Փոխհատուցելու են էլիտարով

14/03/2009

Վանաձորի նախկին «Ֆոտոէտյուդի» շենքի բնակիչները փոխհատուցում կստանան նույն տեղում էլիտար շենք կառուցող ընկերության կողմից: Այդ մասին «Արմենպրեսին» ասել են Վանաձորի քաղաքապետարանում: Վանաձորի կենտրոնական մասում գտնվող այս շենքը տուժել էր 1988թ. երկրաշարժից, ապա` քանդվել: Ըստ նախնական պայմանավորվածության` բնակիչները պետք է բնակարան ունենային նույն տեղում կառուցվող էլիտար շենքում, որի շինարարությունն իրականացնող «Վիմբերգ» ընկերության հետ 2007թ. կնքված պայմանագրի համաձայն՝ 3 տարուց ավելի բնակարան չստանալու դեպքում բնակիչներին պետք է հատկացվեր բնակարանի շուկայական արժեքին համապատասխան փոխհատուցում: Տարբեր պատճառներով շինարարությունը մինչեւ հիմա չի իրականացվել, այդ պատճառով էլ ընկերությունը ԲԳՎ-ների արժեքին կավելացնի եւս 100 հազար դոլարին համարժեք դրամ, որը համամասնորեն կբաշխվի ընտանիքներին: ԲԳՎ-ով բնակարանի համար հատկացված գումարին կավելանա 1 սենյականոց բնակարանի համար՝ 4500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2 սենյականոցի համար` 7500, իսկ 3 սենյականոցի դեպքում` 11 հազար 500: