«Պստլիկ» է, բայց ճստիկ է

14/03/2009

Մեքսիկայի գլխավոր դատախազ Էդուարդո Մեդինա Մորան «Ֆորբս» հանդեսից պահանջել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակից հանել մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին, որն ավելի հայտնի է «Պստլիկ» մականվամբ: «Մենք զարմանքով իմացանք, որ ամերիկյան «Ֆորբս» հանդեսը 2008թ. արդյունքներով մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակ է մտցրել առանձնապես վտանգավոր հանցագործ Խոակին Գուսմանին, որին միջազգային հետախուզում է հայտարարված»,- հայտարարել է նա: «Ափսոսանքի է արժանի, որ այդքան հարգելի հրատարակությունը փորձում է ազնիվ գործարարներին հավասարեցնել հանցավոր աշխարհի հետ»,- ասել է Մորան: Իր հերթին, Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը` մեկնաբանելով «Ֆորբսի» հրապարակումը, ասել է. «Ասես թմրամաֆիայի դեմ պայքարում իշխանությունների գործողությունների վարկաբեկման եւ հանցագործների գովաբանման արշավ է ծավալվել Մեքսիկայի դեմ»: Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանը, որի կարողությունն, ըստ հանդեսի տվյալների, գնահատվում է 1 միլիարդ դոլար, «Պստլիկ» մականունը ստացել է հասակի համար, որը չի անցնում 1,55 մետրից: 2001թ. նրան հաջողվել է փախչել Մեքսիկայի խիստ ռեժիմի բանտից, որտեղ նա երկար ժամկետով բանտարկության պատիժ էր կրում: Չնայած Մեքսիկայի իրավապահ մարմինների գործադրած բոլոր ջանքերին, մինչ օրս այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել նրան: Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ 51-ամյա հանցագործը թաքնվում է Մեքսիկայում՝ ամեն օր փոխելով գտնվելու վայրը: Իր մասշտաբով եւ ազդեցությամբ նա համեմատելի է կոլումբիացի հայտնի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի հետ, որին 1993թ. սպանեցին ամերիկյան հատուկ ծառայությունները: Ըստ փորձագետների գնահատականների, անցյալ տարի ԱՄՆ-ում Լատինական Ամերիկայի երկրներից թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կազմել է 38 միլիարդ դոլար: Դրանից 14 միլիարդ դոլարը բաժին է ընկնում Մեքսիկային: Անցյալ տարի Մեքսիկայում կազմակերպված հանցավորության եւ թմրամաֆիայի ձեռքով սպանվել է 5 հազար 630 մարդ, այս տարվա սկզբից ի վեր՝ ավելի քան հազար մարդ: