– Պարոն Դանիելյան, արդեն ծանոթ եք ՔՕ 225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխությունների եւ դրանց վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Ձեր կարծիքով՝ այդ փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան այդ հոդվածներով մեղադրվող, «Մարտի 1-ի գործով» կալանավորվածների, այդ թվում` «7-ի գործով» անցնող անձանց վրա: Չե՞ք կիսում այն տեսակետը, որ այդ փոփոխությունների արդյունքում օրենքներն ավելի են խստացվել:
– Իմ անձնական կարծիքն այն է, որ սա բերելու է մեղմացման, քանի որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ կա անհրաժեշտություն հստակեցումներ մտցնելու նաեւ 225-րդ («Զանգվածային անկարգություններ») հոդվածի առաջին մասում: Երկրորդ մասում եւս իրենք տեսնում են խնդիրներ: Այս պահին ես չեմ կարող կռահել, թե ինչպիսի զարգացումներ կընթանան, որովհետեւ հստակեցումները միշտ չէ, որ բերում են մեղմացումների: Բայց այն, որ ընդունենք` զանգվածային անկարգություն կազմակերպողը չի կրելու պատասխանատվություն դրանց ընթացքում կատարված սպանությունների համար, եթե ինքը կոնկրետ որեւէ կերպ հանդես չի եկել որպես հանցակից, արդեն հուշում է այն մասին, որ բոլոր նրանց, ում որ առաջադրվել է մեղադրանք այս հոդվածով, ապա, բնականաբար, մեղադրանքը վերանայելու խնդիր կառաջանա:
– Իսկ օրինագիծն ընդունելուց հետո քաղբանտարկյալներն ազատ կարձակվե՞ն: Չէ՞ որ այս փոփոխությունները նախաձեռնվել են հիմնականում ԵԽ ԽՎ պահանջով: ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի մեջ նշված էր. «Հայաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքներով խիստ սակավաթիվ գործեր են փակվել», «Այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300-րդ եւ 225-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն, բացառությամբ, երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը»: Հատկապես «7-ի գործով» քաղբանտարկյալների դեպքում այդ մեղադրանքների համար հիմնավոր ապացույցներ չկան:
– Ազատ արձակելու խնդիրը չէ, վերջին հաշվով, մեղմացումը չի նշանակում՝ պատժից ազատում: Մեղմացում` նախ նշանակում է՝ այնպիսի մի հոդվածով արարքի վերաորակում, որի համար սանկցիան ավելի մեղմ է լինելու: Երկրորդը` ՀՀ Սահմանադրությունն այդ հարցին միանշանակ է պատասխան տալիս, որ անձի հատկապես քրեական պատասխանատվությունը վերացնող կամ պատասխանատվությունը մեղմացնող հոդվածները հետադարձ ուժ ունեն: Իսկ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ նույնիսկ հետադարձ ուժ կարող են ունենալ անձի վիճակն ընդհանրապես բարելավող իրավական ակտերը, եթե, իհարկե, այդ մասին հատուկ նշում է արվում: Այսինքն` ի տարբերություն մնացած այլ բնագավառների, քրեական օրենսդրությունում եթե մենք ունենք քրեական անձի իրավիճակը բարելավող, պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենք, ապա դրանք հետադարձ ուժ ունեն: Այստեղ միայն մի խնդիր կա` մեղմացումը տարածվում է նրանց վրա, ում նկատմամբ այս պահին դեռեւս քրեական վարույթ է իրականացվում, կամ ովքեր պատիժ են կրում: Եթե մարդն արդեն դատապարտվել է, պատիժը կրել է, նրանց արարքները չեն վերաորակավորվում:
– ԵԽ ԽՎ 1620 բանաձեւից հետո ընդունվեց 1643 բանաձեւը, որտեղ էլ Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ «իշխանությունները չեն օգտվել իրենց հասանելի այնպիսի իրավական միջոցներից, ինչպիսիք են` համաներումը, ներումը կամ մեղադրանքներից հրաժարումը»: Այսինքն՝ ազատ արձակելու խնդիր, այնուամենայնիվ, դրվել է:
– Ազատ արձակելու խնդիր չի դրվել, ինչպես միշտ ներկայացվում է մամուլում: Չի կարելի քրեական հանցագործություն կատարած անձին անվերապահորեն ազատել: Եղել են որոշ վավերապայմաններ, որոնց դեպքում պետք է անձը ազատ արձակվի: Օրինակ, թե ինչպիսին են ապացուցողական հիմքերը` կա միայն մի ոստիկանի կողմից տրված ցուցմունք, թե կա նաեւ լրացուցիչ ապացույց: Անվերապահորեն ազատ արձակելու նման դրույթ չի եղել եւ չէր էլ կարող լինել:
– Ինչպե՞ս եք գնահատում «7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանի այն կեցվածքը, երբ դատական մի նիստի ժամանակ չնստելու համար քաղբանտարկյալների նկատմամբ պատժամիջոց է կիրառում, մյուսի դեպքում` ոչ: Կամ, երբ նույն սանկցիան կիրառում է ոչ բոլորի նկատմամբ:
– Մնացական Մարտիրոսյանին հարցրեք:
Հ.Գ. «7-ի գործի» դատավարությանը վերաբերող մեր մյուս հարցերին Գ.Դանիելյանը հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, թե շտապում է: