Նամակներ է գրել

14/03/2009

Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Ապօրինի ծառահատումների վերաբերյալ մամուլում հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները 11.03.2009-ին այցելել են ՀՀ Լոռու մարզ: Մարզի Ահնիձորի` Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցի հարեւանությամբ գտնվող անգարատիպ տարածքում, որը բնակիչների եւ երեխաների հավաստմամբ` դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն է, խումբն արձանագրել է, որ այն սղոցարան է, որտեղ տեղադրված են փայտ կտրող հաստոցներ: Խումբն այցելել է նաեւ Ահնիձոր համայնքի Ղլորկուտ, Տանձուտ եւ Աթանիղաշ հանդամասեր կոչվող տարածքներ, որտեղ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ հատված են մի քանի տասնյակ ծառեր, որոնց կոճղերի վրա համապատասխան համարակալումներ չեն եղել: Նշված տարածքներում կատարվել են ֆոտո նկարահանումներ, որոնք տեղադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք էջում: Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով, առաջարկում եմ վերոգրյալի կապակցությամբ հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ եւ արդյունքների մասին տեղեկացնել ինձ»: Ա. Հարությունյանը գրեթե նույնաբովանդակ նամակներ է հղել նաեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ կրթության ու գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանին: ՄԻՊ-ը Ա. Սարգսյանին եւս առաջարկել է «վերոգրյալի կապակցությամբ հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ եւ արդյունքների մասին տեղեկացնել ինձ»: Իսկ Ս. Սեյրանյանին ուղղված նամակում ՄԻ պաշտպանը գրել է. «Խումբը նշվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, ժամը 14։00-ից մինչեւ 15։00-ն ընկած ժամանակահատվածում, ցանկացել է հանդիպել դպրոցի տնօրինությանը, սակայն դպրոցի դուռը փակ է եղել, եւ այն բազմիցս թակելուց հետո որեւէ մեկի կողմից չի բացվել` մինչդեռ դպրոցի վառարանի ծխնելույզից արտանետված ծուխը թույլ է տվել ենթադրելու, որ այնտեղ մարդ է եղել: Խնդրում եմ հայտնել` արդյո՞ք վերոնշյալ տարածքը հանդիսանում է դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճ, եթե այո, ապա առաջարկում եմ վերացնել թույլ տրված խախտումները եւ արդյունքների մասին տեղեկացնել ինձ»: