Եղբայր են նրանք

14/03/2009

Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Միդհադ Մելենը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան երբեք չի կարող անտեսել Ադրբեջանի շահերը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը կարող է բացվել միայն կառավարության նախաձեռնությամբ, եւ արդյո՞ք այդ հարցը չի բարձրացվի խորհրդարանի օրակարգում, նա նշել է, որ ինքը «չի կարծում, որ կառավարությունը ժողովրդից եւ խորհրդարանից գաղտնի քայլեր կնախաձեռնի»:

«Այդ մասին ընդհանրապես խոսք չի գնում: Վաշինգտոնում ժողովներից մեկի ընթացքում մեր ադրբեջանցի եղբայրներից մեկը նշել է, որ եթե Թուրքիան բացի սահմանները Հայաստանի հետ, ապա նա կկոտրի Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան բոլոր ապակիները: Այդ բողոքը նրա իրավունքն է: Սակայն թող բոլորը համոզված լինեն, որ օրակարգում նման հարց չկա,- նշել է թուրք պատգամավորը` հավելելով,- Թուրքիան երբեք չի կարող զոհաբերել ադրբեջանցի եղբայրների շահերը, ինչը եւ չի արել ողջ պատմության ընթացքում: Ապա ինչո՞ւ են այդ դեպքում մեզ եղբայրներ կոչում: Թող նրանք համոզված լինեն, որ եթե խոսքն այդ մասին գնա, ապա խորհրդարանն անպայման կմիջամտի դրան»: