Ինչպիսի՞ արվեստն է բնորոշում կին ստեղծագործողին: Արդյոք կա՞ նկարչական մի ձեռագիր, որով կարող է աշխատել միայն կին-նկարիչն ու միանգամից հասկանալի դարձնել, որ հեղինակը պատկանում է մարդկության «գեղեցիկ» կեսին։ Տրամաբանությամբ հարցի նման ձեւակերպումը ընդունել չի կարելի, քանի որ դա նույնն է, ինչ հարցնենք՝ արդյոք կա՞ միայն շիկահերներին կամ սեւահերներին բնորոշ արվեստ։ Կամ էլ ասել, որ գեր մարդկանց արվեստը տարբերվում է սլացիկ կազմվածք ունեցող մարդկանց ստեղծած արվեստից։
Երբ արվեստին խառնվում են գենդերային հարցադրումները, միշտ շատ հետաքրքիր պատկեր է ստեղծվում ու մտորումների առիթներ է տալիս։ Իսկ այդ հարցերն անպայման առաջ են գալիս, երբ նկարիչներին (դերասաններին, երաժիշտներին, պոետներին) սկսում են գնահատել սեռական տեսանկյունից։
Մարտի առաջին օրերն, ըստ ձեւավորված ավանդույթի՝ «կանանց» ցուցահանդեսների ժամանակաշրջան է։ Մանավանդ, որ փառահեղ շարժառիթ կա՝ Կանանց միջազգային տոնը՝ Մարտի 8-ը։
Նկարիչների տանը մարտի 9-ին բացված կին-ստեղծագործողների (կարծես մյուս ցուցահանդեսներում նշվում է, որ նկարիչները տղամարդիկ են) ցուցահանդեսը կազմակերպել էին Նկարիչների միությունն ու Հանրապետական կուսակցությունը։ Շատ հանդիսավոր բացում եղավ, ներկա էին պաշտոնական անձինք, հանրությանը հայտնի կանայք ու ջերմ, տոնական ճառերը։ Կանանց նվիրվեց իրենց իսկ արվեստը՝ արդեն միջոցառման տեսքով։ Եվ եթե կանայք պիտի փորձեին այդ ցուցահանդեսի միջոցով իրենք իրենց հասկանալ, իրենք իրենց գնահատել ու իրենք իրենցով հպարտանալ, ապա հասկացան մի պարզ բան. միջոցառումը ճոխ էր, իսկ արվեստը, մեղմ ասած, տարօրինակ։
Դա սոսկ անձնագրերում նշված «կին» բառի պարտադիր առկայությամբ հավաքված մի կույտ էր, որտեղ կային վատ, լավ, սարսափելի վատ, միջակ, հետաքրքիր, սկսնակ, պրոֆեսիոնալ աշխատանքներ։ Կար ամեն ինչ, միաժամանակ՝ ոչինչ չկար։
Ցուցադրված էին թերեւս բոլոր պատկերավոր ժանրերի գործերը՝ կերամիկա, յուղաներկ, գոբելեն, բատիկա, գծագրություն, ջրաներկ, նույնիսկ՝ քանդակ, բայց այդ աշխատանքները միավորված չէին ո՛չ օրիգինալությամբ, ո՛չ ընդհանուր որակով, ո՛չ էլ մեկ թեմայով։ Ցուցահանդեսը ոչ թե հեղինակների ցուցադրություն էր, այլ՝ ճակատագրի բերումով կին ծնված մարդկանց։ Եվ բնավ էլ կարեւոր չէր, թե ինչի՞ մասին են նրանք խոսում, ցավում, մտածում, բողոքում, կարեւորը, որ նրանք կին էին։ Եվ ոչ ավելին։
Փաստ է, որ արվեստում սեռը նշանակություն չունի, կարեւորը տաղանդն է։ Իսկ երբ թեմատիկ ցուցադրություններ են լինում (իսկ կինը նույնպես թեմա է), ապա կարելի է սպասել, որ թեման պետք է օրիգինալ ու արդիական ներկայանա, եւ նկարիչները պետք է ներկայացնեն կանանց (իրենց) մտքերը, բողոքները, հույզերն ու երազները։ Այսինքն՝ այն փորձն ու ցավը, որը միայն իրենք ունեն, որը տղամարդուն պարզապես հասու չէ զգալ ու վերապրել։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել արվեստում «կանանց» հայացքի առանձնահատկության մասին։ Եվ երբ ցուցահանդեսին ներկայացված է լինում 124 նկարչուհի, ուրեմն մենք պետք է 124 հայացք տեսնենք։ Բնավ էլ չուզելով վիրավորել նկարչուհիներին, այսուամենայնիվ՝ պետք է նկատենք, որ ժամանակակից հայ կինը (այնպես, ինչպես ցուցադրված էր այս հավաքածուում), ինքն իրեն ոչ միայն որպես անհատ չի տեսնում, այլ նաեւ՝ ընդհանրապես կարծես ասելու բան չունի։
Ըստ կազմակերպիչների՝ տոնական այս ցուցահանդեսը պետք է հիշեցնի, որ կինը (մանավանդ՝ հայ կինը) այս կյանքում առաքելություն ունի, այն է՝ լինել նրբագեղ, կանացի, ջերմ, մայրական զգացմունքներով պարուրված մի էակ։ Այսինքն՝ անդեմ ու անհոգի, քանի որ նրան չպիտի հուզի արդիական ոչ մի խնդիր, բացի իր տնից, պատուհանի գոգին դրված ծաղկամանից, պատուհանին կախված վարագույրի նախշից, սեղանին փռված սփռոցի գույնից… Ճիշտ այնպիսին, ինչպիսին նրան ուզում է տեսնել պատրիարխալ տղամարդը։ Ըստ տղամարդու՝ կինը զարթոնք, առավոտ, ջերմություն, մայրություն, քնքշություն է։ Շարունակենք այս շարքը՝ մրգեր, արեւ, բնապատկերներ, ծաղիկներ, եկեղեցիներ, զվարթ գույներ, ազգագրական մոտիվներ, նախշեր…
Ի՞նչ են ուզում այս կյանքից ստանալ, ի՞նչ են ուզում փոփոխել կամ սրել իրենց արվեստով կանայք: Պարզվում է, որ ոչինչ էլ չեն ուզում, նրանք գոհ են ու գովազդային են։ Իհարկե, այս ցուցահանդեսին ցուցադրված էին նաեւ համարձակ, նույնիսկ՝ էպատաժային աշխատանքներ, բայց ընդհանուր տպավորությունը շատ տխուր էր, քանի որ բոլոր ճիգերը ձուլվում էին գորշ (եթե շատ ու անպատեհ է գույնը, արդեն գորշ է) ֆոնի մեջ։ Ոչ թե ցավոտ հարցադրում, ոչ թե ըմբոստ կոմպոզիցիա կամ պորտրետ, ոչ թե ցավ, ոչ թե սեփական մաշկի վրա զգացած մտահոգություն, այլ՝ սոսկ գեղեցիկ ու անդեմ լինելու ցանկություն։
Շատ տարօրինակ ու ուշագրավ մոտեցում է, եթե հաշվի առնենք, որ բոլոր նկարչուհիներն ընտրվել էին կանանցից կազմված հանձնաժողովի կողմից։ Կարծես իրենց ասվել է՝ դուք ընտրեք, դուք ցուցադրվեք, դուք էլ ինքներդ ձեզ համար պատասխան տվեք։
Եթե ազնվորեն նշվեր, որ սա փորձ է Վերնիսաժում ներկայացված աշխատանքները սրահ բերել, դեռ ոչինչ, բայց ասվում է, որ սա 21-րդ դարում ապրող, բարդ կենցաղ ու մտքի վերելք ունեցող կանանց այսօրվա դիմանկար-ցուցահանդեսն է։ Եվ պարզվում է, որ այդ դիմանկարը նման է ճահճի, որտեղ երբեմն, իհարկե, կարող են ինքնաբավ ու հպարտ ծաղիկներ աճել, բայց իրենք էլ գիտեն, որ կորելու են միանման ու միջակ միջավայրում։ Մտածող ու վառ կնոջ կերպարն այսօր փոխարինված է ձեռագործ, աշխատասեր ու համբերատար կնոջ կերպարով, որի արվեստի մեջ կյանքը չի ներխուժում, չի վերաիմաստավորում, այլ՝ պարզապես կողքով անցնում է։ Եվ կինն էլ դրանից չի բողոքում։ Վերացական գարունն ու վերացական հայուհին կարծես ոչ մի կապ չունեն այս գարնան ու այս տարին դիմավորած հայաստանցի կնոջ հետ։ Եվ այսպես կամաց-կամաց սահում ենք ներքեւ, կորցնում ենք եւ՛ մեր իրական դիմագծերը, եւ՛ արվեստի նշանակությունը։