագծում սահմանել որեւէ դրույթ, որով հնարավորություն կտրվի անօրինական կազմով նախկինում իրականացված դատավարությունները նորից սկսել: «Վաղը-մյուս օրը կարող է ՀՀ քաղաքացիները դիմեն եվրոպական դատարան ու ասեն, թե իրենց արտակարգ դատարան է դատապարտել, ինչը Սահմանադրությամբ թույլ չի տրվում: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն էլ որոշում կկայացնի, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը եւ ՀՀ-ին տույժի կենթարկի»,- ասում է Զ.Փոստանջյանը: Նույն պատգամավորների առաջարկած մյուս փոփոխությունն, ըստ էության, վերաբերում է Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու ընթացակարգի հեշտացմանը: Մի քանի տարի առաջ իրականացրած նույն դատաիրավական բարեփոխումների արդյունքում բավականին դժվարացվեց, գրեթե անհնարին դարձվեց քաղաքացիների կողմից Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու կարգը: Գործող կարգի համաձայն՝ քաղաքացին պետք է դիմեր հատուկ արտոնագրված փաստաբանի ծառայությանը: Երկրորդ օրինագծով այս բարեփոխումը եւս «հետողորմյա» է արվում, եւ Վճռաբեկ դատարանը մատչելի է դարձվում նաեւ քաղաքացիների համար: Այս փոփոխության պատճառը նույնպես գործող կարգը ՍԴ կողմից հակասահմանադրական ճանաչելու որոշումն է: Իսկ ՍԴ որոշման պատճառն էլ Եվրոպական դատարանի կողմից ՀՀ-ին պատժելու եւ տուգանքի ենթարկելու վտանգն է եղել: «Հասկացան, որ այն տուգանքները, որոնք կկիրառվեն ՀՀ-ի դեմ, հսկայական կլինեն մեր բյուջեի համար: Երեւի թե դա նրանց սթափեցրեց»,- կարծում է Զ.Փոստանջյանը: Ավելացնենք, որ նախորդ տարիներին կատարված այս «բարեփոխումների» վրա ծախսվել են բյուջետային, նաեւ վարկային միլիոնավոր դրամներ: Անցած շաբաթ հարցազրույցներից մեկում Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանն ասել էր, թե այդ բարեփոխումները որքան իրենն են, նույնքան էլ արդարադատության նախկին նախարար Դ. Հարությունյանինն ու ներկա նախարար Գեւորգ Դանիելյանինն են, նաեւ գլխավոր դատախազինը, կառավարությանը ու ԱԺ-ին են: Արդյոք կրկին փոփոխվող բարեփոխումների վրա ծախսված գումարների համար պատասխանատվության կամ մեղքի զգացողություն չունի՞ առանձին նորմեր հեղինակած արդարադատության նախարար Գ.Դանիելյանը, ով երեկ մասնակցում էր հանձնաժողովի նիստին: «Խնդիրն այն չէ, որ եթե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են բոլորը, ուրեմն բոլորն էլ պետք է պատասխանատվություն կրեն համահավասար: Ամբողջ խնդիրն այն է, որ հանձնաժողովային աշխատանքում երբեմն չի երեւում այն մթնոլորտը, որն իսկապես տիրում է այդ աշխատանքների ժամանակ: Պետք է ասեմ, որ նույնիսկ արձանագրվում էր, թե հանձնաժողովի անդամներից որ դրույթին ով է կողմ, ով է դեմ: Շատ հաճախ առաջարկվող նորմերն ընդունում էին ձայների մեծամասնությամբ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մենք հետողորմյա ենք անում, բացարձակապես ոչ: Ընդամենը մենք վերանայում ենք որոշ դրույթներ: Այսօր վերանայվում են ոչ միայն ցանկացած երկրների օրենքները, այլ նույնիսկ միջազգային ակտերը»,- ասաց Գ. Դանիելյանը:

Ավելացնենք, որ հատկապես այս վերջին փոփոխության նախագծի հետ կապված կառավարությունը եւս առաջարկություն է ներկայացրել, որը Գ.Դանիելյանի ասելով՝ հանձնաժողովին կտրամադրվի երկուշաբթի առավոտյան, որպեսզի ընդհանուր մի օրինագծով ներկայացվի քառօրյայի քննարկմանը: