Խորհուրդ «խորին»

14/03/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Փնտրել եւ հատկապես գտնել տրամաբանություն, թե ինչ իմաստ ունի Հանրային խորհրդի ստեղծումը, իրո՛ք անհնար է: Այդ մասին մամուլում արդեն բազմիցս գրվել է, եւ ակնհայտ էր, որ հասարակության արձագանքն այնքան էլ բարեհաճ չէ իր տրամադրությունները կամ խնդիրները նման խորհրդի խողովակով երկրի նախագահին հասցնելու գաղափարը: Սակայն հասարակության կարծիքն, ինչպես միշտ, չկարեւորվեց նաեւ այս դեպքում:

Առհասարակ, հասարակական տրամադրությունների, հասարակությանը անհանգստացնող խնդիրների մասին անաչառ տեղեկատվություն տալիս են թե՛ սեփական աչքերն ու սեփական դիտարկումները եւ թե՛ հատկապես տպագիր մամուլը` գուցե թե գաղափարական ինչ-ինչ պրիզմայով, սակայն ամբողջական պատկեր կազմել, միեւնույն է` հնարավոր է: Ավելին, երկրում տիրող իրավիճակը պարզ տեսանելի է անգամ նախագահին սպասարկող մեքենայի երթի ընթացքում:

Մեր թերթի յուրաքանչյուր համարում լրագրող Լուսինե Ստեփանյանը ներկայացնում է մեր հասարակության այն անդամներին, ովքեր պետությունից, հասարակությունից անդառնալիորեն մերժված են, եւ ում նախագահը կամ Հանրային խորհրդի անդամներից եթե ոչ բոլորը, գոնե շատերը հանդիպելու ոչ առիթ եւ ոչ էլ ցանկություն դժվար ունենան: Ի՞նչն է խանգարում նրանց հասարակության լքված շերտերի մասին տեղեկատվությունը ստանալ նաեւ մամուլից եւ արձագանքել: Խանգարում է ցանկությունը: Եվ իրականությունը չտեսնելու, իրականությունից խուսափելու համար է հենց Հանրային խորհուրդը, որն, իբր, կոչված է ապահովելու հասարակության եւ իշխանության ուղղակի կապը:

Գուցե Հանրային խորհուրդը հասարակական հնչեղության ավելի՞ կարեւոր խնդիրներ է բարձրացնելու, քան կոնկրետ մարդկանց կոնկրետ ճակատագրերը: Դժվար թե. խորհրդի կազմում մարդիկ են, ովքեր ունեին եւ ունեն քիչ թե շատ լծակներ, ունեն սուր աչք եւ պիտի որ նկատեն ամեն բան, սակայն նրանցից ոչ մեկը սոլո հանդես չի եկել` հրապարակայնորեն ներկայացնելով իշխանությունների եւ ժողովրդի միջեւ առաջացած անջրպետի իրական պատճառները: Գուցե սպասում էին հավաքական մի մարմնի ստեղծմանը, որ յուրաքանչյուրի ձայնը խառնվի ընդհանուրի ձայնին ու այդպես էլ չհասկացվի՞, թե ինչո՞ւ մինչեւ հիմա, ասենք, խորհրդի անդամներն առանձին-առանձին հանդես չեն եկել, օրինակ, համաներման նախաձեռնությամբ, իսկ հիմա հանկարծ կարող են դա անել խմբով: Ի դեպ, ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որպես Հանրային խորհրդի ստեղծման անհրաժեշտություն, նշեց հենց այս հանգամանքը: Իբր` նման խորհուրդը կարող է ՀՀ նախագահին առաջարկել, զորօրինակ, համաներում հայտարարել: Այսինքն` երկրի նախագահին, մեկ տարի է` գրեթե ողջ հասարակությունը՝ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ հասարակության մեջ քիչ թե շատ հեղինակություն վայելող մարդիկ, թե՛ անգամ պետական չինովնիկներն ու նույնիսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տարբեր առիթներով եւ տարբեր հիմնավորումներով հորդորում են համաներում հայտարարել` նշելով, թե դա կնպաստի երկրում քաղաքական ճգնաժամի գոնե մասնակի մեղմացմանը, ի վերջո, վերջ կտրվի Հայաստանի դատաիրավական համակարգի ֆարսի այս ամենօրյա ցուցադրությանը, որպիսին է «Յոթի գործը»: Իսկ, ահա, Հանրային խորհրդի անդամները կարծում են, թե իրենց շուրթերից հնչեցնելով համաներման գաղափարը, հնարավոր է եւ՝ փափկեցնեն նրա սիրտը: Եվ նա, մեկ տարի ուշացումով, երբ արդեն գրեթե բոլոր ձերբակալվածներն առողջական լրջագույն խնդիրներ են ձեռք բերել, երբ հասարակական անվստահության մակարդակը հասել է անթույլատրելի մի սահմանի, համաներում կհայտարարի՞: Մարտի մեկի գործով դատավարություններին հետեւող յուրաքանչյուրը, ով տեսնում է օր օրի մեկուսարաններում իրենց առողջությունը կորցնող այդ մարդկանց, պիտի որ արձագանքեր` կանխել դատավարությունների նման ընթացքը: Թեեւ, անգամ, եթե համաներում հայտարարվի, այն դժվար թե վերագրվի Հանրային խորհրդի հեղինակությանը: Մարտի մեկի ընդդիմության հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ՀՀԿ փոխնախագահն էլ հայտարարել էր, թե չի բացառվում համաներումը` հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի ելույթի տոնը: Սակայն այն, ենթադրում ենք, պայմանավորված կլինի Վալենսիայում մարտի 31-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբի հերթական զեկույցից առաջ Հայաստանի խարխուլ հեղինակությունը փրկելու ցանկությամբ:

Այսպիսով, հասարակության խնդիրների մասին պատկերացում կազմելու համար խմբել մի քանի լուրջ, մի քանի անլուրջ դեմքերի եւ տպավորություն ստեղծել, թե նրանց միջոցով պիտի բարբառի ճշմարտությունը, ամենեւին համոզիչ չէ: Հատկապես ինֆորմացիայի մատչելիության այս դարում, երբ անգամ յուրաքանչյուր խոհարարուհի կարող է ճաշը պատրաստելու ընթացքում տեղեկանալ բոլոր հնարավոր եւ անհնար իրադարձությունների մանրամասներին: Հանրային խորհրդում ընդգրկված մարդկանց հիմնական մասը լծակներ ունեցող, խելացի մարդիկ են, ովքեր առանց ինչ-ինչ հասարակական պարտավորություններ ստանձնելու անհրաժեշտության էլ կարող են տեղ հասցնել այն խնդիրները, որոնք կան թե՛ ոլորտում, թե՛ հասարակական տրամադրություններում:

Մի խոսքով, եթե Հանրային խորհրդի անդամներն, իրոք, ստանձնեին հասարակության եւ իշխանությունների միջեւ իրական կապն ապահովողի ֆունկցիա, որպես հասարակության կարծիքը կարեւորող մարդի` պիտի որ ընդդիմանային նման Խորհրդի ստեղծմանը կամ իրենց մասնակցությանն այդ Խորհրդում: Իսկ եթե նրանց համար նախապատվելին եղել է երկրի նախագահի առաջարկը, որից հրաժարվելու քաջություն կամ ցանկություն չեն ունեցել, ուրեմն նրանք ապահովում են ոչ թե հասարակության եւ իշխանությունների, այլ իրենց անձի եւ երկրի նախագահի կապը: Իսկ սրանք, ինչպես Օդեսայում են ասում, երկու մեծ տարբերություններն են: