Ձախորդ օրերի քրոնիկան

14/03/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, հինգշաբթի օրը կառավարությունը որոշում ընդունեց կատարել 2009թ. բյուջեի վերաբաշխում՝ եռամսյակային կտրվածքով, եւ ժամանակավորապես կասեցնել 2010-2012 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը:

Ըստ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ տնտեսության զարգացման դինամիկան վերջին շրջանում լավատեսական հույսեր չեն ներշնչում: Փաստորեն, կարելի է ասել, տեղի է ունենում «սեկվեստրատիպ» ինչ-որ բան՝ բյուջեի միջոցները խնայելու նպատակով։ Մոտ մեկ ամիս առաջ իշխանություններն ընդհանրապես բացառում էին, որ բյուջեի մուտքերի հավաքագրման հարցում խնդիրներ կարող են լինել, իսկ անցյալ տարվա վերջին ընդհանրապես խորապես արհամարհած ունեին սկիզբ առած գլոբալ ճգնաժամը։ Իսկ մինչ մեր իշխանությունները շարունակում էին իրենց արխաիկ հանգստությունը, դեռ անցած տարվա սեպտեմբերի կեսերից արդեն սկսեցին մռայլ կանխատեսումներ հնչել, որ աշխարհին խորը ճգնաժամ է սպասվում։ 2008-ի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի նախկին ղեկավար Ալան Գրինսպենը հայտարարեց, որ աշխարհում առկա նման ֆինանսական ճգնաժամ պատահում է 100 տարին մեկ անգամ։ Հաջորդ օրը հաղորդագրություններ եղան, որ ճգնաժամը փլուզել է ռուսական բորսաները՝ ֆոնդային ինդեքսները նվազել են 30%-ով։ Նոյեմբերի սկզբին ԱՄՆ Սենատը հավանություն տվեց տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու ծրագրին։ Ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն այսքանն էլ բավական է՝ եզրակացնելու համար, որ ճգնաժամի խորությունը չէր կարելի թերագնահատել։

Իսկ ինչ էր անում այդ օրերին մեր կառավարությունը, որն այսօր խոսում է բյուջեի միջոցները խնայելու մասին։ Մերոնք, ասենք, 1 միլիոն եվրո էին տրամադրում նախագահի ինքնաթիռի վերանորոգման համար ու գրեթե չէին խոսում ճգնաժամի մասին։ Խոսելիս էլ՝ խոսում էին հենց այնպես, ձեռքի հետ։ Ստորեւ ներկայացնում ենք

2008-ի հոկտեմբերից սկսած հնչած ելույթներ, մտքեր ու կանխատեսումներ՝ պետական ու գործարար այրերի կողմից։ Խոսքը վերաբերում է թե՛ ճգնաժամին, թե՛ փոխարժեքին, թե՛ բյուջեին։ Դրանք ներկայացնում ենք ժամանակագրական կարգով, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ունենա գնահատել մտքերի սլացքը, կանխատեսումների ճշմարտացիությունը, տրամադրությունների փոփոխություններն ու մարդկանց կամա թե ակամա մոլորեցնելու վարպետությունը։

16/10/2008

Այն հարցին, թե տնտեսական ճգնաժամի պատճառով ինչ վնասներ կարող է կրել Հայաստանը, վարչապետը պատասխանեց. «Անհանգստանալու կարիք չկա, Հայաստանի ֆինանսական համակարգը բոլոր անհրաժեշտ գործիքներն ունի ցանկացած արտաքին ֆինանսական ռիսկերին դիմակայելու համար: Հայաստանը հզոր գործիքներ ունի, որոնք անգամ վատագույն սցենարի պայմաններում եւ զարգացած երկրների փորձը հաշվի առնելով, օպերատիվ եւ համակարգված միջամտության հնարավորություն կտան Հայաստանի ֆինանսական դաշտում որեւէ ռիսկի առաջացումը թույլ չտալու համար»:

24/10/2008

«2009 թվականի պետական բյուջեի նախագծով հնարավոր կլինի ապահովել հանրապետության տնտեսության զարգացման բարձր տեմպեր, հասարակության բարեկեցության արժանավայել մակարդակ, արտաքին սպառնալիքների նկատմամբ պատշաճ անվտանգություն»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումը սկսելուց առաջ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա համոզմամբ, կառավարությունը նպատակ է դրել 2008-2012 թվականներին ապահովել իրական ՀՆԱ-ի 8-10% տարեկան աճ: «2009 թվականին կշարունակվեն պահպանվել հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված անընդմեջ տնտեսական աճի բարձր տեմպերը, մասնավորապես, համախառն ներքին արդյունքի իրական աճը 2009 թվականին ծրագրվում է տարեկան 9.2%-ի չափով»,- նշեց կառավարության ղեկավարը:

29/10/2008

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի ֆինանսական համակարգի վրա չի ազդել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է: Նա նշեց, որ երկրի կոմերցիոն բանկերը բարձր կապիտալիզացիա ունեն եւ լիկվիդայնության հետ կապված որեւէ խնդիր չունեն… Հայաստանի ԿԲ նախագահը նշեց, որ ֆինանսական ճգնաժամը չի ազդել մասնավոր տրանսֆերտների ու վարկավորման ծավալների վրա:

12/11/2008

«Կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին մեզ դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Այսօր մեր առջեւ խնդիր է` դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքներին»,- Ազգային ժողովում 2009-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասել է, որ կառավարությունն առաջնորդվելու է «գլոբալ մտածողությունից կոնկրետ գործողությունների» կարգախոսով եւ ամեն ինչ անելու է «ծրագրավորված տնտեսական աճը, մակրոտնտեսական աճը եւ ֆինանսատնտեսական հատվածի կայունությունը ապահովելու համար»:

12/11/2008

Ըստ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, եկող տարվա պետական բյուջեի հիմքում դրվել են հետեւյալ կանխատեսումները. ՀՆԱ աճը կլինի 9,2 տոկոս, գնաճը կկազմի 4 տոկոս(՞1.5 տոկոս): Մեկ դոլարը, այդ կանխատեսմամբ, կլինի 302 դրամի սահմաններում: 2008 թվականին ՀՆԱ-ն կկազմի 3,5 տրիլիոն դրամ, իսկ

2009-ին այդ ցուցանիշը կգերազանցի 4,1 տրիլիոն դրամի մակարդակը: Բացի այդ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ գումարը 2009 թվականին, կանխատեսվում է, որ կհասնի տարեկան 4200 դոլարի, ներմուծումը կաճի 20 տոկոսով, իսկ արտահանումը` 10 տոկոսով:

Ուշադրություն դարձրեք հայտարարությունների բնույթին. ԿԲ նախագահն ասում է, որ ամեն ինչ լավ է, ֆինանսների նախարարը՝ նույնպես։ Իսկ այս հայտարարություններն անելու պահին ԿԲ-ն արդեն իսկ սկսել էր լայնածավալ ինտերվենցիաները՝ դրամի փոխարժեքը ֆիքսված մակարդակի վրա պահելու համար։ Պակաս ուշագրավ չէ նաեւ այն, որ ֆինանսների նախարարը խոսում է 9.2%-անոց տնտեսական աճից, 302 դրամ արժեցող դոլարից, իսկ վարչապետը մի քանի օր անց՝ ճգնաժամի երկրորդ ալիքի ազդեցությունից, եւ փորձում գումարներ հայթայթել։ Հետո՝ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, կրկին լավատեսական տրամադրություններն են գերիշխող դառնում։

18/11/2008

Հայաստանը, ըստ Տիգրան Սարգսյանի, կարողացավ դիմակայել ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին, այժմ, սակայն, երկրորդ` տնտեսական ճգնաժամի ալիքն է մտահոգում աշխարհի երկրներին, եւ Հայաստանը եւս դրա ազդեցության մեղմման ուղղությամբ պետք է քայլեր նախապատրաստի: Տիգրան Սարգսյանը ՀԲ ներկայացուցիչներին առաջարկել է բանկի ղեկավարության հետ քննարկել Վաշինգտոնում իր այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտին 250 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու մասին, իրականացնել որքան հնարավոր է շուտ:

16/12/2008

Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ՀՀ Կենտրոնական բանկը դրամի փոխարժեքը պահելու համար ամեն օր հսկայական ծավալի դոլար է նետում շրջանառության մեջ: Լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ երբեմն ԿԲ-ն շուկան կարգավորելու համար ստիպված է լինում շրջանառությունից դուրս հանել դրամը կամ նետել շրջանառության մեջ՝ հավելելով, որ ինքը այդ շուկայում ստեղծված վիճակին չի տիրապետում, սակայն կարծում է, որ, եթե ԿԲ-ն նման քայլի է գնացել, հավանաբար դա է համարել ճիշտ: Նույն խնդրին անդրադառնալով՝ ԿԲ նախկին ղեկավար, ՀՀՇ անդամ Բագրատ Ասատրյանը նշեց. «Ես կարծում եմ, որ սա ուղղակի շեղում է լողացող փոխարժեքի քաղաքականության սկզբունքից, որը հրապարակավ պաշտոնապես ընդունվել է մեր երկրի կողմից: Լողացող փոխարժեքի սկզբունքը ենթադրում է, որ ԿԲ-ն չպետք է միջամտի փոխարժեքի շուկայական տատանումներին, մինչդեռ հիմա զարհուրելի մի բան է տեղի ունենում: Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ԿԲ-ն իր պահուստներից 100 միլիոն դոլար է լցրել շուկա: Չի կարելի նման բան անել»:

Նշենք, որ այն, ինչ այսօր ասում են ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն, օրինակ՝ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի ասածների կրկնությունն է՝ փոքր-ինչ դիվանագիտական լեզվով։ Մինչ ընդդիմադիր դաշտի տնտեսագետները քննադատում էին, պետական պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից «դրական ազդակներ» էին հաղորդում, որոնց «ճշմարտացիությունն» այսօր ակնհայտ է։ Ու ահագնացող ճգնաժամի ֆոնին՝ համառորեն չէին ուզում տեսնել տնտեսության գլխին կախված վտանգները։

19/01/2009

Այն հարցին, թե ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում իրատեսակա՞ն են համարում այս տարվա բյուջեն, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Չկան լուրջ կանխատեսումներ, լուրջ ազդակներ, որպեսզի այսօր խոսենք, որ այդ ցուցանիշներն իրատեսական չեն»:

20/01/2009

Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումներով` 2009 թվականին Հայաստանում համախառն ներքին արդյունքը կաճի 7-8 տոկոսով, իսկ գնաճը կկազմի մոտ 4 տոկոս… ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով, երկարաժամկետ հատվածում երկրի արժութային քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվի, եւ ԿԲ-ն կշարունակի «լողացող» կուրսի քաղաքականությունը… ԿԲ նախագահը քաղաքացիներին հորդորեց խնայողություններն ազգային արժույթով պահել:

29/01/2009

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Գագիկ Մինասյանը մասնագիտական հաշվարկներ է կատարել եւ պնդեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կշարունակվի եւս կես տարի: «Դրանից հետո կամաց-կամաց տնտեսությունը կվերականգնվի: Այդ ժամանակահատվածն այդքան էլ մեծ չի»,- նկատեց պատգամավորը:

05/03/2009

Վարչապետը դեռեւս վաղաժամ համարեց բյուջեի արմատական փոփոխությունների մասին խոսելը: Վերջում նա նշեց, որ դեռեւս վաղ է հստակ կանխատեսումներ կատարել, թե ինչպես են այս տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ոլորտում:

09/03/2009

«Իսկ կիսո՞ւմ եք միջազգային ֆինանսական կազմակերպությունների այն տեսակետը, ըստ որի՝ այս տարին Հայաստանի տնտեսությունը հնարավոր է փակի զրոյական ցուցանիշով» հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կիսում այդ տեսակետը: Այս տարի աճ կունենանք, զրոյական երբեք չենք լինի: Հնարավոր է՝ աշխարհի շատ պետություններ բյուջեն նաեւ մինուսով փակեն, բայց չի նշանակում, որ դա ահավոր մեծ ողբերգություն է»: Նա նաեւ կանխատեսեց, որ այս տարվա վերջին ճգնաժամը կանգ է առնելու, եւ անգամ զարգացում է արձանագրվելու: «Այն տնտեսական բանաձեւերը, որոնք այսօր աշխարհում վերլուծվում են եւ մեզ հասանելի են, ցույց են տալիս, որ ճգնաժամերը շատ երկար չեն տեւելու: Կարծում եմ՝ աշնանը որոշակիորեն կանգ կառնի ճգնաժամը եւ կձեւակերպվի շատ դանդաղ, ոչ արագ առաջընթաց»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Խճճվեցի՞ք։ Եվ դա հասկանալի է, դժվարը չխճճվելն է: Երբ ԿԲ-ն սեփական քաղաքացիներին խորհուրդ է տալիս դրամով խնայողություններ պահել, լավ իմանալով, թե ինչ է լինելու դրամի հետ։ Կամ՝ երբ խոսում են 9%-անոց տնտեսական աճից, եւ «որքան հնարավոր է շուտ» փող խնդրում։ Երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետները կանխատեսում են, որ ճգնաժամը կհաղթահարվի լավագույն դեպքում 2-3 տարում, իսկ Գագիկ Մինասյանի մասնագիտական հաշվարկներով եւ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ կես տարում։ Տա Աստված` նրանց կանխատեսումներն իրականանան. համ ճգնաժամից շուտ դուրս կգանք, համ էլ աշխարհին կապացուցենք, որ մեր խորհրդարանականները տնտեսությունից ավելի լավ են հասկանում, քան Նոբելյան մրցանակի դափնեկիրները։