Ազգային նոր գիտատեխնոլոգիական ակադեմիա` Հայաստանում

14/03/2009 Անի ՀԱՐՈՅԱՆ

Երեկ Հայաստանի Գիտատեխնոլոգիական Ազգային Ակադեմիան հանրությանը, մասնավորապես՝ գիտնականներին, ներկայացրեց իր անդրանիկ «Գիտատեխնոլոգիական Ազգային Ակադեմիայի տեղեկագիր» պարբերականը: Այն, ինչպես վստահեցրեց պարբերականի գլխավոր խմբագիր Արեգ Սիմոնյանը, լույս կտեսնի տարին 4 անգամ: «Հայ իրականության մեջ դեռեւս գոյություն չունի տեխնոլոգիաներին վերաբերող նմանատիպ լրագիր, եւ սա առաջին փորձն է Հայաստանում, որ մասնավոր կազմակերպությունը ստեղծում է նման պարբերական: ԳՏԱԱ-ն որոշեց հիմնադրել այնպիսի մի լրագիր, որտեղ կտպագրվեն տեխնոլոգիաներին վերաբերող հետաքրքիր մտքեր, մտահղացումներ եւ նոր գյուտեր: Այդ տպագրված աշխատանքները հետո արդեն առաջարկներ են դառնալու, ինչպես բիզնեսի սեկցիայում, այնպես էլ հանրապետական մասշտաբով: Պարբերականի հիմնական նպատակն է՝ զարգացնել գիտնականների եւ արտադրողների միջեւ գոյություն ունեցող հաստատուն կապը»,- ասաց խմբագիրը: Լրագիրը բաժանվելու է գիտնականներին, գիտական բոլոր հիմնարկներին եւ գրադարաններին, առաջին համարում զետեղված են հանրաճանաչ գիտնականների աշխատություններ: Լրագրի լույս ընծայումից բացի, ԳՏԱԱ-ի փոխնախագահներն ամփոփեցին նաեւ Ակադեմիայի հիմնադրման երկու տարիները:

«Ակադեմիայի կարեւորագույն ձեռքբերումներից է շենքի կառուցումը եւ արդեն ամսագրի գոյությունը, իսկ գիտական ձեռքբերումների համար պատրաստված են մի շարք փաթեթներ, որոնք պետք է ներկայացվեն կառավարություն եւ ԱԺ: Իսկ մասնավոր սեկտորում բազմաթիվ համագործակցություններ են արձանագրվել: Ակադեմիայի հիմնական նպատակն է՝ կապ ստեղծել գիտության, նոր տեխնոլոգիաների եւ արտադրողի միջեւ»,- ասաց ԳՏԱԱ փոխնախագահ Վլադիմիր Քոչինյանը: 2007թ. մարտ ամսին հիմնադրված ակադեմիան արդեն ունի հարմարավետ շենք, որտեղ գործում են ավելի քան 9 սեկցիաներ` իրավագիտություն, տնտեսագիտություն եւ բիզնես, շրջակա միջավայր, էկոլոգիա, ֆիզիկա-տեխնիկական գիտություններ, կրթություն, մշակույթ, ճարտարապետություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, էներգետիկա եւ այլն: Սեկցիաները, ԳՏԱԱ փոխնախագահ Վլադիմիր Քոչինյանի հավաստմամբ, հետագայում դառնալու են ինստիտուտներ, քանի որ «հայերը գյուտարար ազգ են, եւ գիտության ոլորտում դեռ շատ աշխատանքներ կան անելու»: Սեկցիաները գործում են 14 օրվա պարբերականությամբ, նաեւ հաճախ կազմակերպվում են գիտական ժողովներ, քննարկումներ եւ հրապարակվում են գիտական աշխատանքներ: Հիշեցնենք, որ ԳՏԱԱ-ն գործում է ԳԱԱ-ից անկախ, որի հիմնադիրներն են մի քանի գիտանականներ, ովքեր անհրաժեշտ են համարել նման կառույցի գոյությունը: